ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. ՙՀԵՐԻՔ Է ՕՏԱՐԱՄՈԼ ԼԻՆԵՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ՚
Արխիվ 12-16ՌՈԲԵՐՏ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ. ՙՀԵՐԻՔ Է ՕՏԱՐԱՄՈԼ ԼԻՆԵՔ, ԺՈՂՈՎՈՒՐԴ՚
Այս օրերին մարզասեր հասարակության ողջ ուշադրությունը սեւեռված է դեպի Բրազիլիա, որտեղ անցկացվում է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը: Ցավոք, այս առաջնությանը եւս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն ու երկրպագուները միայն դիտողի դերում են, սակայն մենք այս կամ այն կերպ անմասն չենք մնում ֆուտբոլային այս մեծ իրադարձությունից:
Գերմանիա-Հայաստան ընկերական խաղը, կարծում եմ, դեռ որեւէ մեկին մոռանալ չի հաջողվել: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր գերմանացիների հաղթանակովª 6:1, ինչից հետո առողջ եւ անառողջ քննադատության տեղատարափ սկսվեց ազգային ընտրանու ֆուտբոլիստների եւ թիմի գլխավոր մարզչի հասցեին:
Եվ այսպես, օրեր առաջ, երբ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականը աշխարհի առաջնության առաջին տուրում 5:1 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց Գերմանիայի հավաքականից, Հայաստանի հավաքականի եւ ղազախական ՙԱկտոբեի՚ պաշտպան Ռոբերտ Արզումանյանը փորձեց համեմատական անցկացնել այս հանդիպման եւ հունիսի 6-ին կայացած Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպման միջեւ: Հայ ֆուտբոլիստը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն էր արել. ՙՌոբենն ու Վան Պերսին երկուսով Իսպանիայի պաշտպանությունն այն օրը գցեցին, ինչ Գերմանիան մեզª իր ամբողջ կազմով ու 6 փոխարինողներով: Հայ վայ-մասնագետներ, նայեք ու տեսեք` որն է վատ պաշտպանությունը՚:
Այդ գրառումը մինչ օրս թեժ քննարկվում է, մեկնաբանություններում կարծիքները տարբեր են: Ըստ երեւույթին, ֆուտբոլասերներին զայրացրել էր այն փաստը, որ ֆուտբոլիստը համեմատության համար ընտրել էր մի հավաքականի, որի հետ խաղամակարդակների ահռելի տարբերություն կա: Ռոբերտ Արզումանյանը ակտիվորեն մասնակցում է գրառման մեկնաբանություններին, որտեղ նաեւ գրել է. ՙՀերիք է օտարամոլ լինեք ժողովուրդ, սխալը բոլորի համար է սխալ: Ցավում եմ, որ ոմանք ավելի շատ երկրպագում են Իսպանիային, քան Հայաստանին: Սթափվեք, եւ այդ շատերը նրանք են, ովքեր ապրում են Հայաստանից դուրս՚: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի խոսքերն իհարկե ճշմարտացի են, քանզի ստացվում է, որ Հայաստանի ազգային ընտրանու յուրաքանչյուր սայթաքում ընդունվում է շատ ծայրահեղական մոտեցմամբ, երկրպագուները հասկանում են խաղամակարդակների տարբերությունը միայն այն ժամանակ, երբ իրենց տեսակետին հակասող որեւէ բան ասում են ֆուտբոլիստները, որպես մեծամտություն է ընկալվում նման համեմատությունը, բայց երբ հաղթանակ են պահանջում, օրինակ, Գերմանիայի ընտրանու դեմ խաղում, մոռանում են, որ մեր ընտրանին երբեւէ ոչ Աշխարհի եւ ոչ Եվրոպայի չեմպիոն, ոչ էլ անգամ մոտավոր հավակնորդի դերում չի եղել: Ինչեւէ, երկրպագելու արվեստը նույնպես մեզ մոտ հեռու է իդեալականից, աշխարհի առաջնությանը հետեւելով կողքից, միեւնույնն է, հայ ֆուտբոլասերները հնարը գտնում են` դառնալու դրա մասնակիցը` թեկուզ եւ ոչ այնքան ֆուտբոլային դիտակետից:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

