ԻՆՉ ԿՀԵՏԵՎԻ ՊՈՒՏԻՆԻ ԼՌՈՒԹՅԱՆԸ
Արխիվ 12-16ԻՆՉ ԿՀԵՏԵՎԻ ՊՈՒՏԻՆԻ ԼՌՈՒԹՅԱՆԸ
Անցած շաբաթվա վերջերին տեւական ընդմիջումից հետո վերստին սկսեց գործել ռուս-վրացական սահմանահատվածի ՙՎերին Լարս՚ անցակետը, որը գաղտնիք չէ, որ Հայաստանից Ռուսաստան տանող միակ ցամաքային ուղին է: Լավ է, որ անցակետը նորից գործում է, լավ է, որ դրա հարկադիր պարապուրդը Հայաստանի վրա ցավոտ ազդեցություն չունեցավ: Սակայն ՙՎերին Լարսի՚ հետ կապված այս ամբողջ պատմությունը գալիս է եւս մեկ անգամ ահազանգելու, թե արտաքին կոմունիկացիաների առումով ինչ ռիսկային իրավիճակում է գտնվում Հայաստանը:
ՄՈՍԿՎԱՅԻ ԱՐՁԱԳԱՆՔԻՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Քիչ-քիչ բորբոքվող ուկրաինական պատերազմը, այն թեժացումը, որ վերջին օրերին նկատվում է Իրաքում եւ, վերջապես, այս ամենի ֆոնին աննախադեպ ծաղկման հասած ադրբեջանական ռազմական հռետորիկան արդեն լրջագույն ահազանգեր են, որ պետք է ամենի ինչ կենտրոնացնել արտաքին կոմունիկացիաների խնդիրը լուծելու համար: Առավել եւս, որ Ուկրաինայի եւ Մերձավոր Արեւելքի շուրջ ներկայիս զարգացումները վերստին օրակարգ են բերում տարածաշրջանային, միգուցե նաեւ` աշխարհի մասշտաբով մեծ պատերազմի հեռանկարը, եւ ո±րն է երաշխիքը, որ այն չի ծավալվի նաեւ հարավկովկասյան եւ, մասնավորապես, ղարաբաղյան ուղղությամբ...
Մեծ պատերազմի լինել-չլինելու հարցը, անշուշտ, այս օրերին լուծվում է Ուկրաինայում:
Ընդ որում, դա կախված է մի քանի մեծ հարցականներից, որոնք թույլ չեն տալիս ենթադրել, թե ի±նչն առաջ կբերի նման պատերազմ, Ուկրաինա ռուսական զորքեր մտցնե±լը, թե հակառակը, զորք չմտցնելը կհանգեցնի Ռուսաստանի ռազմական կամ քաղաքական ինտերվենցիային, որի ռազմական կամ քաղաքական բնույթի գլոբալ հետեւանքներն անմիջապես իրենց զգացնել կտան նաեւ Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում: Թե իրավիճակը հատկապես որ ուղղությամբ առաջ կգնա, թերեւս արդեն առաջիկա շաբաթներին, եթե ոչ օրերին կսկսի ավելի տեսանելի դառնալ: Համենայնդեպս` այն ազդակները, որոնք վերջին օրերին գալիս են Դոնբասից, իրենց հերթին են խոսում այն մասին, որ Մոսկվան Ուկրաինայի հարցում որոշում կայացնելու համար գործնականում այլեւս ժամանակ չունի: Ամեն դեպքում Դոնեցկի ինքնապաշտպանության այս ամիսներին արդեն հռչակավոր դարձած հրամանատար Իգոր Ստրելկովն այսպես է գնահատում Դոնբասի ներկայիս իրավիճակը. ՙՄեկուկես ամիս առաջ ես կոչ էի անում Ռուսաստանին` խաղաղապահ զորքեր մտցնել: Ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Հիմա արդեն ուշ է. խաղաղապահներն այստեղ առանց մարտի մտնել չեն կարող: Հիմա ես կոչ եմ անում` հրատապ մասշտաբային ռազմական օգնություն տրամադրել...՚: Հակառակ դեպքում, ըստ Ստրելկովի, ինչքան էլ իրենք հերոսական դիմադրություն ցուցաբերեն, մեկ է, ինքնապաշտպանության եւ Կիեւին ենթակա զորքերի հարաբերությունն ահռելի է: ՙՄենք կարող ենք եւս հարյուր զրահամեքենա խփել, ոչնչացնել եւ 5000 հակառակորդի: Սակայն դրանից ուժերի հարաբերությունը գրեթե չի փոխվի՚: Մի խոսքով. ՙԵթե ռազմական օգնություն չլինի, Դոնեցկի եւ Լուգանսկի պարտությունն անխուսափելի է՚,- վստահեցնում է Ստրելկովը:
