ԻՆՉ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԹԵԹԵՎԱՑՈՒՄՆԵՐԸ
Արխիվ 12-16ԻՆՉ ԵՆ ԽՈՍՏԱՆՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԹԵԹԵՎԱՑՈՒՄՆԵՐԸ
Երեկ հայտնի դարձավ, որ հունիսի 18-ին տեղի ունենալիք Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում կքննարկվեն փոքր բիզնեսին եւ հարկային դրույքներին վերաբերող օրինագծեր, որոնք վերջին ժամանակներս տարաբնույթ քննարկում-խոսակցությունների տեղիք էին տվել: Բայց միայն դրանով չէ, որ օրինագծերը հետաքրքիր են: Նկատի ունենք հետեւյալը.12 ՊԱՀԱՆՋՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԿԱՏԱՐՎԱԾ ԷՐ
Ինչպես հայտնի էª օրերս խորհրդարանական քառյակը հանրությանը ներկայացրեց իր հայտնի 12 կետանոց պահանջները: Դրանց թվում կար մեկ նման կետ. ՙԱռնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը: Ըստ մարզերի համաչափ զարգացմանª առաջիկա երեք տարիների համար փոքր շրջանառություն ունեցող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափերը զրոյացնել: Շրջանառության առավելագույն շեմը 58,35 մլն դրամից դարձնել 150 մլն դրամ...՚:
Որ այդ հարկատեսակն իր ներկայիս տեսքով եթե ոչ չարիք, այլ գոնե լուրջ փորձություն էր դարձել հայաստանյան հատկապես փոքր բիզնեսի համարª դրանից բխող բոլոր հետեւանքներով հանդերձ, կասկածից դուրս է: Սակայն դրանով հանդերձ էլ այս պահանջը քառյակի 12 կետերի մեջ ներառելն առնվազն տարօրինակ էր, եւ այդ տարօրինակությունն էլ ավելի ցցուն դարձավ ՀՀ կառավարության երեկվա նիստում: Այն առումով, որ երեկ կառավարությունը հաստատեց օրենքի նախագիծը, որը նախատեսում է ինչպես ՙՇրջանառության մասին՚, այնպես էլª փոքր բիզնեսի գործունեության հետ կապված մի շարք օրենսդրական փոփոխությունների նախագծեր, որոնք առնչվում են հենց այն մտահոգություններին, որոնք իր պահանջներում առաջ էր քաշել քառյակը: Իսկ դա նշանակում է, որ գոնե այս թեմայի հետ կապված ինչ-որ հրապարակային պահանջ ներկայացնելն առնվազն անիմաստ էր: Ընդ որում, եթե կառավարության առաջարկը չէր բավարարում քառյակին, ապա պետք է պարզապես հենց տեխնիկական դետալների շուրջ բանակցել, թե դրույքաչափը պետք է անպայման 3, եւ ոչ թե, ասենք, 2,5 կամ 3,5 անգամ նվազեցնել եւ այլն, ու արդյունքում ստանալ ոչ միայն քառյակի եւ կառավարության, այլեւ, որ շատ ավելի կարեւոր է, շարքային տնտեսվարողի համար նախընտրելի տարբերակ:
Ուրեմն ինչու էր պետք հենց այս մեկըª շրջանառության հարկի թեման ներառել 12 կետանոց պահանջների մեջ: Այս մասին կան տարաբնույթ խոսակցություններ: Առաջինը, որ քառյակը պարզապես տեղյակ չէր կառավարության այդ նախաձեռնության մասին: Սակայն սա, թերեւս, ամենաանհավանական վարկածն է, քանի որ եթե իրոք տեղյակ չէին այսպիսի մի թեմայի շուրջ զարգացումներից, որին այդքան մեծ կարեւորություն են տալիս, ապա դա բավականին տխուր երանգներով կպատկերեր քառյակին:
Հաջորդ տարբերակովª քառյակը տեղյակ լինելովª դիտավորյալ է թեման մտցրել օրակարգª հետագայում այն միտքը առաջ տանելու համար, թե, տեսեք` ինչքան ուժեղ ենք, դեռ հազիվ առաջարկը բերաններիցս ելած, շտապեցին կատարել: Սակայն այս տարբերակն էլ այն թերությունն ունի, որ կառավարությունն այդ օրինագծի մշակումը շատ ավելի վաղ էր սկսել, քան քառյակը հայտարարեց իր 12 կետերի մասին:
ՀԱՐԿԱՅԻՆ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բայց վերջին հաշվով շարքային հարկատուի համար բացարձակապես կարեւոր չէ, թե առաջարկը որ կողմից է հնչել. շատ ավելի կարեւոր է, թե այն ինչ տեսք կունենա եւ ինչքանով կնպաստի կամ, միգուցե, կխանգարի իր գործունեությանը:
