ՙՔԱՂԱՔԱՑԻՆ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑԻ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԲԱՆԱԿՈՒՄ՚
Արխիվ 12-16ՙՔԱՂԱՔԱՑԻՆ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱՑԻ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ԲԱՆԱԿՈՒՄ՚
Չափահաս դառնալուց հետո ՀՀ արական սեռի յուրաքանչյուր քաղաքացի, ով պիտանի է զինվորական ծառայության, անցնում է երկամյա ծառայության ՀՀ ազգային բանակում: Երկու տարի նրանցից յուրաքանչյուրը ենթարվում է ՀՀ բանակի օրենքներին, ծառայում հանուն հայրենիքի, նրա սահմանների ամրապնդման ու պահպանության համար: ՙՀանուն հայրենիքի՚ կարգախոսը դարեր շարունակ ուղեկցում է հայ զինվորին, սկզբից այդ կարգախոսը նրանց մեջ սերմանում են ընտանիքում, իսկ հետո արդեն բանակում բանիմաց եւ ուսյալ սպաները ավելի են ամրապնդում այն: Այդպիսի սպաներից մեկն էլ ՀՀ ԶՈՒ N զորամասի հրամանատարի` անձնակազմի հետ տարվող աշխատանքերի գծով տեղակալ, փոխգնդապետ ԱՐԹՈՒՐ ԹՈՒՄԱՆՅԱՆՆ է, ով Հայոց բանակում ծառայության է անցել 1995 թվականից եւ մինչ այսօր հավատարիմ է մնացել իր մասնագիտությանը` զինվորներին հոգեւոր սնունդ տալով եւ գաղափարապես դաստիարակելով:
Ծառայության ամբողջ ընթացքում առաջնորդվել է` ՙԶինվորին պետք է պահպանել, այլ ոչ թե խղճալ՚ կարգախոսով: ՙԵթե զինվորին խղճաս այսօր, վաղը կռվի դաշտում հակառակորդը չի խղճալու: Անհրաժեշտ է զինվորին մարզել, կերակրել, ապահովել լավագույն հանդերձանքով, որպեսզի նա այդ ամենն օգտագործելով` բարձրացնի ե°ւ մարտական պատրաստվածության մակարդակը, ե°ւ վստահություն ունենա իր զենքի, զրահատեխնիկայի, տեխնիկայի հանդեպ՚,- ասում է Արթուր Թումանյանը: Կուրսանտից մինչեւ փոխգնդապետ անցած ճանապարահին Արթուր Թումանյանի համար ոչինչ չի փոխվել` շարունակել է առաջնորդվել նույն կարգախոսով, սակայն աստիճանի բարձրացման հետ միասին մեծացել է նաեւ պատասխանատվությունը: Հիշում է, երբ ստացել է ավագ լեյտենանտի աստիճան, իր առաջին հրամանատարը հարցրել է, թե ի±նչ փոխվեց, Թումանյանը պատասխանել է, որ աստիճանը բարձրացավ… Աստիճանը չէր բարձրացել, այլ մեծացել էր պատասխանատվությունը:
Ծառայության ընթացքում փոխգնդապետ Թումանյանը հանդիպել է այնպիսի զինվորների, ովքեր ծառայության սկզբնական շրջանում ունեցել են դժվարություններ` կապված առավոտյան վերկացի, ֆիզիկական վարժությունների հետ: ՙՍկզբից զինվորին, որ բանակ է գալիս, ըմբռնումով պետք է մոտենաս, հասկանաս, որ նա մի միջավայրից եկել է մեկ այլ միջավայր: Նրան ամեն ինչ պետք է սովորեցնես, բացատրես, ցուցաբերես մարդկային վերաբերմունք: Կանցնեն օրեր, եւ նույն այդ զինվորը կսովորի վերկացին, իսկ որոշ ժամանակ անց նա արդեն մի քանի րոպե շուտ կարթնանա եւ կսպասի վերկաց բառին՚,- շեշտում է փոխգնդապետը, ով նույն մոտեցումները նաեւ սովորեցրել է իր ենթականերին:
Մարդկային վերաբերմունքը, միասնականությունը, սպայական գրագետ անձնակազմը ի դեմս Արթուր Թումանյանի` օգնում են զինվորներն, որպեսի նրանք երբեք կտրված չլինեն մշակութային կյանքից, քանի որ հայ մշակույթը նույնպես հզոր զենք է, որին պետք է տիրապետել: Զորամասում գործում են տարբեր խմբակներ, դրանցից մեկն էլ KBH խումբն է: ՙԱշխատում ենք բոլոր զինվորներին ներգրավել այդ խմբակներում: Քաղաքացին որպես քաղաքացի ձեւավորվում է բանակում, դրսում արժեհամակարգը այլ է, բանակը որպես փակ կառույց ունի կոնկրետ ուղղվածություններ` մարդկանց հետ աշխատել, սովորեցնել: Այս առումով մարդուն որպես քաղաքացի ձեւավորելու գործընթացը ավելի հեշտ է: Դրսում այնքան վատ երեւույթներ կան, որոնք չպետք է թույլ տանք, որ թափանցեն բանակ՚,- մեկնաբանում է պրն Թումանյանը: Արթուր Թումանյանը երկու որդի ունի, աշխատում է այնպես, որ իր որդիների, գալիք սերունդների եւ մեզ բոլորիս թողնի էլ ավելի հզոր, մարտունակ եւ կայուն բանակ:
Հայոց հաղթական բանակով միշտ հպարտ`
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

