ՙԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԱՅՐԱՀԱՉՈՑՆԵՐԻՑ ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՁԱՆՁՐԱՑԵԼ ՈՒ ԱԿԱՆՋԱԿԱԼՆԵՐԸ ՎԱՅՐ ԵՆ ՆԵՏԵԼ
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՎԱՅՐԱՀԱՉՈՑՆԵՐԻՑ ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՁԱՆՁՐԱՑԵԼ ՈՒ ԱԿԱՆՋԱԿԱԼՆԵՐԸ ՎԱՅՐ ԵՆ ՆԵՏԵԼ
Հունիսի 16-18-ը ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանն ու Թեւան Պողոսյանը Բաքվում մասնակցում էին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Rose-Roth սեմինարին, ինչը պարզապես հիստերիա էր առաջացրել ադրբեջանական պաշտոնյաներից սկսած` մինչեւ հասարակ քաղաքացիները: Եռօրյա սեմինարի եւ, մեղմ ասած, ադրբեջանական ոչ ադեկվատ վարքագծի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ Պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ:
-Թե ինչ վարքագիծ դրսեւորեցին ադրբեջանցիները, անգամ իրենց լրատվական կայքերը չթաքցրին դա, հետաքրքիր է` ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների ներկայացուցիչների կողմից ինչպիսի՞ արձագանք եղավ ի պատասխան նման պահվածքի:
- Սկզբնական շրջանում, երբ քննարկվում էր երկկողմ հարաբերությունների խնդիրը եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, բնական է, ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի պատվիրակները պետք է ներկայացնեին իրենց դիրքորոշումները: Ադրբեջանցիները հարձակողական մարտավարություն էին ընտրել, եւ առաջին իսկ պահից իրենց արտաքին գործերի նախարարի երկու տեղակալները` Մամադուլիեւը եւ Ազիմովը, Հայաստանը ներկայացրին որպես ագրեսոր եւ իրենց տարածքները` որպես օկուպացված տարածքներ: Բայց մեր արձագանքից հետո այլ երկրի պատվիրակները հասկացան, որ իրականում իրենք մի այնպիսի միջավայրում են գտնվում, որ իրենց մասնակցությունը կամ միջամտությունը կարող է լինել ոչ տեղին, եւ դա հիմնականում պայմանավորված էր Ադրբեջանի գործադիր իշխանության ներկայացուցիչների ոչ պարկեշտ պահվածքով: Իսկ հետագայում, երբ օրակարգային տարբեր հարցերով ադրբեջանական կողմը անընդհատ փորձում էր նորից խոսել օկուպացված տարածքների մասին, իրենք ուղղակի ձանձրացան այդ պահվածքից ու անգամ ականջակալներն էին վայր նետում` նայելով մեր ուղղությամբ ու ցույց տալով, որ հոգնել են ադրբեջանական կողմի վարքագծից: Առանձնազրույցների ժամանակ էլ, մեզ նաեւ ոգեւորելու որոշակի դրսեւորումներ եղան, դա արվում էր ե՛ւ անթաքույց, ե՛ւ նաեւ ուղղակի խոսքեր հղելով` Հայաստանի պատվիրակներին: Նկատելի էր, որ նրանք հստակ հասկացան մեր պահվածքը եւ ողջունեցին մեր դիրքորոշումը: Թեպետ պրովոկացիան ադրբեջանական պատվիրակների կողմից ուղեկցվում էր այդ երեք օրերի ընթացքում տարբեր հարցերի շուրջ` լիներ դա Ղրիմի ճգնաժամի հետ կապված խնդիրը, Վրաստանի եվրաատլանտյան ուղիների թեման կամ թեկուզ Աֆղաստանը 2014 թվականից հետո, Իրան եւ տարածաշրջանային անվտանգություն թեմաներով քննարկումները: Բոլոր թեմաներով` հայտի անեկդոտի նման, իրենք մեկ բառ կամ մեկ նախադասություն կապում էին եւ անմիջապես անցում կատարում` ասելով, որ Հայաստանը գրավել է իրենց տարածքները:
- Իսկ հայաստանյան պատվիրակությունը...
- Նորից մենք վերադառնում էինք նույն մեկնակետին` ստիպված լինելով եւս մեկ անգամ պատշաճ արձագանքել եւ օրակարգային հարցերի շուրջ նաեւ հստակ ներկայացնել մեր դիրքորոշումները, որովհետեւ մենք այնտեղ չէինք գնացել միայն քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կամ երկկողմ հարաբերությունների հարցը: Օրակարգային բոլոր հարցերով Հայաստանի պատվիրակությունը ե՛ւ պատրաստվել էր, ե՛ւ նաեւ այնտեղ հնարավորություն ունեցավ ներկայացնելու:
- Պարոն Նահապետյան, մամուլում տեղեկատվություն կար, թե Դուք սեմինարի ընթացքում նշել եք, որ Հայաստանը չի ուզում պատերազմ եւ անգամ ասել, որ մենք ի վիճակի էլ չենք պատերազմելու:
- Ուղղակի, ավելորդ եմ համարում այդ անհեթեթությունը մեկնաբանել: Ինչպե՞ս եք պատկերացնում, որ Հայաստանի պատգամավորը կամ պատվիրակության ղեկավարը նման արտահայտություն կարող է թույլ տալ:
Սա ադրբեջանական մամուլի հերթական հերյուրանքն է, եւ իրենք ակնհայտորեն այդ տեղեկատվական պատերազմը շարունակելու քաղաքականությունը պահպանելու են:
- Ի վերջո, ադրբեջանցի պաշտոնյաների հետ որեւէ առողջ քննարկում ծավալվե՞ց:
- Խորհրդարանականների հետ շփումներում մենք նկատեցինք, որ ուղղակի պատրաստակամություն չունեն` առողջ միջավայր ձեւավորելու եւ քննարկումներ իրականացնելու: Մենք ասում էինք, որ ցանկացած հարց կարող ենք ընտրել ու քննարկել, բայց դուք պետք է ողջամիտ լինեք այդ քննարկման համար: Եթե առաջին իսկ պահից դուք ասում եք մեզ տեռորիստներ, ավելացնում, որ թշնամանք ենք փորձում տարածել մեր միջեւ, ապա այդ պարագայում, էլ ի±նչ երկխոսության մասին կարող է խոսք լինել:
- Նաեւ այդ օրերին Բաքվում էր գտնվում ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը: Դա որեւէ կապ ունե՞ր ՆԱՏՕ-ի շրջանակներում իրականացվող սեմինարի հետ:
- Մենք տեսանք, որ այդ նույն հյուրանոցում, որտեղ անցկացվում էր միջոցառումը, նաեւ ընդունեցին Ս. Լավրովին: Բայց, չեմ կարծում, որ դա կապված էր այս միջոցառման հետ, որովհետեւ սա վաղօրոք ծրագրված սեմինար էր: Դեռեւս ամիսներ առաջ գիտեինք, որ հունիսի 16-18-ը Բաքվում կայանալու է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարը: Այնպես որ, որեւէ առնչություն` Ռուսաստանի արտգործնախարարի այցի եւ սեմինարի միջեւ, չի կարող լինել: Որքան հասկացա, դա պաշտոնական այց է եղել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

