Քաղաքացիական ակտիվիստ Սոնա Ասատրյանին հունիսի 17-ից` ժամը 11:30-ից կարելի է դասել ոչ միայն գաղափարապես, այլեւ սառը զենքով զինված այլախոս: Նա դանակը ձեռքին փորձել էր մագլցել Աֆրիկյանների շենքը պարսպող ցանկապատի վրա եւ դանակով պատռել... շենքի ճակատին փակցված պաստառը:
Տեսնելով աչալուրջ ոստիկաններին` Սոնան դանակը շպրտել էր գետնին, բայց արդեն ուշ էր. հանցագործության վայրում բռնված աղջիկը ձեռնաշղթայվել էր եւ տարվել Ոստիկանության բաժին: Սառը զենքը հայտնաբերվել ու առգրավվել էր: Չարագործին վնասազերծելուց հետո պատմամշակութային շինության ապամոնտաժումը շարունակվեց:
ԿԼԵՊՏՈՄԱՆԻԱ
Իր կամքին հակառակ Ոստիկանության բաժնում հայտնված 37-ամյա Արմեն Գ.-ն խոստովանել էր, որ ապրիլյան մի գիշեր նրա մոտ սրացել էր ՙկլեպտոմանիան՚: Այդ գիշերը ժամը 23:00-ից 24:00-ն ընկած ժամանակահատվածում, նա ցանկապատի վրայից մտել էր Արշակունյաց փողոցի տներից մեկի բակ, գողացել մետաղյա խողովակներ, որից հետո գողության վայրից տաքսիով հեռանալիս գողացել էր վարորդի բջջային հեռախոսը: Ձեռնարկվում են միջոցառումներ... տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Հունիսի 16-ին` ժամը 00:45-ին, Ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոսի փողոցի թիվ 30 հասցեում մի մարդ մտել է խանութ եւ շտապ անհրաժեշտ է Ոստիկանության աշխատակիցների օգնությունը: Մեկնած օպերատիվ խումբը հենց դեպքի վայրում ձերբակալել էր ավազակինª 1966 թ. ծնված Մարտուն Մ.-ին: Ժամուկես անց 1957 թ. ծնված Ռուզաննա Ա.-ն հաղորդում էր տվել, որ այդ օրը, ժամը 00:30-ին, Մարտուն Մ.-ն ատրճանակի սպառնալիքով իրենից փորձել էր հափշտակել գումար, որի ժամանակ կատարել էր մեկ կրակոց: Դեպքի վայրից հայտնաբերվել է թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտով, ինչպես նաեւ 5.6 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճ: