ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵՂՄԱՑՆԻ ՃԱՆԱՊԱՐԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏՈՒԺ- ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՉԱՓԸ
Արխիվ 12-16ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԵՂՄԱՑՆԻ ՃԱՆԱՊԱՐԱՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏՈՒԺ-
ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՉԱՓԸ

ԱԺ-ում այսօր քննարկվում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների վերանայման հարցը: Այդ առնչությամբ կառավարությունն առաջարկում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարել: Հիշեցենք, որ օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն էր եղել եւ քննարկվել այդ հարցը , ստեղծվել էր աշխատանքային խումբ: ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը ներկայացրեց, թե ինչ է առաջարկվում այդ փոփոխությամբ.
1. Ներկայումս, եթե վարորդը խախտում է կանգառի կամ կայանման կանոնները, մեքենան տեղափոխվում է տուգանային հրապարակ, նախատեսվում է 40 հազար դրամ տուգանք: Հիմա առաջարկվում է տուգանքն իջեցնել, դարձնել 20 հազար դրամ՝ հաշվի առնելով միջազգային պրակտիկան:
2. Առաջարկվում է նաեւ, որ եթե մեքենան կայանում է կանգառ կատարելու համար երթեւեկելի մասի կետին ոչ զուգահեռ, այսինքն՝ թարս, տուգանքը 10 հազար դրամի փոխարեն կիրառել 5000 դրամ:
3. Մեքենան հետիոտնային անցման վրա կանգնեցնելու համար նախատեսվող 20 հազար դրամ տուգանքն առաջարկվում է դարձնել 15 հազար դրամ, եթե դա կապված չէ մեքենայի տեխնիկական վիճակի կամ վարորդի առողջական վիճակի հետ:
4. Ինչ վերաբերում է արագությունը գերազանցելու հետ կապված տուգանքներին, առաջարկվում է, որպեսզի այսուհետեւ վարորդները 1-10 կմ/ժ արագությամբ գերազանցելու դեպքում յուրաքանչյուր 1 կմ/ժ-ի համար 1000 դրամ տուգանք վճարի: Օրինակ, եթե տվյալ մայրուղիում առավելագույն արագությունը 60 կմ/ժ է, բայց վարորդը 70 կմ/ժ արագությամբ է երթեւեկում, առաջ 10 հազար դրամ տուգանք էր վճարում, այսօր առաջարկվում է վճարել 1000 դրամ:
5. 11-20 կմ/ժ արագությամբ գերազանցելու դեպքում նախատեսվում է յուրաքանչյուր կմ/ժ- համար գերազանցող թիվը բազմապատկել 1500 դրամի չափով: Ասենք, եթե այսօր վարորդը 81 կմ/ժ արագությամբ երթեւեկելու դեպքում պատժվում էր 30 հազար դրամ, ապա նախագծով՝ 16.500 դրամ է տուգանվելու: Այն բոլոր խախտումները, որոնք էապես վտանգ են ներկայացնում, էական են գերազանցում նախատեսված արագությունները, նախատեսվում է անհամաչափ բարձր տուգանքներ: Օրինակ՝ եթե մայրուղու վրա նախատեսվում է 80 կմ/ժ արագություն, մեքենան գերազանցում է 170-180 կմ/ժ եւ դրանից ավելի արագություն են ցույց տալիս, նախատեսվում է ամենաբարձրը 500 հազար դրամ, եւ ամենաքիչը 100 հազար դրամ:
6. Առանց վարորդական վկայականի երթեւեկելու համար 5000 դրամի փոխարեն տուգանքը լինելու է 3000 դրամ, բայց դա այն դեպքում, երբ վարորդն ունի վկայական, բայց ինչ-ինչ պատճառներով իր մոտ չէ:
7. Երբ մեքենան վարողը չունի վկայական, տուգանքը առաջարկվում է բարձրացնել եւ 5000-ից 10 հազար դրամ դարձնել: Իսկ եթե տաքսի ծառայությունների ղեկավարներն են վարորդների ընդունել աշխատանքի, որոնք չունեն վարորդական իրավունքի վկայական, պետք է խոշոր տուգանքի ենթարկվեն՝ 50-75 հազար դրամ:
8. Մեքենան վարելիս հեռախոսով խոսող վարորդներին 3000 դրամի փոխարեն առաջարկվում է տուգանել 5000 դրամ: «Մենք գտնում ենք, որ նմանատիպ խախտումները շատ մեծ վտանգ են ներկայացնում ոչ միայն իրենց, իրենց հետ եղած ուղեւորների, այլ նաեւ մյուս վարորդների եւ հետիոտների համար»,- ասաց պարոն Օսիկյանը:
Ի դեպ, երթեւեկության խախտումների համար սահմանված տուգանքները նվազեցնելու կառավարության նախագիծը արագաչափերի, տեսախցիկիների, կարմիր գծերի դեմ պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության պահանջները չի բավարարում, նրանք շարունակում են պայքարը:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

