ՔԵՍԱԲԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ԱՅԼԵՎՍ ՄՈՏԱԼՈՒՏ ՓԱՍՏ Է
Արխիվ 12-16ՔԵՍԱԲԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ ԱՅԼԵՎՍ ՄՈՏԱԼՈՒՏ ՓԱՍՏ Է
Քեսաբահայերի շրջանում մեծ ոգեւորություն է տիրում, քանի որ այլեւս Քեսաբի ազատագրումը «սարերի հետեւում չէ»: Սիրիական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն եւ մեր հայրենակիցների փաստմամբ` այսօր սիրական զորքը մտել է Քեսաբի հրապարակ: Ավելին` զորքը հրապարակում բարձրացրել է սիրիական դրոշը եւ հնչեցրել հաղթանակի կոչեր: Այս պահին Թուրքիան փակել է սահմանը Քեսաբի հետ, սակայն թույլ է տալիս միայն վիրավորներին տեղափոխել Հաթայ: Որոշ տեղեկությունների համաձայն, շուրջ 150 վիրավորներ տեղափոխվել են Քեսաբից: Նույնիսկ տեղափոխումն իրականցվում է փոքր բեռնատար մեքենաներով, քանի որ շտապօգնության մեքենաներ չկան: Քեսաբահայերը հետեւելով դեպքերին` վստահաբար ասում են. «Սուրիական բանակը կը շարունակէ մաքրագործել Քեսապի շրջակայքը: Ահաբեկչական խմբաւորումները խոյս կուտան լեռներէն դէպի «Ռապիա»: 24 ժամերէ ի վեր շարունակուող թէժ մարտերուն որպէս արդիւնք, բանակը կը յաջողի իր առաքելութեան մէջ»:
Դեպքերի նման զարգացումը ինչպես երեւում է, մեղմ ասած, այդքան էլ թուրքական իշխանությունների սրտով չէ , քանի որ մի քանի ժամ առաջ Թուրքիայի նախագահ Գյուլն իր մոտ է կանչել արտգործնախարարին եւ տեղակալին, հետախուզական ծառայության պետին ու գլխավոր շտաբի պետի տեղակալին եւ շուրջ 1.5 ժամ քննարկել Հյուսիսային Իրաքի Մոսուլում իրավիճակը: Համենայն դեպս, այդպես ասված է հաղորդագրության մեջ, մինչդեռ իրականում չի բացառվում, որ քննարկվել են նաև Քեսապի դեպքերը:
Մեզ մնում է աղոթել քեսաբահայերի համար ու հուսալ, որ կիրակի առավոտը կսկսվի Քեսաբը ազատագրելու մասին պաշտոնական հայտարարությամբ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