Նոր օրինագծի մասին առաջին պաշտոնական տվյալները հնչեցին նախօրեին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստ, որը հաջորդեց թեմայի շուրջ ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՓՄՁ-ների ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած ինտենսիվ քննարկումներին:
Ըստ այդմª պարզվեց, որ շրջանառության հարկի դրույքաչափերը 3,5 տոկոսից կիջնի մինչեւ 1 տոկոսª քառյակի պահանջած 3 անգամի փոխարեն, ինչը կազդի մոտ 40 հազար տնտեսվարողի վրա: Դա պետբյուջեի վրա կունենա մոտ 8 մլրդ դրամանոց բացասական էֆեկտ, ինչը, թերեւս, միանգամայն արդարացված է, եթե իհարկե ստացվի փոքր բիզնեսի համար ակընկալվող դրական էֆեկտը:
Սրա հետ մեկտեղ մեկ նոր ու թերեւս բավականին հետաքրքիր հարկային մեխանիզմ եւս կմտնի շրջանառության մեջ: Այսպեսª նախատեսվում է ներդնել, այսպես ասած, ընտանեկան բիզնես հասկացությունը, որին կհամապատասխանեն տարեկան 12 մլն դրամի իրացման հասույթ ունեցող տնտեսվարողները: Խոսքը ընտանիքի անդամների համատեղ փոքր ձեռնարկատիրական գործունեության մասին է, ինչն առհասարակ կազատվի հարկերից: Առհասարակ հարկերից, այսինքնª նաեւ հարկային վարչարարությունից ազատելու գաղափարն ինքնին նոր երեւույթ է Հայաստանում, չնայած տնտեսվարման նման մեթոդը տարբեր երկրներում իր էֆեկտը ցույց տվել է: Սակայն այստեղ կա նաեւ ՙմեդալի հակառակ կողմը՚. նման հարկատեսակը կարող է առաջ բերել բավականին լուրջ կոռուպցիոն ռիսկեր, հաշվի առնելով, որ սահմանված չափորոշիչներից դուրս ընկած տնտեսվարողների համար մեծ է այդ դաշտ տեղափոխվելու հրապուրանքը, ինչը, թերեւս, պետական պատկան մարմինների համար էլ ոչ պակաս հրապուրիչ ՙստվերային՚ շահերի հեռանկարներ է բացում: Առավել եւս, որ նման հարկային կարգավիճակում կարող են հայտնվել բավականին մեծ թվով տնտեսվարողներ, ասել է, թե վերահսկողությունն էլ այստեղ առավելագույնս բարդ է դառնում, ինչն էլ իր հերթին է կոռուպցիային խթանող հանգամանք: Սակայն այս ռիսկերով հանդերձ էլ հարկային այս մեխանիզմը կարող է շատ ընտանիքների համար օրվա բավարար ապրուստ ապահովելու միջոց դառնալ, չնայած տարեկան 12, այսինքնª ամսական 1 միլիոն դրամանոց շրջանառությունը, թերեւս տեղին կլիներ մի փոքր ավելի մեծացնել:
Մեկ այլ կարեւոր փոփոխություն եւս առաջարկվում է. փոքր ձեռնարկատիրության համար փաստաթղթաշրջանառությունը դարձնել պարտադիր պայման, սակայն հարկային ստուգումները տեղափոխելով պարզեցված ընթացակարգի: Սա, թերեւս, որոշակի խնդիրներ կարող է առաջացնել, հաշվի առնելով, որ շատ դեպքերում փոքր բիզնեսն աշխատում է խոշորից իրականացվող գնումների հաշվին, եւ այստեղ ապրանքների ձեռքբերման փաստաթղթեր ստանալը հաճախ է լուրջ խնդիրներ առաջ բերում: Ամեն դեպքում նման գործարքներում նորություն չէ այն մոտեցումը, որ վաճառողը սահմանում է երկու գինª փաստաթղթով ավելի թանկ եւ առանց փաստաթղթի, իսկ գնորդ փոքր ձեռնարկատերը փաստաթղթի տարբերակն ընդունելու դեպքում հայտնվում է տնտեսական անշահավետ վիճակում: Չնայածª համընդհանուր փաստաթղթավորման անցումը կարող է այդ խնդիրը լուծել, եթե հումքի գնորդ բոլոր փոքր ձեռնարկատերերը ուզած-չուզած` փաստաթուղթ վերցնեն: Բայց ամեն դեպքում սա բավականին ռիսկային մոտեցում է, որի լուծումն առանց պետական պատշաճ վերահսկողության` գրեթե հնարավոր չէ: Թերեւս այս առումով է, որ փաստաթղթերի բացակայության պարագայում սկզբնական ժամանակահատվածում պատժամիջոցները նախազգուշացման եւ կրկնելու դեպքումª 20 հազար դրամանոց տուգանքի տեսքով է, եւ միայն 2016-ից կկիրառվի այլ հարկային դաշտ տեղափոխելու պատժամիջոցը:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

