«ՄԵԶ ՄՈՏ «ԽԾԲ» ՏԱՐԲԵՐԱԿ ՉԻ ԳՈՐԾԵԼՈԻ»
Արխիվ 12-16
«ՄԵԶ ՄՈՏ «ԽԾԲ» ՏԱՐԲԵՐԱԿ ՉԻ ԳՈՐԾԵԼՈԻ»
Հունիսի 18-19-ը Երեւանում միջազգային փառատոների կովկասյան ասոցիացիան առաջին անգամ կանցկացնի «Կովկասի առաջնություն-2014» երգի եւ պարի միջազգային մրցույթ-փառատոն` մեծ մասշտաբներով: Այդ մասին երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում հայտնեցին մրցույթի կազմակերպիչներ` ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ՈՒ ԿԱՐԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:
Ա. Ղուկասյանի փոխանցմամբ` երեւանյան մրցույթին մասնակցում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ` Սլովենիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Հայաստանից, ինչպես նաեւ ազգային փոքրամասնություններ:
ԱՆԳԼԻԱԿԱՆ ԱՅԳՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԴԵՖԻԼԵ
«Մրցույթ-փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու հունիսի 18-ին` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Սակայն մինչ բացման արարողությունը Անգլիական այգում կանցկացվի դեֆիլե»,- տեղեկացրեց Ա. Ղուկասյանը: Կազմակերպիչների խոսքերով` մոտ 200 հայտ են ստացել, սակայն միայն 70-ն է իրավունք ստացել մասնակցելու մրցույթ-փառատոնին: Սոցիալական կայքերի միջոցով հայտարարվել եւ անցկացվել է քաստինգ. մասնակիցները փառատոնի կազմակերպիչներին ներկայացրել են տեսագրություններ:
Ա. Ղուկասյանը լրագրողներին ասաց, որ մրցույթ-փառատոնին մասնակցության ցանկություն են հայտնել ինչպես անհատ մասնակիցներ, զույգեր, այնպես էլ մեծ եւ փոքր խմբեր` սկսած 9 տարեկանից: Ի դեպ, մասնակիցները մրցելու են պարի եւ երգի ամենատարբեր ժանրերում:
ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆ ԿԵՐԳԵՆ
«Ցավոք, չհասցրեցինք, որ մրցույթ-փառատոնին մասնակցող արտերկրյա հյուրերը հայերեն որեւէ ստեղծագործություն ներկայացնեն: Բանն այն է, որ նրանք դժվարությամբ են սովորում հայ երգը. արտաբերման հետ խնդիրներ են ունենում: Հետագայում պարտադիր նախապայման կլինի` մրցույթին հայերեն որեւէ ստեղծագործություն ներկայացնելը»,- ընդգծեց Կ. Զոհրաբյանը:
Փառատոնի կազմակերպիչները խոստացան, որ հյուրերի համար կկազմակերպվեն էքսկուրսիաներ Հայաստանի տեսարժան վայրերով:
ԿԱՐԵՎՈՐԸ ՈՐԱԿՆ Է
«Իրավունքի» հարցին, թե ինչ հստակ չափորոշիչներ են գործել մրցույթի մասնակիցների համար, նկատի ունենք նախնական փուլը, բանախոսները հետեւյալ կերպ արձագանքեցին. «Մեզ համար կարեւոր էր որակը»:
Խոսելով մրցույթ-փառատոնի ժյուրիի կազմի մասին, կազմակերպիչները ասացին, որ ժյուրիի կազմը համալրել են ինչպես հայ, այնպես էլ` արտերկրյա հյուրեր: Բանախոսները շեշտեցին, որ ցանկանում են արդար մրցույթ անցկացնել, որտեղ չկան բոլորին հայտնի «ԽԾԲ» տարբերակներ: Ասուլիսի մասնակիցների խոսքերով` բոլոր անվանակարգերում կլինի մեկ գլխավոր (Գրան պրի) մրցանակ, ինչպես նաեւ առաջին, երկրորդ եւ երրորդ մրցանակային տեղեր: Բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության պատվոգրեր` անկախ զբաղեցրած տեղերից: Մրցույթ-փառատոնի ամփոփումը գալա համերգը կանցկացվի Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում:
ԱՅՆՔԱՆ ԷԼ ԻՐԱԶԵԿՎԱԾ ՉԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Բանախոսները ասացին, որ մրցույթում լավագույնս դրսեւորած մասնակիցները հնարավորություն կունենան անվճար մասնակցելու արտերկրյա նմանատիպ մրցույթ-փառատոների, ինչը լավ հնարավորություն է` ներկայացնելու Հայաստանը: Փառատոնի կազմակերպիչներին մտահոգում է, որ եվրոպական փառատոների որոշ կազմակերպիչներ այնքան էլ լավ չեն իրազեկված Հայաստանի մասին: Երեւանյան փառատոնի մասին, որը կանցկացվի հունիսի 18-19-ը նրանք անպայման կտեղեկանան: Համոզված են կազմակերպիչները:
Կ. Զոհրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ փառատոն-մրցույթի ամբողջ ընթացքը` սկսած հյուրերի ժամանումից` տեսագրվելու է. «Այդ բոլոր տեսագրություններն արվելու են ֆիլմի համար»:
Նշենք, որ մրցույթ-փառատոնը որեւէ կոմերցիոն նպատակ չի հետապնդում:
Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

