ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւանի Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Սերգեյ Հովսեփյանը սույն հոդվածը կարդալուց հետո ինքը պետք է ընտրի. նա չի տիրապետում օրենքին, թե չի կարողանում մարսել կերածը:
Կա նաեւ երրորդ տարբերակը. քննիչին օրինախախտումների է պարտադրում տարածքային դատախազ Մ. Ենգիբարյանը: Վերջինս, սակայն, ունի ՙալիբի՚. քննիչը լիազորված է ինքնուրույն ուղղություն տալ քննությանը եւ ընդունել անհրաժեշտ որոշումներ: Քննիչ Ս. Հովսեփյանն էլ ընդունել էր անհրաժեշտ որոշումª թքել օրենքի վրա... Օրենքը սահմանել է, որ քրեական գործ հարուցելու մասին որոշման պատճենն ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական անձին: Քննիչ Ս. Հովսեփյանը կտրականապես հրաժարվել էր տրամադրել այդ որոշումն անգամ այն դեպքում, երբ ֆիզիկական անձն իր ոտքով գնացել էր նրա մոտ եւ գրավոր բացատրել էր օրենքի պահանջը... Օրենքը սահմանում է նաեւ, որ եթե հայտնի է հանցագործությունից տուժած անձը, քրեական գործ հարուցելու հետ միաժամանակ այդ անձը ճանաչվում է տուժող: Այստեղ պետք է նշել, որ քրեական գործ հարուցելը քննիչին ու դատախազին պարտադրել էր դատարանը, դատարանն էլ ուղղակիորեն մատնանշել էր ենթադրյալ հանցագործի եւ կոնկրետ քննիչի ապօրինություններից տուժած անձին: Այս անգամ թքելով արդեն ուժի մեջ մտած դատական ակտի վրաª քննիչը հայտարարել էր. ՙԵս ձեզ դատավարության կողմ չեմ համարում՚: Ոմանք կհարցադրվեն. որքան պետք է վճարել, որպեսզի քննիչը կամ դատախազը թքեն օրենքի ու դատարանի որոշումների վրա: Իսկ ինձ հուզում է այլ հարց. ով է ստորագրելու համար ՀՀ ոստիկանապետին ներկայացնում եզրակացություններ, ըստ որի Ս. Հովսեփյանի նման ոստիկանները բնութագրվում են դրական: Ոստիկան, որը դատարանում հայտարարում է, թե քրեական վարույթ իրականացնելուց պարտադիր չէ պարզել դեպքի իրական վայրն ու հասցեն... Ա. ԱԲԳԱՐՅԱՆ