ՀԱՆՐԱՅԻՆԸ ՊՐՈՊԱԳԱՆԴՈՒՄ Է ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ՀԱՆՐԱՅԻՆԸ ՊՐՈՊԱԳԱՆԴՈՒՄ Է ԽԱՂԱՄՈԼՈՒԹՅՈՒՆԸ
Գաղտնիք չէ, որ ֆուտբոլի աշխարհի 2014թ. ընթացող առաջնությունը մարզական մեծ տոն է ոչ միայն ֆուտբոլասերների, այլեւ բուքմեյքերական ընկերությունների համար, որոնք ձգտում են առավելագույն ֆինանսական շահույթները կորզել այդ իրադարձությունից: Բիզնեսի այս տեսակը, ինչ խոսք, մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում, եւ Հայաստանն էլ փորձում է մյուսներից հետ չմնալ: Այլ հարց, որ բուքմեյքերներն իրենց գերշահույթները ստանում են շարքային մարզասերներին եւ ոչ միայն ակտիվ ՙփողախաղի՚ մեջ քաշելու հաշվին, ասել է, թե պետք է ենթարկվեն նաեւ տվյալ պետության հաստատած համապատասխան ՙխաղի՚ կանոններին:
Բայց մինչ այդ պետական ՙխաղի՚ կանոններին հասնելը, նախ հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում բուքմեյքերական կանխատեսումը, ովքեր են այն առեղծվածային մասնագետները, որոնց գնահատականներով էլ, այս կամ այն թիմի օգտին կոնկրետ դրույքաչափերով խաղադրույքներ են ընդունվում: Խաղադրույքներ, որոնք նախատեսված են ազդելու մարդու ենթագիտակցության վրա, իսկ ավելի կոնկրետ` նրան ուղղորդելու` այս կամ այն թիմի օգտին փող ներդնել: Բուքմեյքերական ընկերությունների ՙմասնագետները՚, նրանց մասնագիտական կարողությունները գնահատելը, պարզվում է, որ գործնականում անհնար բան է: Մինչդեռ հենց այդ ՙկանխատեսումներն՚ է, որ մարդկանց ուղղորդում են խաղադրույք կատարել եւ խոշոր հաշվով` պարտվել, հաշվի առնելով, որ հակառակ դեպքում, պարզապես չէին լինի բուքմեյքերական ընկերությունների գերշահույթները: Այսինքն` որքան էլ այդ ընկերությունների գովազդներում նշվի գումար վաստակելու լավ եւ հեշտ հնարավորության մասին, միանգամայն պարզ է, որ ի սկբանե ընտրվում եւ մշակվում է այնպիսի քաղաքականություն, որը բուքմեյքերական ընկերություններին կապահովի առավել մեծ շահութ, այսինքն` բուքմեյքերների ՙմասնագետների՚ գնահատականները դրանով իսկ վերածվում են սովորական աչքակապության: Մինչդեռ չմոռանանք, որ խաղադրույք կատարողների մեջ քիչ չեն նաեւ անչափահասները...
Աշխարհում վաղուց հայտնի այս իրավիճակը մի կողմ թողնելով` գանք Հայաստան, որտեղ եւս բուքմեյքերական թեմայի հետ կապված` բավականին ուշագրավ մեկ իրավիճակ կա: Աշխարհի առաջնության մեկնարկից անցել է մի քանի օր, օրական ցուցադրվում է երեք հանդիպում, եւ ինչքան նկատել ենք, գրեթե խաղից առաջ Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում է ՙՎիվարո՚-ի սահմանած գործակիցները: Սա արվում է ոչ թե ուղղակի` տվյալ ընկերության գովազդային հոլովակի ներկայացման միջոցով թեեւ ընկերության սիմվոլիկան էլ կարելի է նկատել, այլ, այսպես ասենք, իմիջիայլոց: Բայց այն փաստը, որ Հայաստանում կա 3 նման ընկերություն, մինչդեռ, որքան նկատել ենք, ներկայացնում են միայն դրանցից մեկի ՙմասնագիտական գնահատականները՚, ապա դա արդեն սկսում է նմանվել գովազդի:
Պարզաբանման համար ՙԻրավունքը՚ կապ հաստատեց Հանրային հեռուստաընկերության գովազդային բաժնի աշխատակիցների հետ, որտեղից այն հարցին, թե ինչ հիմունքներով է ցուցադրվում ՙՎիվարո՚-ի սահմանած գործակիցները, այսինքն` դա գովազդ է, կամ ուրիշ ի՞նչ է ընկած այս համագործակցության հիմքում, ստացանք հետեւյալ պատասխանը. ՙՈչ, դա գովազդ չէ, պարզապես որպես տեղեկատվություն է ներկայացվում՚: Այնուամենայնիվ, մեզ հետ զրուցող աշխատակիցը նշեց, որ ավելի հստակ չի կարող պատասխանել եւ որ ավելի ուշ կզանգահարի՝ համապատասխան մասնագետի լիարժեք պատասխան տալու համար: Բայց դեռ սպասում ենք սպառիչ պատասխանի:
Նույն հարցի պատասխանը փորձեցինք ստանալ նաեւ ՙՎիվարո՚ բուքմեյքերական ընկերության կենտրոնական գրասենյակից, սակայն այս դեպքում եւս, մեզ որեւէ հստակ պատասխան տալ չտրվեց: Ասացին միայն, որ մեզ հետ կկապվեն ավելի ուշ:
Իհարկե՝ դեռ կփորձենք հստակ բացատրություններ ստանալ: Բայց մինչ այդ, նկատենք, որ առնվազն տարօրինակ է թվում, երբ երկու բավականին մեծ ընկերություններ համագործակցում են, բայց, մեղմ ասած, ՙդժվարանում՚ են այդ համագործակցությանը սպառիչ ՙանուն տալ՚:
Այս ամենով հանդերձ, նկատենք նաեւ, որ հայաստանյան օրենսդրությամբ վիճակախաղերի կամ շահումով խաղերի գովազդումը, եթե իհարկե չկա հովանավորության հարց, լուրջ սահմանափակումներ ունի: Միեւնույն ժամանակ, օրենսդրությունն արգելում է մինչեւ 18 տարեկան երեխաների մասնակցությունը վիճակախաղերին եւ տոտալիզատորներին, մինչդեռ ֆուտբոլի համաշխարհային խաղերի ժամանակ խաղադրույքներից խոսելն արդեն իսկ կարող է բազում երեխաների հրապուրել դեպի բուքմեյքերներ:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

