Երեկ Ազգային ժողովում 100 տոկոս համամասնական ընտրական համակարգին անցնելու վերաբերյալ քննարկում անցկացրեցին Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ ՙՕրինաց երկիր՚ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Քննարկումից անմիջապես հետո ՕԵ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ հանդիպումը շատ կառուցողական էր, քննարկվել է 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու հարցը. ՙՆերկայիս ընտրական համակարգը ազատ, արդար ընտրությունների համար խոչընդոտ է: Նրանք էլ սկզբունքորեն դեմ չեն, որ այդ համագործակցությունը տեղի ունենա, կլինեն աշխատանքային քննարկումներ, նոր տեսակետներ ու մոտեցումներ կարտահայտվեն: Գալուստ Սահակյանն ասաց, որ իրենք սկզբունքորեն դեմ չեն աշխատել, համագործակցել եւ հասնել նրան, որ բոլոր քաղաքական ուժերի համար ընդունելի տարբերակ գտնվի՚:
Տիկին Բիշարյանը նաեւ տեղեկացրեց, որ այս հարցի կապակցությամբ արդեն հանդիպել են ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՙԱզատ դեմոկրատների՚ եւ ՙԺառանգության՚ հետ, իսկ սա էլ հերթական հանդիպումն էր. ՙՈրպեսզի արձանագրենք հաջողություն, մենք որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցություն չենք բացառում: Մենք չպետք է դադարենք պայքարել, որպեսզի 100 տոկոս համամասնականը դարձնենք իրողություն: Ի սկզբանե չպետք է դատապարտել, գուցե գալիս է մի պահ, եւ քննարկումները բերում են դրական լուծումների՚: