Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԳՆԱՀԱՏԵՑ ՄԵՐ ՏԻՏԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ»
Արխիվ 12-16Հ. ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԳՆԱՀԱՏԵՑ ՄԵՐ ՏԻՏԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ»
Էլեկտրաէներգիայի սակագների հետ կապված երեկվա խորհրդարանական լսումները բավական ակտիվ քննարկման վերածվեց` ե՛ւ քաղաքական մեծամասնության պատգամավորները, ե՛ւ ընդդիմադիր պատգամավորները բարձրացրին մի շարք հարցեր, անգամ ստեղծված իրավիճակում լուծումներ առաջարկվեցին: Նույնիսկ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր երախտագիտությունը հայտնեց քաղաքական մեծամասնության պատգամավորներին` շահագրգիռ քննարկման համար, թեպետ շարունակեց պատճառ փնտրել` իշխանություններին մեղադրելու համար:
Լ. Զուրաբյանի ելույթից հետո խոսեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը եւ ի պատասխան զուրաբյանական երախտագիտության` նշեց. «Պատմական օր է այսօր. ընդդիմությունը վերջապես գնահատեց մեր տիտանական աշխատանքը: Պետք է շնորհակալություն հայտնենք եւ գրենք դա պատմության գրքերի մեջ»:
Ապա անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին եւ կառավարման վատ մենեջմենթին` շարունակեց. «Հասկանալի է, որ մենեջմենթը վատ է, որովհետեւ մենք բոլորս դա տեսնում ենք մեր առօրյա կյանքում: Օրինակ, դեպք գիտեմ, որ ընտրողը եկել է եւ ասում է. «Իմ հաշվիչը կանգնել է, բայց գումար են գրել, ասում եմ` ո՞նց եք գրել այդ գումարը, ասում է` աչքաչափով»: Հասկանալի է, որ նման բան բաշխիչ ցանցերում կա, բայց այն, որ դա այսօր չի մտնում սակագնի հաշվարկի մեջ, պարոն Նազարյանը բազմիցս կրկնեց: Ճիշտ է, թեեւ դա անդրադարձել է նախորդ տարի աշխատավարձերը բարձրացնելու վրա: Սակայն, եթե մենեջմենթը լավը լիներ, այդ աշխատավարձերը իրենք կբարձրացնեին իրենց մենեջմենթի բարելավման հաշվին: Կարելի է, իհարկե, խոսել` ասելով` թե պետք է կամ պետք չէ բարձրացնել սակագինը: Կարող ենք էլի գնալ վարկավորման ճանապարհով, սակայն, ինչքան հասկացա, հիմա վարկ չկա, որը կարող էր լուծել հարցը, կամ էլ հիմա, եթե վարկ վերցնենք, էլի 10 տարի հետո պետք է վերադարձնենք»:
Դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին` Հ. Բաբուխանյանը հավելեց. «Ես պատասխան չստացա, պարոն Նազարյան: Այդ երրորդ գործոնը, այսինքն` վարկերի միջազգային պարտավորությունների, ՄԱԳԱՏԵ-ի պահանջների կատարումը եւ այլն, դրանք ինչքա՞ն մասնաբաժին են կազմում պահանջվող 17, 9 միլիարդ դրամի մեջ: Մենք պետք է մտածենք ընդհանուր համակարգային փոփոխությունների մասին: Թեեւ հասկանալի է, որ էլեկտրական բաշխիչ ցանցերի շահույթի 14 տոկոսը պայմանագրային ֆիքսված թիվ է, առեւտրային կորուստների ինչ-որ թույլտվություն կա, ու դրանք պայմանագրային փաստաթղթեր են, բայց ինչ-որ առումով պետք է դրանք փոխել` բանակցություններ նախաձեռնելով: Ասենք, եթե 10 տոկոսով ավելանա սպառումը, ապա կես տոկոսով նվազի շահույթի նորմը...»:
Բարձրացված հարցերն ամփոփելով` Ռ. Նազարյանը պատասխանեց. «Մենք, ցավոք սրտի, այս բարդագույն եւ մեր հասարակության համար շատ զգայուն հարցին անդրադառնում ենք, երբ նման առիթ ենք ունենում, մենք պետք է ձեզ հետ միասին փորձենք նաեւ այս խնդիրները դարձնել տարեկան կտրվածքով մեր ուշադրության կենտրոնում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

