Եթե արջը յոթ երգ գիտի...
Արխիվ 12-16
Եթե արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին, ապա կարկառուն ՀՀՇ-ական ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԸ յոթ երգ գիտի, յոթն էլ Մաքսային ու Եվրասիական միության դեմ: Մասնավորապես, նա հայտարարեց. ՙՄեզ` ՀՀ քաղաքացիներին, քարշ են տալիս դեպի անցյալը, որեւէ հեռանկար չունեցող մի նախագծի մեջ, որի համար քարշ տվողները, հուսով եմ, շատ շուտով նաեւ պատասխան են տալու՚: Բայց, երեւի թե, հենց պարոն Ռուբինյանն է անցյալի մնացուկ, քանզի ամբողջովին կտրվել է իրականությունից: Այսպես, Եվրախորհրդարանի ընտրություններում Ֆրանսիայում առաջին տեղ գրաված Ազգային ճակատի առաջնորդ Մարին Լե Պենը արդեն ուղղակիորեն ասում է, որ ՙԵվրամիությունը հնարավոր չէ կատարելագործել, այն պետք է ապամոնտաժել: Իմ նպատակն է Եվրոպայի ամբողջական վերակազմավորումը եւ, հետեւաբար, նաեւ Եվրոպական միության ապամոնտաժումը:
Գլխավոր հարցն այն է, թե արդյոք հնարավոր է բարելավել եւ կատարելագործել ԵՄ-ը: Ես անձնապես չեմ հավատում այդ հնարավորությանը՚: Ավելին, նա առաջարկում է հրաժարվել եվրոյից, հրաժարվել ՆԱՏՕ-ից, փոխարենը` վերադառնալ գեներալ Դը Գոլի երազած Ֆրանսիայից մինչեւ Վլադիվոստոկ ձգվող լայն դաշինքը` այսպես կոչված ՙԱզգերի Եվրոպան՚: Իսկ նույն Եվրոպայում ազգայնականները գնալով ավելի մեծ թափ են հավաքում, այնպես որ, հենց ԵՄ ձգտելն է ավելի նմանվում դեպի անցյալ քարշ գալուն: Մեր արեւմտամոլները իսկապես անուղղելի են: Քանի որ ատելով ատում են Ռուսաստանը, իսկ այն կործանվելու փոխարեն` հզորանում է, նրանք զարմանալիորեն դիմում են մաքուր շամանիզմի` դեմքին ինքնավստահ արտահայտություն տալով հայտարարելով, որ` չէ, էսօր-էգուց կկործանվի: Մասնավորապես այդպես է վարվում ժամանակին Կիեւի Մայդան հասած ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ. ՙՕլիգարխական համակարգը (իսկ դա իսկապես համակարգ է) արդեն կայացրել է Պուտինի եւ նրա թիմի դատավճիռը, քանի որ Ռուսաստանը, բախվելով արտաքին ուժեղ շրջափակման, գործնականում տնտեսական շատ նախագծեր ու մտադրություններ դատապարտել է փակուղու ու հեռանկարի բացակայության՚: Դե, երեւի պարոն Իգորը այնքան զորավոր է, որ Ռուսաստանի միլիարդատերերը հենց մի բան որոշում են` վազելով գալիս են նրա մոտ զեկուցելու: Ինչեւէ, սա թերեւս այն դեպքն է, երբ իրոք ժամանակն է կանչել Ռոբերտ Քոչարյանի ասած. ՙուրիշ մասնագետի՚:
Սակայն ՙծակ պրոֆեսորների՚ պակաս մեր երկրում չկա: Այսպես, ինքն իրեն քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ համարող ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ անդրադառնալով ՀՀ նախագահի ելույթին, պնդում է, որ Մաքսային միությունում Հայաստանն ինչ արտոնություն ուզենա` կտան, սակայն Սերժ Սարգսյանը` որպես երկրի չուզող, չի ուզում այդ արտոնություններն ուզել. ՙՀայաստանը, եթե ցանկություն ունենա իր տնտեսությունը զարգացնել, եթե ցանկանա, որ մաքսատուրքերը լինեն իր ուզածով, ապա արտոնություններ կստանա: Սակայն տեսնում ենք, որ Հայաստանն այդ ցանկությունը չունի, որովհետեւ այնքան արագ է ամեն ինչ կատարում, որ նույնիսկ ռուս փորձագետներն են զարմանում՚: Զարմանալի է, ինչպես հնարավոր է այդպիսի բան պնդել, ինչ է, երկրի ղեկավարին նա խելագարի կամ ուրիշի կամքը կատարողի տե±ղ է դրել: Զարմանալով հանդերձ, մնում է ենթադրել, որ պարոն փորձագետը այնքան է շփվել ամերիկացիների կամակատարների հետ, որ այլեւս չի պատկերացնում մի գործչի, ով կամակատար չի: Աշխարհին մի քիչ լայնախոհ նայեք, պարոն, ժպտացեք աշխարհին եւ այն կժպտա ձեզ:
Իսկ նախկին սոցապնախարար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ զարմանալիորեն ընկավ թակարդը, երբ կուտակային կենսաթոշակային համակարգի մասին տարատեսակ պաթոսով հարցեր ուղղեց գործող նախարար Արտեմ Ասատրյանին: Վերջինս էլ պարզ ու հստակ հիշեցրեց, որ այժմ շարունակվում են նախորդ կոալիցիոն կառավարությունների գործերը, եւ այդ համակարգի հիմքերը դնողների մեջ կար եւ ինքը` ընկեր Աղվանը, երբ նախարար էր. ՙԿարծում եմ, այդ սոցիալական քաղաքականությունը, որի մշակմանը մասնակցել եք նաեւ դուք, արդարացված էր: Բայց հիմա պետք է համակարգն ավելի արդյունավետ եւ հասցեական դարձնել՚: Բնականաբար, Աղվան Վարդանյանի վրիպման վրա չենք չարախնդա, չենք ասի` ՙդե, կերար՚, այլ պարզապես կհիշեցնենք հին-բարի ասացվածքը` ՙԱպակե տնակում ապրողը չպետք է քարեր նետի՚:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

