Հ. Բաբուխանյան. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԳՆԱՀԱՏԵՑ ՄԵՐ ՏԻՏԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ»
Արխիվ 12-16Հ. Բաբուխանյան. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԳՆԱՀԱՏԵՑ ՄԵՐ ՏԻՏԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ»
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ խորհրդարանական լսումներ` «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էներգետիկայի սակագնի փոփոխման որոշման եւ հիմնավորման վերաբերյալ» թեմայով: Լսումները բավական ակտիվ քննարկման վերածվեց ե՛ւ քաղաքական մեծամասնության պատգամավորները, եւ ընդդիմադիր պատգամավորները բարձրացրեցին մի շարք հարցեր, անգամ ստեղծված իրավիճակում լուծումներ առաջարկվեցին: Նույնիսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր երախտագիտությունը հայտնեց քաղաքական մեծամասնության պատգամավորներին շահագրգիռ քննարկման համար, թեպետ շարունակեց պատճառ փնտրել իշխանություններին մեղադրելու համար: Լ. Զուրաբյանի ելույթից հետո, խոսեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ եւ ի պատասխան զուրաբյանական երախտագիտության նշեց. «Պատմական օր է այսօր` ընդդիմությունը վերջապես գնահատեց մեր տիտանական աշխատանքը: Պետք է շնորհակալություն հայտնենք եւ գրենք դա պատմության գրքերի մեջ»: Ապա անդրադարձավ էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին եւ կառավարման վատ մենեջմենթին` շարունակեց. «Հասկանալի է, որ մենեջմենթը վատ է, որովհետեւ մենք բոլորս դա տեսնում ենք մեր առօրյա կյանքում: Օրինակ, դեպք գիտեմ, որ ընտրողը եկել է եւ ասում է. «Իմ հաշվիչը կանգնել է, բայց գումար են գրել, ասում եմ` ո՞նց եք գրել այդ գումարը, ասում է` աչքաչափով»: Հասկանալի է, որ նման բան բաշխիչ ցանցերում կա, բայց այն, որ դա այսօր չի մտնում սակագնի հաշվարկի մեջ, պարոն Նազարյանը բազմիցս կրկնեց: Ճիշտ է, թեեւ դա անդրադարձել է նախորդ տարի աշխատավարձերը բարձրացնելու վրա: Սակայն, եթե մենեջմենթը լավը լիներ, այդ աշխատավարձերը իրենք կբարձրացնեին իրենց մենեջմենթի բարելավման հաշվին: Կարելի է, իհարկե, խոսել` ասելով` թե պետք է կամ պետք չէ բարձրացնել սակագինը: Կարող ենք էլի գնալ վարկավորման ճանապարհով, սակայն ինչքան հասկացա հիմա վարկ չկա, որը կարող էր լուծել հարցը կամ էլ հիմա եթե վարկ վերցնենք, էլի 10 տարի հետո պետք է վերադարձնենք »:
Դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին` Հ. Բաբուխանյանը հավելեց. «Ես պատասխան չստացա, պարոն Նազարյան: Այդ երրորդ գործոնը, այսինքն` վարկերի միջազգային պարտավորությունների, ՄԱԳԱՏԵ-ի պահանջների կատարումը եւ այլն, դրանք ինչքա՞ն մասնաբաժին են կազմում պահանջվող 17, 9 միլիարդ դրամի մեջ: Մենք պետք է մտածենք ընդհանուր համակարգային փոփոխությունների մասին: Թեեւ հասկանալի է, որ էլեկտրական բաշխիչ ցանցաերի շահույթի 14 տոկոսը պայմանագրային ֆիկսված թիվ է, առեւտրային կորուստների ինչ-որ թույլտվություն կա ու դրանք պայմանագրային փաստաթղթեր են, բայց ինչ-որ առումով պետք է դրանք փոխել բանակցություններ նախաձեռնելով: Ասենք, եթե 10 տոկոսով ավելանա սպառումը, ապա կես տոկոսով նվազի շահույթի նորմը: Ես այսօր ասացի արեգակնային էլեկտրաէներգիայի մասին, բայց խոսքը ընդհանրապես ալտերնատիվ էկեկտրաէներգիայի վերաբերյալ է: Դրա մասին պետք է այսօր մտածել, որովհետեւ նավթն էլ է թանկանալու, գազն էլ է թանկանալու եւ լինելու են այլ թանկացումներ, որոնք կբերեն այնպիսի իրավիճակների, որ մենք ստիպված կլինենք թեկուզ 3-4 տարի հետո նման խնդիրներ ունենալ»:
Բարցրացված հարցերն ամփոփելով` Ռ. Նազարյանը պատասխանեց. «Մենք ցավոք սրտի այս բարդագույն եւ շատ զգայուն մեր հասարակության համար հարցին անդրադառնում ենք, երբ նման առիթ ենք ունենում, մենք պետք է ձեզ հետ միասին փորձենք նաեւ այս խնդիրները դարձնել տարեկան կտրվածքով մեր ուշադրության կենտրոնում»: Ապա առաջարկելով միասին աշխատել` անկեղծացավ. «Մենք հասկացված լինելու խնդիր ունենք եւ ամեն անգամ կարճ ժամանակամիջոցում շատ դժվար է միանգամից մատուցել եւ միանգամից ընկալված լինել»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

