ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐՆ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐՆ ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
Այսօր գրադարաններն ունեն բազմաթիվ խնդիրներ, որոնք այնքան դանդաղորեն են լուծվում, որ դեռ եղած խնդիրները չլուծված` առաջանում են նորերը: Մասնավորապես խնդիրներ շատ ունեն այն գրադարանները, որոնք գտնվում են համայնքի հովանավորության տակ: Այս դեպքում համայնքի ղեկավարը կամ անտեսում է դրանք, կամ էլ` մեկ-երկուսը շտկելով եւ իրեն շոյված զգալով` ՙձեռքերը լվանում՚ եւ մի կողմ քաշվում: Գրադարանների նման օրինակները բազմաթիվ են. տարիներ առաջ Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող գրադարաններից մեկը փակվեց, քանի որ տարածքը շատ ՙկարեւոր՚ մի վայրի` գիշերային ակումբի համար պետք է ծառայեր: Իսկ հետո ինչ եղան գրքերը` պահպանվեցի±ն, թե ոչ, դեռեւս պարզ չէ: Իսկ, օրինակ, Շենգավիթ համայնքի գրադարաններից մեկն էլ, որը տեղակայված է Երիտասարդական պալատի տարածքում, գտնվում է անմխիթար վիճակում, որտեղ գրքերի համար չկան պայմաններ: Իհարկե, սա արդեն լրիվ առանձին նյութի թեմա է, որին անպայման ՙԻրավունքը՚ դեռ կանդրադառնա: Համեմատած մարզային գրադարանների հետ, մայրաքաղաքի գրադարանների վիճակը քիչ թե շատ բարեկարգ է, իսկ ահա մարզերի գրադարանները` շենքային խնդիրների հետ ունեն գրքերի պակաս` մասնավորապես մանկական գրքերի: Գրադարանների ընդհանուր վիճակի եւ առկա խնդիրների մասին ՙԻրավունքը՚ զրուցեց Խնկո-Ապոր անվան գրադարանի տնօրեն, ՙԳրադարանային ասոցիացիա՚ հասարակական կազմակերպության տնօրեն ՌՈՒԶԱՆՆԱ ՏՈՆՈՅԱՆԻ հետ:
ՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՏՆՎՈՂ ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐՆ
ԱՆՄԽԻԹԱՐ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
-Այն գրադարանները, որոնք գտնվում են պետության հոգածության ներքո, այսինքն` հովանավորում է պետությունը: Այդ գրադարանները գտնվում են բարվոք վիճակում, դրանց թիվը հասնում է 13-ի, 10-ը` մարզային, իսկ 3-ը` մայրաքաղաքային: Ամբողջովին հիմնանորոգվեց Ազգային գրադարանը, որն այսօր շատ լավ վիճակում է գտնվում: Հիմնանորոգվեց նաեւ մեր` Խնկո-Ապոր անվան գրադարանը: Սակայն, ցավոք, նույնը չեմ կարող ասել համայնքային ենթակայության տակ գտնվող գրադարանների մասին: Երկու օր առաջ այցելեցինք Գառնիում գտնվող գրադարաններից մեկը, որը շատ անմխիթար վիճակում էր: Իհարկե ցավալի է, քանի որ Գառնին համարվում է հայկական խոշոր զբոսաշրջային կենտրոններից մեկը: Չէի սպասում, որ այստեղ այսպիսի վիճակ կլինի ե°ւ գրքերի համալրման, ե°ւ գույքի ու կահույքի առումով: Այստեղ գրադարաններից մեկը տեղակայված էր արվեստի դպրոցում, որը բավականին լավ դպրոց էր` տարածքը կառուցված էր, սակայն գրքեր չկային: Հուսով եմ, մեր տարած 100 կտոր գրքերը որոշակիորեն կօգնեն տեղի ընթերցողներն: