ՙՄԵԾԱՐԵՆՔ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ
Արխիվ 12-16ՄԵԾԱՐԵՆՔ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ԿՈՂՔԻՆ
Հունիսի 15-ին տեղի կունենա ՎԱՐԴՈՒՀԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՙԽոսուն լռություն՚ գրքի շնորհանդեսը` նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ-երգահան ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԻՆ:
ՙԻրավունքի՚ հետ զրույցում գրքի հեղինակ Վ. Գասպարյանն ասաց, որ Դավիթ Ամալյանը վերջերս է տեղեկացել այդ մասին եւ անակնկալի գալով` բացասական արձագանքել. ՙՈչ թե նա ինձ չի վստահում, այլ չի սիրում, որ իրեն գովերգում ու մեծարում են: Նա անընդմեջ կրկնում է. ՙՈվ եմ ես, որ իմ մասին գիրք գրեք…՚: Բայց, անկախ այդ ամենից, նրան բոլորն են սիրում՚:
Սա Վարդուհու երրորդ գիրքն է, մինչ այդ հեղինակը տպագրել է երկու գրքույկներ, մեկը նվիրված դերասան Վարշամ Գեւորգյանին` ՙԶրույց դերասանի հետ՚ եւ ՙԿապույտ Վարդի լեգենդը՚, որտեղ մեկտեղված են հեղինակի գրեթե բոլոր ստեղծագործությունները:
Հեղինակն այս անգամ ոգեշնչվելով Դավիթ Ամալյանի ՙՀոգու հնչյուն՚ երգով, որոշել է այս մեկն էլ նվիրել հենց նրան. ՙԴ. Ամալյանի ՙՀոգու հնչյուն՚ երգը լսելուց հետո սկսեցի հետեւել նրա արվեստին: Գրեթե տասը տարի, որպես լրագրող հաճախ եմ զրույցներ ունեցել, նրան հրավիրել մասնակցելու իմ կազմակերպած հուշ-երեկոյին` Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված: Այդ ընթացքում ինձ համար բացահայտեցի նրա` ազատամարտիկի եւ ամենակարեւորը` իսկական մարդ լինելու կերպարը, իսկ մեր ժամանակներում այն ամենքին տրված չէ՚:
Վարդուհու խոսքերով` Դ. Ամալյանի մասին գիրքն ունի նաեւ կոնկրետ ուղղվածություն ու նպատակ. ՙՎարշամ Գեւորգյանի մասին գիրքը գրելիս առաջնորդվեցի հետեւյալ կերպ` երիտասարդն էլ ասելիք ունի: Իսկ Դավիթ Ամալյանի դեպքում` որոշեցի ողջերի մեջ հերոսներ փնտրել ու Դավիթի կերպարով ներկայացնել բոլոր հերոսներին, սկսած ազատամարտիկ տղաներից` մինչեւ հայ մշակույթի նվիրյալները: Հայերս մի բնավորություն ունենք` մահվանից հետո մեծարել մարդուն, երեկոներ նվիրել, այնինչ պետք է մեծարենք նրանց, ովքեր ապրում են մեր կողքին եւ շարունակենք ոգեշնչվել նրանց գործերով: Իհարկե, խոնարհվում եմ բոլոր նրանց հիշատակի առջեւ, ովքեր չկան այսօր, բայց, այնուամենայնիվ, չմոռանալով նրանց` մեր կողքին ապրողներին էլ անհրաժեշտ ուշադրություն դարձնենք՚:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

