ՙ...ԿԱՐՈՂ Է ՍՏԻՊՎԱԾ ԼԻՆԵՆՔ ԳՆԱԼ ՀՈՎՀԱՐԱՅԻՆ ԱՆՋԱՏՈՒՄՆԵՐԻ՚
Արխիվ 12-16ՙ...ԿԱՐՈՂ Է ՍՏԻՊՎԱԾ ԼԻՆԵՆՔ ԳՆԱԼ ՀՈՎՀԱՐԱՅԻՆ ԱՆՋԱՏՈՒՄՆԵՐԻ՚
Երեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման եւ հիմնավորման վերաբերյալ թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ներկայացրեց սակագնի բարձրացման հիմնավորումները` ըստ էներգետիկ շուկայի մասնակից ընկերությունների:ԻՆՉՈՎ ԵՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԹԱՆԿԱՑՈՒՄԸ
ՙԷլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը պայմանավորված է էներգետիկ շուկայի մասնակից տարբեր ընկերություններին անհրաժեշտ միջոցներով, ըստ որի` ամբողջը կազմում է 23 մլրդ դրամ, իսկ ճշգրտումից հետո պարզվեց` խոսքը 17,5 մլրդ դրամի մասին է, որը համարժեք է վերջնական սպառողի համար 1 կՎտ/ժամի սակագինը 3,85 դրամ բարձրացման՚,- նշեց Ռոբերտ Նազարյանը եւ մանրամասնեց, որ նշված 17,5 մլրդ դրամը, ըստ ընկերությունների, ունի հետեւյալ պատկերը: ՙՀայաստանի էլեկտրական ցանցերը` 5,7 մլրդ դրամ, Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը` 2 մլրդ դրամ, Միջազգային էներգետիկ կորպորացիան` 0,5 մլրդ դրամ, Երեւանի ՋԷԿ-ը` 7 մլրդ դրամ, Հայկական ատոմակայանը 1,6 մլրդ դրամ, վերականգվող էներգիայի կայանները` 1 մլրդ դրամ, Էլեկտրաէներգիայի հաշվարկման վերականգնման կենտրոնը` 0,1 մլրդ դրամ՚,- նշեց նա եւ ապա անցավ նշված ընկերություններում առաջացած ֆինանսական ճեղքվածքներին:
Ըստ Նազարյանի` ՀԷՑ-ում ֆինանսական ճեղքվածքը պայմանավորված է հետեւյալ խնդիրներով` 2013-2014թթ. ընթացքում Ատոմակայանը վերալիցքավորման եւ վերանորոգման աշխատանքներից հետո 88 օր ավելի ուշ է ՙմտել ցանց՚, քան նախատեսված էր, որի արդյունքում չի արտադրվել 300 մլն կՎտ էներգիա, ինչը փոխլրացվել է Հրազդանի ՋԷԿ-ի էլեկտրաէներգիայով: ՙՆաեւ պայմանավորված է այն գործոնով, որ նախորդ տարի սակավաջուր տարի էր, եւ Որոտանի ու Սեւան-Հրազդան կասկադները միասին 200 մլն կՎտ էլեկտրաէներգիա պակաս են արտադրել, եւ մենք ունեցանք ՀԷՑ-ում 16,6 մլրդ դրամի վնաս, որը բաշխիչ ցանցի մարժայի հաշվարկի համաձայն` պետք է հատուցվի երեք տարվա ընթացքում: Այսինքն` ընկերության 2014-2015 թթ. տարեկան հասույթը միայն նշված գործոններով պայմանավորված` պետք է ավելացվի 5,4 մլրդ դրամով՚,- նշեց նա:
Պարոն Նազարյանի խոսքով. ՙԸնկերությունը ունեցել է 4,3 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ, եւ ընկերության 2014-2015 թթ. տարեկան հասույթը պետք է ավելացվի 0,9 մլրդ դրամով: Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի ֆինանսական ճեղքվածքը առաջացել է ցանցերում վերականգնման եւ վերազինման ծախսերի, միջպետական էլեկտրական գծերի, ինչպես նաեւ Իրան-Հայաստան էլեկտրագծի կառուցման համար ստացած արտոնյալ վարկի պատճառով, ինչը 2 մլրդ դրամի խնդիր է առաջացրել: Միջազգային էներգետիկ կորպորացիան կամ ՙՍեւան-Հրազդան՚ կասկադի ֆինանսական ճեղքվածքը առաջացել է 4 մլրդ դրամի կապիտալ ներդրումներից, որոնք պետք է փոխհատուցվեն շահույթի հաշվին. 2014-2015 թթ. հասույթը պետք է ավելացվի 0,16 մլրդ դրամով՚:
