ՙԿԱԽՎԵՄ, ԹԵ ԴԱՏՎԵՄ...՚
Արխիվ 12-16ՙԿԱԽՎԵՄ, ԹԵ ԴԱՏՎԵՄ...՚
ՙԻմ ընտանիքից ոչ մեկի հետ գործ չունեք ես ինքս մեծ սխալ եմ գործել: Իմ մեռնելուց հետո ինձ համար ոչ մի բան չանեք, ես արժանի չեմ: Ես իմ խելքից տուժվում եմ, էլ չեմ կարող ապրել: Մեծ վնաս տալով իմ հարսիս, աղջկաս, հիմնարկին` կամ պտի դատվեմ, կամ մեռնեմ, ավելի լավ է մեռնեմ՚:Տարեց կնոջից հետո մնացել էին նրա կողմից գրված այս տողերը եւ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ (Ինքնասպանության հասցնելը) հոդվածի հատկանիշներով դեռ չավարտված քրեական գործը...
7 ԺԱՄ ԴԵՊԻ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
2013 թվականի հունվարի 8-ին` ժամը 11:30-ի սահմաններում, Աննա Ապրեսյանը Դիլիջանի ավտոկայարանի մոտ նստել էր տաքսի ավտոմեքենա եւ խնդրել էր իրեն տանել քաղաքի Մյասնիկյան-Հակոբջանյան փողոցների խաչմերուկ, որտեղ եւ իջել էր ավտոմեքենայից: Այդ օրը ժամը 17-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող քաղաքային գերեզմանատանը Աննա Ապրեսյանը ՙծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպան էր եղել՚:
Այդ դեպքի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ, եւ Սեդա (Ծովիկ) Արարատի Քոչարյանը մեղադրվել էր Աննա Ապրեսյանին ինքնասպանության հասցնելու համար: Շտապեմ տեղեկացնել, որ առաջին ատյանի դատարանը չէր համաձայնել մեղադրանքին, արդարացրել եւ նիստերի դահլիճում ազատ էր արձակել Սեդա Քոչարյանին: Մեղադրող դատախազը իր հերթին չէր համաձայնել արդարացման դատավճռի հետ եւ դրա դեմ բողոք էր ներկայացրել վերադաս ատյան: Կարծում եմª դատախազի բողոքը կմերժվի, սակայն կպարզվի± արդյոք, թե ինչպիսի 7 ժամեր էր ապրել իրեն մահվան դատապարտած անձըª վստահություն չկա...
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԵԼԵՎԷՋՆԵՐԸ
Սեդա Քոչարյանին առաջադրված մեղադրանքը ձեւակերպված էր հետեւյալ կերպ. ՙՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 2-րդ մասով, 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Սեդա Արարատի Քոչարյանը որպես մեղադրյալ է ներգրավվել այն բանի համար, որ նա 2008 թվականից մինչեւ 2013 թվականը Աննա Ապրեսյանին դրդել, համոզել է տարբեր անձանցից եւ կազմակերպություններից պարտքով վերցնել գումարներ եւ տալ իրեն, հետագայում հրաժարվել է դրանք վերադարձնել, սպառնալով վնասել Ա. Ապրեսյանին եւ նրա ընտանիքի անդամներին, որի հետեւանքով վերջինս 2013 թվականի հունվարի 8-ին ժամը 17-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող քաղաքային գերեզմանատանը ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել՚:
Արդեն դատաքննության ընթացքում դատախազը հրաժարվել էր 178-րդ (խարդախություն) հոդվածից, իսկ ինքնասպանության հասցնելը ՙհիմնավորող՚ ապացույցները, դատարանի իսկ բառերովª ՙավելի քան անհասկանալի էին՚. նախաքննական մարմնի կողմից առանձին տվյալներ ներկայացվել էին, մեղմ ասած, ոչ օբյեկտիվ: Իսկ եթե ոչ մեղմ, ապա նախնական քննությունը իրականացրած քննիչն ու վարույթը վերահսկող դատախազը պարզապես խեղաթյուրել էին վկաների ցուցմունքներըª օգտագործելով դրանց այն մասերը, որոնք, ըստ իրավապահների, հիմնավորում էին մեղադրանքը: Բայց մեզ ավելին հետաքրքրում է ոչ այնքան այն, ինչ արել էր քննիչը, այլ այն, ինչը նա չէր արել...
ՉՊԱՐԶՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ 100 ԶԱՆԳ
Առաջին ատյանի դատարանը անդրադարձ էր կատարել հիմնարար այն հարցերին, որոնք անտարբերության էին մատնվել նախաքննական մարմնի կողմից: Դժվար է չհամաձայնել դատարանի նման անդրադարձի հետ, քանի որ անտարբերության մատնված հարցերը հենց այն հարցերն էին, որոնք էական նշանակություն ունեին տեղի ունեցած ողբերգության կամ կատարված հանցագործության հետ: Այսպես, Աննա Ապրեսյանի հեռախոսազանգերի վերծանումից հետեւել էր, որ 2013թ. հունվարի 8-ին (դեպքի օրը) ավելի քան 100 անգամ նրան զանգահարել էին մեկ հեռախոսահամարից, եւ որ զանգահարողը...
Սիրելի ընթերցող, չընկնես աթոռից. հետաքննիչը, քննիչը, դատախազը չէին պարզել, թե ով էր եղել այդ համառ անձը, այդ համարի բաժանորդի տվյալները, զանգերի նպատակը եւ դրանց պատասխանելուց տուժողի հրաժարվելու պատճառը: Մինչդեռ, հանգուցյալի աշխատավայրի ղեկավարը տեղեկացրել էր, որ հենց դեպքի օրվա առավոտյան ինքը զանգահարել էր տիկին Աննային ու հրահանգել էր, որպեսզի այդ օրը ժամը 16:00-ին նա հիմնարկի դրամարկղ մուտքագրի ՙ2012թ. դեկտեմբերի վերջին եւ 2013թ. հունվարի տոնական օրերին երթուղային տաքսու ուղեւորներից հավաքած ավելի քան 600.000 ՀՀ դրամը՚: Աննա Ապրեսյանը փաստորեն խուսափել էր վերադառնալ աշխատատեղ եւ վճարել նշված գումարը...
ՙԱՍՈՒՄ ԷՐ, ՈՐ ԿԱԽՎԵԼՈՒ Է՚
Դատաքննության ժամանակ ոչ մի վկա չցանկացավ հաստատել մեղադրական եզրակացությամբ ամրագրված վարկածը, թե մեղադրյալը սպառնացել էր Աննա Ապրեսյանին: Սակայն դա չի նշանակում, թե տարեց կնոջը որեւէ մեկը երբեւիցե չի սպառնացել: Այդ հարցն էլ, հավանաբար, կմնա անապատասխան:
Բայց միթե ահաբեկված լինելու պատճառը միշտ լինում է որեւէ մեկի սպառնալիքը:
Կարծում եմª ոչ, եւ կարծիքս հիմնավորում եմ հանգուցյալ Աննա Ապրեսյանի հարսի ցուցմունքի հետեւյալ բառերով. ՙՄոտ 4-5 ամիս ամեն օր ասում էր, որ իրեն կախելու է...՚:
Եվ սա բացառիկ այն դեպքերից է, երբ ես պատրաստ եմ համաձայնել հետմահու դատահոգեբանական փորձաքննության եզրակացության հետ, ըստ որի հաստատվում է, որ ՙպարտք գումարները չտալը որոշակիորեն պայմանավորել են տուժողի ինքնասպանությանը նախորդած հոգեվիճակը, եւ որ այդքանով պատճառական կապի մեջ են գտնվում տուժողի ինքնասպան լինելու հետ: Սակայն պարտք գումար չտալը չեն կարող գնահատվել որպես քրեաիրավական խախտումներ կամ ինքնասպանության հասցնելու ձեւեր՚:
Խոսքը, հասկանալի էª գումարային պարտքի մասին է, որի զգացումը թեթեւ չէ: Սակայն ինքնասպանություն գործելուց առաջ 7 ժամից ավելին գերեզմանատանը լինելու եւ 100-ից ավելին զանգերին չպատասխանելու համար, կարծում եմ, եղել էին ավելի լուրջ պատճառներ...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

