ՙԻՀԱՐԿԵ, ՉԵՄ ՓՈՇՄԱՆԵԼ, ՈՐ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԵՄ ԼՂՀ-Ի ՀԱՐՑԸ՚
Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ ասուլիս` ՀՀ Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի իշխանական ներկայացուցիչների կողմից, որտեղ ամփոփեցին հանձնաժողովի վերջին նիստի արդյունքները: Նշենք, որ նիստը կայացել էր օրերս, Նիժնի Նովգորոդի մարզում` հունիսի 4-6-ը: Պատվիրակության անդամների ցուցակում եղել են նաեւ ընդդիմադիր, ոչ իշխանական թեւի ներկայացուցիչներ, որոնք սակայն ասուլիսին չէին ներկայացել, իսկ թե ինչու, դա էլ հայտնի չէր: Ասուլիսին հնչեցին հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին Դմիտրի Կիսիլյովի վերջին հանդիպմանը: Epress.am-ի` ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՆ ուղղված այն հարցին, թե արդյոք պատգամավորը չի փոշմանել, եւ երկրորդ անգամ էլ չի բարձրացնի ԼՂՀ-ի ճանաչման հարցը, որի մասին նա խոսել է Կիսելյովի հետ` հայ-ռուսական ակումբում հանդիպման ժամանակ, որին պարոն Կիսելյովը արձագանքեց, որ դա ժամանակավրեպ է, պատգամավորը նշեց.
-Մեր ռուս գործընկերների հետ հանդիպման ժամանակ բարձրացնում ենք բազում հարցեր, որոնք մեր ազգի համար նշանակություն ունեն: Օրինակ, խնդրո առարկա հանդիպման ժամանակ, խոսքը վերաբերում է Նիժնի Նովգորոդի հանդիպմանը, այնտեղ բարձրաձայնել ենք Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման եւ մեր տնտեսության վրա դրա ծանր ազդեցության մասին: Ինչպես նաեւ հայտնեցինք մեր տհաճ զգացմունքները` Ալիեւի նամակի հետ կապված: Իհարկե, ԼՂՀ-ի հարցը մեզ համար մնում է ամենակարեւորը, որը թե° մեր անվտանգության, թե° մեր ազգային նպատակն է եւ այլն: Անկասկած, մենք պետք է դիմենք ամբողջ աշխարհին այդ հարցով, որպեսզի ԼՂՀ-ի անկախությունը, անվտանգությունը, խաղաղությունը այդ սահմաններում լինի երաշխավորված: Այդ հանդիպման ժամանակ բարձրացրել ենք նաեւ Ցեղասպանության հարցը, ինչպես նաեւ մյուս տարի Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված հարցեր: Իսկ, ինչպես գիտեք, ՌԴ-ն վաղուց ճանաչել է այն: Պետք է նշեմ, որ 25 տարի է, ինչ բարձրացնում եմ Ղարաբաղի հարցը, եւ որքան հնարավորություն ունենամ` կբարձրացնեմ: Իհարկե, ես չեմ փոշմանել, որ խոսել եմ ԼՂՀ-ի անկախության ճանաչման մասին, արտահայտել եմ իմ կարծիքը, ցանկությունը եւ, կարծում եմ, որ սա շատ նորմալ է, որ հայ պատգամավորը ցանկություն է հայտնում, որպեսզի այլ երկրներ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Իսկ նման հանդիպումների ժամանակ, էլ ավելի մեծ պահանջներ կարող ենք ներկայացնել, որտեղ կարող են մյուսներն էլ արտահայտել իրենց կարծիքները: ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