Գրադարանների խնդիրները մեր ցավալի խնդիրներից մեկն է, տեսնում ենք, որ տարեկան 30-50 գրադարան է փակվում, սակայն այդ ամենի մասին իմանում ենք հետին թվով: Չգիտես ինչու` տեղյակ չեն պահում, հետո էլ շատ հանգիստ կարող են մեղադրել սրան ու նրան` Մշակույթի նախարարությանը, ասոցիացիային եւ այլն: Այս դեպում ի±նչ կարող ենք անել մենք, եթե չունենք որեւէ տեղեկություն: Համայնքներում նման դեպքեր շատ են եղել, եթե համայնքից որեւէ մեկը բարձրաձայնել է, գնացել ենք եւ կանխել: Լինում են դեպքեր, երբ գրադարանը փակվում է, տարածքը սեփականաշնորհվում, վերջում նոր դիմում են մեզ` աջակցություն ստանալու համար: Այս դեպքում մենք արդեն ոչինչ չենք կարող անել:
ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ ԱԿՏԻՎ ԵՎ
ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ ԽՆԴԻՐՆԵՐԸ
-Երեւանը գրքի մայրաքաղաք միջոցառումների շարքը մեզ շատ օգնեց, այս դեպքում խոսում եմ կոնկրետ մեր գրադարանի անունից: Հենց այդ ժամանակ պետության հոգածությամբ սկսեցինք գրադարանի հիմնանորոգումը: Իսկ համայնքներն` ինչպես կային, այդպես էլ մնացին: Համայնքի ղեկավարները կամ գրադարանների այն տնօրենները, ովքեր բարձրաձայնում են իրենց գրադարանի խնդիրները եւ համառորեն պայքարում, արդյունքի են հասնում: Այսպիսի մի քանի դեպքեր գիտեմ, որոնք ինձ համար օրինակ են: Այլ տարբերակ չկա` տնօրենները պետք է մի քիչ ակտիվ լինեն, հիմնականում նրանք մեծահասակներ են եւ նստած սպասում են, թե երբ իրենց կօգնեն: Այս դեպքում գուցե մենք վերափոխվենք եւ ցուցաբերենք այլ մոտեցում` փորձելով բարձրաձայնել առկա խնդիրները: Եթե պետությունն էլ չօգնի, հնարավոր է շահագրգիռ անձինք ցուցաբերեն օժանդակություն:
ՄԵՐ ՄԻԱԿ ԽՆԴԻՐԸ ԳՐՔԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՈՒՄՆ Է
-Խնդիրներ կան եւ կլինեն, սակայն ամենակարեւորը` մեր գրադարանը վերանորոգված է, ամեն օր համալրվում է նոր հրատարակված գրքերով: Այս պահին մեր խնդիրը կապված է գրքերի թվայնացման հետ, դրանք աշխատանքեր են, որոնք ընթացքի մեջ են: Չնայած դրան, կազմել ենք ամբողջ ռուսերեն եւ հայերեն հավաքածուի գրացուցակը եւ մեր ընթերցողներին սպասարկում ենք էլեկտրոնային տարբերակով: Մնացել են միայն մի քանի օտարալեզու եւ երաժշտական գրքեր, որոնց ցանկը պետք է կազմվի, ապա` թվայնացվի: Թվայնացման համար պահանջվում է թանկ տեխնիկա, որովհետեւ ժամանակները մեզ ստիպում են, որ ընթերցողը նաեւ տանը նստած կարողանա ընթերցել եւ գրքեր պատվիրել: Ունենք նաեւ կադրերի վերապատրաստման եւ նոր կադրերի խնդիր: Ի վերջո պետք է սերնդափոխություն տեղի ունենա: Այսօր չկան այդ երիտասարդ կադրերը, իհարկե սա դատապարտելի չէ, քանի որ երիտասարդը չի կարող գալ եւ 45 հազար դրամով նվիրյալ լինել այնպես, ինչպես մեր աշխատակիցներն են, որոնց կյանքի մի բաղադրիչն է դարձել գրադարանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