Ապա անդրադառնալով Երեւանի ջէկ-ին, նշեց, որ այստեղ ճեղքվածքն առաջացել է, քանի որ ընկերությունը նույնպես արտոնյալ վարկ է ստացել, որի արդյունքում, 2014-2015 թթ. տարեկան հասույթը պետք է ավելանա 2,8 մլն դրամով: Հայկական ատոմակայանի ֆինանսական ճեղքվածքի առաջացումը պայմանավորված է շահագործման եւ պահպանման ծախսերով, այդ թվում նաեւ կայանի շահագործման անվտանգության բարձրացման համար, աշխատած վառելիքի պահպանման ծախսերի ավելացմամբ եւ ռեզերվային ինքնավար ջրամատակարարում ապահովելու, լրացուցիչ խորքային հորերի փորման աշխատանքներ իրականացնելու համար:
ՙԱյս աշխատանքների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ նախկինում Ատոմակայանը տեխնիկական ջուրը ստանում էր Սեւ ջուր լճից, այսօր այդ ջուրը կարծես թե ցամաքել է, եւ այդ հնարավորությունը չկա, ուստի անվտանգությունից ելնելով` անհրաժեշտ է ջրամատակարարում, իսկ գիտեք` Ատոմակայանի համար ինչքան անհրաժեշտ է այդ տեխնիկական ջուրը` հովացման համակարգը ապահովելու համար՚,- եզրափակեց հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը:
ՙՊԵՏՔ Է ԽԻՍՏ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵՆՔ
ԳԵՐԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՎՐԱ՚
Թե որքանով են հիմնավորված պարոն Նազարյանի հիմնավորումները` էներգիայի թանկացման վերաբերյալ, փորձեցինք հետաքրքրվել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար ՎԱՀՐԱՄ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՑ, ով մասնավորապես նշեց.
-Էներգետիկ համակարգում կորուստները բավականին մեծ թիվ են կազմում, որին պետք է անդրադառնալ: Նաեւ պետք է անդրադառնալ էներգիայի խնայողությանը: Բերված հիմնավորումների տեղեկատվությունից, եթե մասնագիտորեն նայենք, զգում ենք, որ վիճակը օրհասական է: Նորից չհիշեմ 1990-ական թվականները, որի օրինակով կարող է ստիպված լինենք գնալ հովհարային անջատումների:
Այնպես որ, ոչ միայն ներկայիս տվյալները, այլ նաեւ մեզ ուղարկված տեղեկանքները մասնագիտորեն ուսումնասիրելուց հետո ես կարծես թե համոզվեցի, որ իրոք սակագների հարցը հիմնավորված վերանայում է: Ես ուսումնասիրեցի բոլոր երկրների փորձը եւ նկատեցի, որ քառասուն երկրների մեջ սակագների բարձրացման առումով տասնմեկերորդ տեղում ենք, կան մինչեւ 160-170 դրամ սակագներ այլ երկրներում: Իհարկե, սա այն պահը չէ, որ պետք է ասենք, որ եթե տասնմեկերորդն ենք, ուրեմն` դեռ տեղ ունենք բարձրացնելու: Մենք պետք է խիստ ուշադրություն դարձնենք գերկորուստների վրա, որովհետեւ բավականին խոսակցություններ կան` հենց գերկորուստների հետ կապված, իսկ ավելի վերահսկողական աշխատանքների դեպքում այդ գերկորուստները կարող են ավելի քիչ լինել, եւ, ինչու ոչ, դրանց հաշվին կարողանանք սակագները մեղմացնել:
- Ըստ Ձեզ, այս լսումները` սակագնի հետ կապված, որեւէ փոփոխության կհանգեցնե±ն:
- Անկեղծ ասած, ցանկացած լսումների կազմակերպում հենց հիմնավորվում է նրանով, որպեսզի կարողանանք համոզել մեկս մյուսին, հասկանանք իրավիճակը: Բայց կրկնում եմ մասնագիտական տեղեկանքը, որը ուղարկված էր` 3.75-ը, կարծես թե, համոզիչ էր, որը նաեւ հիմնավորում է հանձնաժողովի նախագահը: Եթե ընթացքում տեսնենք, որ կան այնպիսի հարցեր, որոնցից կարելի է կառչել եւ 3.75-ից խուսափել, մենք անխոս դրան կգնանք: Լսումները հենց կոչված են դրան, բայց մասնագիտական տեղեկանքը բավական հիմնավորված է, եւ ես կխնդրեի բոլոր մասնակիցներին ուսումնասիրել այդ տեղեկանքը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

