ՀԱՑԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՀԱՑԻ ՔԱՇԻ ՈՒ ԳՆԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԳԵՐՇԱՀՈՒՅԹ
Արխիվ 12-16ՀԱՑԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԸ ՀԱՑԻ ՔԱՇԻ ՈՒ ԳՆԻ ՄԻՋՈՑՈՎ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԳԵՐՇԱՀՈՒՅԹ
Նախորդ տարի ալյուրի գնի անկմանը զուգահեռ նախատեսվում էր, որ սպառողական շուկայում վաճառվող հացի գինը եւս պետք է մի քանի դրամով նվազի, սակայն այդպես չեղավ: Ավելին` հացի գինը նույնը մնաց, որոշ ժամանակ անց մի քանի դրամով էլ ավելացավ, որի հետ սկսվեցին նաեւ հացի քաշի հետ կապված անորոշությունները: Դրա հետ մեկտեղ, վերջերս, երբ ուկրաինական դեպքերի հետ կապված բարձրացան ցորենի միջազգային գները, մեր տեղական հացթուխները չհապաղեցին այստեղ էլ գները ՙմի փոքր՚ բարձրացնել: Իսկ հետո, երբ աշխարհում գներն սկսեցին կարգավորվել, հասկանալի է, որ Հայաստանում դա ՙչտեսան՚:
Պատկերը վերջնական տեսք կստանա, եթե հավելենք, որ հին ՙավանդույթի՚ համաձայն` հայաստանյան սպառողը շուկայից գնում է ոչ փաթեթավորված` հատով հաց, որը հաճախ վաճառակետեր է շարունակում հասնել ՙՄասկվիչների՚ ՙբագաժնիկներով՚ եւ նման հույժ հիգիենիկ այլ փոխադրաեղանակներով: Թերեւս, արդեն իմաստ էլ չկա հիշեցնել, որ այդ հատով հացի քաշի, այսինքնª իր վճարած գումարի դիմաց կոնկրետ ինչ քանակությամբ հաց գնելու մասին սպառողն այդպես էլ գոնե մոտավոր հասկացություն չի կարողանում ստանալ: Մի խոսքովª հազիվ թե որեւէ մեկը չհամաձայնի Սննդի անվտանգության գիտական կենտրոնի լաբորատորիայի ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու ԼԵՎՈՆ ԱՃԵՄՅԱՆԻ այն պնդմանը, որ հայ բնակչության մեծ մասը գնում է հատով հաց եւ միշտ տուժում, քանի որ ոչ մի տեղ չկա տվյալ` նրա գնած հացի քաշի վերաբերյալ: Այսինքն, որ հացարտադրողները գնի ու քաշի միջոցով, ի հաշիվ սպառողի` ստանում են գերշահույթ: Սա խնդիր է, որն Աճեմյանը բազմիցս բարձրաձայնել է, սակայնª ՙձայն բարբառո հանապատի՚. տարիներ շարունակ նույն խնդիրն է, եւ ոչ մի լուծում:
ՙՀարկավոր է վերահսկողություն սահմանել. ազատ շուկայական հարաբերություններ ասվածը չի նշանակում վերահսկողությունից դուրս թողնել ամեն ինչ եւ թույլ տալ, որ մարդիկ իրենց ուզած գներով վաճառեն ապրանքը: Ես ասել եմ ու մեկ անգամ էլ կասեմ, որ եթե Հայաստանում կա 32 տոկոս աղքատություն, ապա սա նշանակում է, որ 1 մլն մարդ մեզանում ունի հացի խնդիր: Եթե մարդն ունի հացի խնդիր, ապա այդ խնդիրը պետք է լուծել, չի կարելի այս աղքատ երկրում հացի գինը դարձնել 500-600 դրամ՚,- փաստեց Լ. Աճեմյան:
Սպառողին վնաս չպատճառելու եւ մարդկանց հացի խնդիրը լուծելու համար նա առաջարկում է, որպեսզի հատով լավաշը եւ ընդհանրապես հատով հացի վաճառքն արգելվի, քանի որ նման հացերը այնքան բարակ են, որ 10 հատ հացը դառնում է 1 կգ, ինչն էլ նշանակում է, որ այդ հացի համար մարդիկ վճարում են 1000 դրամից ավել գումար: ՙԽնդիրն այն է, որ գնի ու քաշի մեջ ժողովուրդը խաբվում է, եթե նա իմանա, որ 1 կգ լավաշի համար վճարում է 1000 դրամ, նա երբեք այդ հացը չի գնի:
Դժվար է հաշվարկ անել եւ տեսնել, թե տվյալ հացի ինքնարժեքն ինչքան է` որքան է ծախսվում էլեկտրականության վրա, տեղափոխելու վրա եւ այլն: Պետք է նաեւ պաշտոնական նման հաշվարկներ կատարվեն, եւ տեսնենք, թե արդյունքում ինչ է մնում: Հացարտադրողները ստանում են գերշահույթ: Ընդ որում, նրանք միայն հաց չեն արտադրում, այլեւ տարբեր տեսակի խմորեղեն: Չնայած, կա կառավարության որոշում, որ բոլոր տեսակի հացերի գները պետք է գրվեն, սակայն այդ ամենը ոչ ոք հաշվի չի առնում եւ չի կիրառում: Հատկապես մասնավոր հացարտադրության կետերը ինչ ուզում, անում են՚,- հավելեց Լ. Աճեմյանը: Սա մեծ խնդիր է, ինչը, ըստ նրա` պետության կողմից պետք է անհապաղ ստանա իր լուծումը:
Հացի գնի բարձրացման հետ չի բարձրացել նաեւ դրա որակը, թվում է, թե բոլորն օգտագործում են որակյալ հաց, սակայն Լ. Աճեմյանը հավաստիացնում է, որ հացի հետ այնքան փխրեցուցիչ եւ բարելավիչներ են խառնում, որի արդյունքում ստացվում է ծավալով, սակայն առանց քաշի հաց: Ահա այս դեպքում հնարավոր չէ ակնկալել որակյալ հաց:
Այս եւ սպառողական շուկայում առկա այլ խնդիրների վերաբերյալ Լեւոն Աճեմյանի փոխանցմամբ իրենք պատրաստվում են դիմել կառավարությանը, որպեսզի օրենսդրական ակտերով այս ոլորտին կարգավորում տան:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

