ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՆՈՐ ՊՐԵՄԻԵՐԱ` «6 ՈՒՏԵՍՏ ՕԼԻԳԱՐԽԻ ՀԱՄԱՐ»
Արխիվ 12-16ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՆՈՐ ՊՐԵՄԻԵՐԱ` «6 ՈՒՏԵՍՏ ՕԼԻԳԱՐԽԻ ՀԱՄԱՐ»
Նորաստեղծ «Վիվարտե» մշակութային կենտրոնը թատերասեր հայ հանդիսատեսին կներկայանա իր առաջին` «6 ուտեստ օլիգարխի համար» նրկայացմամբ: Գաննա Սլուցկիի պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման անդրանիկ ցուցադրությունը տեղի կունենա հունիսի 17-ին` Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի բեմում: Նախկինում պիեսը ` «1 հավից 6 ուտեստ» անվամբ կրկին բեմադրվել էր, սակայն ինչպես ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ ԻՌԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ է փաստում, շատ ասելիքներ են եղել, որոնք կիսատ են մնացել, իսկ սա լավագույն առիթն է այդ ասելիքը հանդիսատեսին հասցնելու համար` արդեն այլ վերնագրով: Ներկայացումը մի քանի ժանրերի
միաձուլում է, որի հիմքում ընկած է սերը` մոր եւ որդու փոխհարաբերությունները: Այստեղ կհնչեն բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանները կտրվեն բեմադրության վերջում, դրանք կարեւոր հաղորդագրություններ են ուղղված հանդիսատեսին:
Ներկայացման մեջ գլխավոր հերոսին մարմնավորելու է դերասան Յուրի Իգիթխանյանը, ում համար հետաքրքիր է եղել բեմադրությունում հանդես գալ այն ձեւով, որը կտեսնի հանդիսատեսը: Դերասանը նախորդ տարի դուրս է եկել խաղացանկային թատրոնից, սակայն մեկնաբանեց, որ դրանով դուրս չի եկել իր մասնագիտությունից: «Այս տարբերակը ժամանակակից դերասանի համար ավելի նախընտրելի է, քանի որ ցավոք խաղացանկային թատրոնը ընդհանուր առմամբ այսօր դերասանին դնում է մի փոքր
կաղապարների մեջ թե՛ ժամանակային, թե՛ խաղացանկի հետ կապված: Դերասանի համար շատ կարեւոր է նույն ջուրը երկու անգամ չմտնելը, սակայն այս դեպքում կարող եմ ասել, որ շատ հետաքրքիր երաժշտական եւ պարային լուծումներով ներկայացում է ստացվել»,-նկատեց ՅՈՒՐԻ ԻԳԻԹԽԱՆՅԱՆԸ:
Ներկայացման մեջ հանդիսատեսը կտեսնի ճանաչված ու սիրելի դերասանների, մեկնաբան, ներկայացման պրոդյուսեր Արտյոմ Կարապետյանի խոսքով` այստեղ հանդես են գալիս բացառապես պրոֆեսիոնալ դերասաններ եւ ամեն ինչ արվել է, որպեսզի թատերախումբը ըստ արժանվույն ներկայանա հանդիսատեսին:
«Հանդիսատեսը, որը նախկինում տեսել է այս բեմադրությունը, համոզված եմ, որ այժմ նա կտեսնի մեծ տարբերություն նախկին եւ այս ներկայացման միջեւ: Պիեսը կբեմադրվի ռուսերենով, սակայն ունենք հավակնոտ ծրագրեր` շուտով կներկայանանք նույն պիեսի հայերեն տարբերակով»,-նշեց ԱՐՏՅՈՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ եւ հավելեց, որ նպատակ ունեն ստեղծել երկլեզու թատրոն` բեմադրելով նոր պիեսներ:
Թատերախմբի նպատակներն ու անելիքները շատ են, առաջիկայում նախատեսված է մարզային հյուրախաղեր, թատերախումբը հանդես կգա նաեւ Արցախում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

