Արի ու տես, որ ոչ իշխանական քառյակը շտապեց հրապարակել 12 կետից բաղկացած իր պահանջագիրն ուղղված իշխանություններին: Ընդամենը 4 ժամ փակվելով ԱԺ ՙԺառանգություն՚ խմբակցությունում եւ աչքալուսանք տալով, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՙԺառանգությունն՚ ու ԲՀԿ-ն համաձայնության են եկել 12 կետերի շուրջ, պարզվում է, որ այդ կետերից դուրս են մնացել առավել կարեւոր հարցեր: 12+1 կետը եկավ ու մոռացնել տվեց մնացյալ 12-ին: Արդյունքում քառյակը ունի 12 կետ, որտեղ էլեկտրաէներգիայի գնի թանկացման մասին խոսք անգամ չկա: Թե ի±նչն էր պատճառը, որ 12 կետերից սպրդեց էլեկտրեներգիայի հարցը, ՙԻրավունքը՚ հետաքրքրվեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՑ. -Հենց հիմա հատուկ հայտարարություն ենք անելու միայն հոսանքի համար:
- Բայց ինչո±ւ այդ հարցը չմտավ 12 կետերի մեջ: - Որովհետեւ ավելի ենք ուզում կարեւորենք, եւ բացի այդ, 12 կետերի ժամկետը մինչեւ սեպտեմբերի 30-ն էր, իսկ այս հայտարարությունը շատ հրատապ է եւ հիմա պետք է կարգավորվի: Դա չէինք կարող թողնել սեպտեմբերի 30-ին: Հենց հիմա հրատապ հայտարարություն ենք անելու, որ օգոստոսին չթանկացնեն: - Այնուամենայնիվ, չստացվեց, որ ստվերվեցին մնացած 12 կետերը: - Երկու պատճառ եմ ասում. նախ` եթե դա մտցվեր 12 կետերի մեջ, մնալու էր մինչեւ սեպտեմերի 30-ը, իսկ օգոստոսից թանկացնում են, եւ երկրորդ` մենք հիմա առանձին հայտարարություն ենք անում` հատուկ հոսանքի համար: - Ի սկզբանե, չգիտեիք, որ այսպիսի խնդիր է առաջ գալու: - Չէ, վերջին օրերին է այս հարցը բարձրացվել, սկզբից չգիտեինք թանկացման մասին: Ուզում եմ ասել, որ ոչ թե ստվերվում են 12 կետերը, այլ այս հարցը ավելի է կարեւորվում: