ԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16ԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է շախմատային սուպերմրցաշարը, որտեղ իր ելույթներն է շարունակում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը դարձյալ ոչ-ոքի խաղաց այս անգամ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Արոնյանը խաղում էր սեւերով, 6 ժամից ավելի տեւած պարտիան ավարտվեց 63-րդ քայլում: Կրամնիկը վաստակեց 4 միավոր եւ Կարլսենի ու Կարուանայի հետ բաժանում է առաջին տեղը: Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը նախորդª 6-րդ տուրում սպիտակներով դարձյալ ոչ-ոքի էր խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Հայ գրոսմայստերը վաստակել է 3 միավոր:
Նշենք նաեւ, որ հունիսի 15-ից 21-ը ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լեւոն Արոնյանը Հայաստանի շախմատի հավաքականի մյուս ներկայացուցիչներիª Գաբրիել Սարգսյանի, Սերգեյ Մովսեսյանի եւ Զավեն Անդրիասյանի հետ մասնակցելու է Դուբայում կայանալիք աշխարհի արագ եւ կայծակնային խաղի անհատական առաջնություններին: Հետեւաբար, Ստավանգերի սուպերմրցաշարի արդյունքները էլ ավելի են կարեւորվում: Մեկ անգամ չէ, որ համոզվել ենք` նախորդի ելույթներն ու արդյունքները անպայմանորեն ազդում են հաջորդ մրցաշարի արդյունքերի վրա, քանզի հոգեբանական պատրաստվածությունը մղվում է առաջին պլան: Մեր մյուս գրոսմայստերներ Հովհաննես Գաբուզյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում ավարտված մրցաշարում, մրցակցային տեղերի համար պայքարել չկարողացան: Լավագույն արդյունքը գրանցեց Հովհաննես Գաբուզյանը` 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր եւ 154 մասնակիցների մեջ գրավելով 10-րդ տեղը: Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանի եւ Տիգրան Լ. Պետրոսյանի արդյունքն է 6, ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանինը` 5 միավոր: 7,5 միավորով մրցաշարի հաղթող է դարձել բուլղարացի գրոսմայստեր Իվան Չեպարինովը: Իսկ ահա գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Կազան քաղաքում ավարտված Նեժմետդինովի հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ միջազգային վարպետ Նիկիտա Մատինյանի արդյունքն էր 5 միավոր:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