Այսպիսով` ինչպես եւ ուկրաինական իշխանափոխությունից անմիջապես հետո, այնպես էլ այս օրերին բոլորն սպասում են Կրեմլի արձագանքին, եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լռում է: Շատերի մոտ այդ լռությունն արդեն գնալով խորացող հիասթափություն է առաջացրել, մի մասը խոսում է, թե արեւմտյան պատժամիջոցներն են գերզգուշավոր դարձրել Կրեմլին, հատկապես ռուսական արեւմտամետ շրջանակները սկսել են չարախնդալ, թե Պուտինը դավաճանել է բոլորին: Քիչ չեն նաեւ նրանք, որ կարծում են, թե պետք է օգտվել Պուտինի այս ՙվախեցած՚ վիճակից եւ մի լավ մայդան էլ Մոսկվայում կազմակերպել: Ավելի լավատեսական կարծիքներ էլ կան, թե Պուտինը սպասում է, որ ամերիկյան դոլարն ուր որ է` կտապալվի, անգամ նշելով կոնկրետ ժամկետ` հուլիսի 1-ը: Մի խոսքով` մեկնաբանությունների պակաս չկա, սակայն այդ տեսակետների ընդհանուր հորձանուտում մեկ բան հաստատ է. Մոսկվայի այս լռությունն արդեն սկսել է ազդել նաեւ Դոնբասի ինքնապաշպանության նյարդերի վրա, որից օգտվելով` Կիեւը կարծես թե սկսել է կենտրոնացնել իր բոլոր ուժերը եւ առաջիկա օրերին, ըստ ամենայնի, կփորձի փակել Ռուսաստանի հետ Դոնեցկ-Լուգանսկի ունեցած սահմանը, ինքնապաշտպանության ուժերին առնել ամբողջական շրջափակման մեջ, որից հետո պատերազմի ելքը կդառնա որոշված:
Բայց մյուս կողմից էլ ո±րն է երաշխիքը, որ Ստրելկովը ռազմական նկատառումներից ելնելով չէ, որ նման մռայլ իրավիճակ է նկարագրում: Նաեւ այդ մռայլ տրամադրություններն են, որ ոգեւորել են Կիեւին` իր գործնականում բոլոր մարտունակ զորամիավորումները, այդ թվում` բենդերական ստորաբաժանումները կենտրոնացնել պատկերավոր ասած` նույն կետում: Դրա հետ մեկտեղ` ինքնապաշտպանությունը հասցրել է Սլավյանսկը ՙանվանափոխել՚ Սլավյանգրադի` Ստալինգրադի նմանությամբ: Բայց միայն անվան նմանությո±ւնն է այստեղ, թե պետք է հիշել Ստալինգրադի պատմությունը: Ենթադրություններ չանենք, սակայն ակնհայտ է, որ եթե այս պահին ռուսները որոշեն երկու ուղղությունից, ասենք` Ղրիմից եւ մայրցամաքային Ռուսաստանից զորքեր մտցնել Դոնբասի ռազմական ուղղությամբ, ապա ոչ միայն ուկրաինական բանակից, այլեւ բենդերական ուժերից երկու-երեք օրում բան չի մնա:
Անշուշտ` իրավիճակի նմա զարգացումներին միանգամից կհաջորդի Վաշինգտոնի համաշխարհային հիստերիան: Բայց նկատենք, որ Եվրոպան այս օրերին լրջորեն վախեցել է ռուսական գազից զրկվելու հեռանկարից, որն արդեն իսկ հերթական ճգնաժամային ալիքի մասին խոսակցությունների տարափ է առաջացնում: Այսինքն` Ուկրաինայում իրավիճակի նման զարգացումներից հետո եվրոպական ուժային կենտրոնները, անշուշտ, կհետեւեն վաշինգտոնյան հիստերիային, բայց ՙտակից՚ էլ հազիվ կարողանան զսպել գազային թեմայի այդքան պարզ լուծման առաջ բերած հրճվանքը:
ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԸ
Թե ինչ ուղղությամբ կգնա ուկրաինական իրավիճակը, դեռ կտեսնենք: Բայց ակնհայտ է, որ իր ներկայիս իրավիճակով Ուկրաինան արդեն իսկ որոշակի ազդեցություն ունենում է հարավկովկասյան զարգացումների վրա: Համենայնդեպս` գազի թեման Եվրոպայում հերթական անգամ է առաջ բերել այլընտրանքային գազամատակարարման հարցը, որի լուծումը օրերս Բաքու կատարած այցի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն կրկին կապեց Ադրբեջանից ՙՀարավային գազային միջանցքի՚ ձեւավորման հին գաղափարի հետ: Ընդ որում Բարոզուն այս անգամ խոսում է այդ գազային ուղու շուտափույթ ստեղծման մասին, ինչը, ի դեպ, այս օրերին նաեւ Վաշինգտոնն է ակտիվորեն քարոզում:
Նկատենք, որ եվրոպական այս ծրագրերը Ադրբեջանի համար բացում են մանյովրելու բավականին լայն հնարավորություններ: Համենայնդեպս կան խոսակցություններ, որ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի Բաքու կատարած այցի ժամանակ Ալիեւն ակնարկել է, որ գազային այս բարդ իրավիճակում անվերապահորեն եվրոպական ուղղություն չվերցնելու համար Ադրբեջանը Ռուսաստանից ակնկալում է մի շարք զիջումներ, այդ թվում` Հայաստանի ու Ղարաբաղի առնչությամբ: Բայց այդ բլեֆը, կարծես թե, չի գործում, հաշվի առնելով, որ եթե անգամ Ադրբեջանը որոշի եւ կարողանա Եվրոպային գազ վաճառել, ապա լավագույն դեպքում դա տեղի կունենա 2019-20թթ., այն էլ` կմատակարարվի տարեկան հազիվ 10 մլրդ խմ, որը եվրոպական չափանիշներով չնչին թիվ է: Չէ, ռուսներին դա կարծես թե բացարձակապես չի մտահոգում: Ավելին. կարծես թե ՌԴ-ին հետաքրքիր էլ չէ` Ադրբեջանը կորոշի± իր արտաքին քաղաքական վեկտորն ուղղել դեպի Եվրասիական միություն, հաշվի առնելով, որ շատ ավելի էական է Վրաստանին այդ ուղղությամբ տանելը, որից հետո Ադրբեջանին պարզապես այլ ելք չի մնալու: Ընդ որում, այս օրերին ռուսական տարբեր աղբյուրներից հնչում են ակնարկներ, որ Թբիլիսիի նման դիրքորոշման հարցում էական կարող է լինել Հայաստանի լոբբիստական գործունեությունը: Իսկ այն, որ վերջին ժամանակներս հայ-վրացական քաղաքական շփումներն ակտիվացել են, տեսանելի է, ինչի արտահայտումներից մեկն էլ այսօր տեղր ունեցող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցն է Թբիլիսի: Եվ ահաª նաեւ հայաստանյան դիվանագիտության միջոցով ռուս-վրացական որոշ առանցքային խնդիրները կարգավորելու այս իրավիճակը, օրինակ` ՙՕդնակո. Եվրասիա՚ նախագծի շեֆ-խմբագիր Սեմյոն Ուրալովը բացատրում է այսպես. ՙՀայաստանը Ռուսաստանի համար հանդիսանալով ռազմական առումով նույնիսկ ավելի սերտ գործընկեր, քան Բելառուսն է, հանդիսանում է Անդրկովկասում ամեն ինչի բանալին՚: Այսինքն` նաեւ պետք է դառնա կապող օղակ Եվրասիական միության եւ Իրանի միջեւ, այդ թվում ապրանքաշրջանառության առումով: Ընդ որում` Ուրալովի գնահատմամբ նաեւ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ կնքվող ՙնավթ` ապրանքի դիմաց՚ հայտնի ծրագիրը պետք է հայաստանյան ուղղությամբ իրականացվի, ինչը Վրաստանի համար եւս լուրջ շահագրգռվածություն է առաջացնում Աբխազական երկաթուղու վերագործարկման հարցում, որն այս պահին դարձել է ՙամենակարեւոր քաղաքատնտեսական խնդիրը՚:
Իսկ այս ամենի շուրջ, թերեւս, որոշակի հստակեցումներ կմտցնի Լավրովի այս վերջին` հարավկովկասյան այցելությունը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

