ԻՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՉԲԱՐՁՐԱՑՆԵՆ ՍԱԿԱԳԻՆԸ
Արխիվ 12-16Երեկ Ազգային ժողովում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացնում էր հոսանքի գնի սպասվելիք բարձրացման նախադրյալները: Պատգամավորները հարցախեղդ էին անում Նազարյանին: Հայկ Բաբուխանյանը հնչեցրեց, թե այն տեղեկանքում, որը վերցվել է հանձնաժողովի պաշտոնական կայքից, գրված է, որ երկու հիմնական գործոններով է պայմանավորված սակագների այս բարձրացման անհրաժեշտությունը. տեխնոգեն, այսինքն` ատոմակայանում տեղի ունեցած վթարը, եւ բնածին, այսինքն` այս տարվա ջրասակավության պատճառով: Ըստ պատգամավորի` կա նաեւ երրորդ բաղադրիչ` այն է. ՙՀայաստանի միջազգային պարտավորությունները, որոնք եւս պետք է նշվեր տեղեկանքում: Բացի սակագնային բարձրացման ճանապարհից, ուրիշ ի±նչ այլ աղբյուր կա, որից կարելի է փոխհատուցել անհրաժեշտ գումարը՚: Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց, թե ե±րբ է տեսնում հանձնաժողովի նախագահը արեգակնային էներգիայի կիրառումը մոտ ապագայում: Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. ՙԱրեգակնային էլեկտրակայանները այսօր ամենաթանկ կայաններն են, եւ այսօրվա ամենաէժանը չինական տեխնոլոգիաներն են, որոնք, կներեք, բայց զիջում են եվրոպականին: Այսօր մենք 55-60 դրամից պակաս էլեկտրաէներգիա արտադրող կայան չունենք: Եթե այսօր փորձենք այդ ուղղությամբ շարժվենք, ապա պատկերացրեք, թե մեր սպառողների համար որքան կմեծանա բեռը` նրանց գրպանի հաշվին՚:
Հ. Բաբուխանյանի այն հարցին, թե ինչ կպատահի, եթե հոսանքի գինը չբարձրանա, Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. ՙԵթե մենք հիմա սակագները չվերանայենք, ապա ինչ տեղի կունենա. նախ ԵրեւանՋէկի վարկային պարտավորությունները մարելու հնարավորություն չենք ունենա, կնշանակի ճապոնական կողմի հետ ստորագրած պարտավորությունը հայկական կողմը կխախտի եւ կընկնի ֆինանսական սանկցիաների տակ: Կկրի մեծ ֆինանսական տույժեր եւ միջազգային հեղինակության եւ վստահության կորուստներ կունենանք, գնորդներ չենք ունենա, եւ ի լուր ամենքի` նրանք կհայտարարեն, որ Հայաստանը խախտել է պարտավորությունները եւ, որ իրենք դադարեցնում են շահագործումը: Այսինքն` կունենանք անկանխատեսելի իրավիճակներով հղի վիճակ: Եթե չշահագործենք (ԵրեւանՋէկը), ապա այսօրվա ՀՀ-ի էներգետիկ խիստ կրիտիկական վիճակն ավելի կսրվի: Իսկ 2002 թվականից մինչ այսօր չի եղել դեպք, որ ՀՀ էլցանցերը ունենան ֆինանսների դեֆիցիտ ու չկարողանան կատարեն իրենց պարտավորությունները էլեկտրաէներգիա արտադրող կայանների նկատմամբ: Այս տարի ունեցանք 4 միլիարդ 600 միլոն դրամի պակաս վճարում: Ի±նչ կարող է տեղի ունենալ. բարձրավոլտ էլեկտրակայանները, որոնք պետական երաշխիքներով ամրագրված պարտավորություններ ունեն, չեն կատարվի, կդրվեն համաշխարհային պարտավորությունների երաշխիքի տակ՚: Մի խոսքով, նկարվեց այնպիսի իրավիճակ, որ ակամա հիշեցինք ցուրտ ու մութ տարիների մղձավանջը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

