ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՑԻՆԻԶՄՆ ՈՒ ԿԻՆԻԶՄԸ
Արխիվ 12-16ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ ՑԻՆԻԶՄՆ ՈՒ ԿԻՆԻԶՄԸ
Երեկ Ազգային ժողովի նիստը սկսվեց բավականին թեժ: Այն սկսվելուն պես վարման կարգի վերաբերյալ խոսք ուզեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ ասաց, որ չորեքշաբթի հայ-ռուսական բարեկամական ակումբում տեղի ունեցած հանդիպումը` ՌԴ հայտնի լրագրող Կիսելյովի հետ, անցել է խայտառակ մթնոլորտում, եւ որ դրսից ժամանած հյուրերը իբրեւ վիրավորական արտահայտություններ են իրենց թույլ տվել մեր հայրենակիցների, մեր նահատակների նկատմամբ. ՙԵս կարծում եմ, որ ՀՀ ԱԳՆ-ն պետք է քննարկի Դմիտրի Կիսելյովին ՀՀ-ի տարածքում ՙpersona non grata՚:Նա նաեւ ՙտղամարդկություն՚ գտավ իր մեջ եւ ասաց, որ այնտեղ ներկա գտնված հայ պատգամավորների պահվածքը խիստ դատապարտելի է: Այս անտեղի ու անհարկի ելույթը փորձեց կանխել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` նշելով, որ վարման կարգի հետ որեւէ առնչություն չունի եւ, որ լավ կլինի խոսել ըստ էության:
Վարման կարգի վերաբերյալ ձայն խնդրեց ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով ներկա էր գտնվել հայ-ռուսական բարեկամական միջոցառմանը եւ նշեց, որ որեւէ վիրավորական արտահայտություններ չեն հնչել մեր երկրի եւ մեր հայրենակիցների նկատմամբ. ՙԵս ներկա եմ գտնվել այնտեղ, եւ մեր ներկայությամբ որեւէ նման բան տեղի չի ունեցել: Այն, ինչ ասվում է, չի համապատասխանում իրականությանը: Եղել է քննարկում, որը վերաբերել է բազում հարցերի, հանդիպումն անցել է փոխադարձ հարգանքի մթնոլորտում, եւ հայ պատգամավորները, լսելով հյուրերի կարծիքը, ներկայացրել են իրենցը: Պետք է նաեւ նշեմ, որ ԱԺ փոխնախագահը եւս շատ հստակ ու կոռեկտ ներկայացրել է իրավիճակը...՚: Նկատելով, որ իրավիճակը կարող է էլ ավելի թեժանալ, ԱԺ նախագահը կրկին միջամտեց, որպեսզի անհարկի հարց բարձրացնողները հանդարտվեն: Իր արտահերթ ձայնի իրավունքով ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը եւս խոսեց ստեղծված իրավիճակի մասին` նշելով. ՙԻսկապես, թեման վարման կարգին չի վերաբերում, սակայն շատերի անհանգստությունը ցանկանում եմ փարատած լինել ու ասեմ, որ պատգամավորական այդ ակումբը բանավիճային մի ակումբ է, որտեղ հնչում են տարբեր կարծիքներ, եւ կա հնարավորություն` տարբեր կարծիքներ հնչեցնելու: Պետք է ասեմ, որ ներկա գտնվող բոլոր պատգամավորները, ԶԼՄ-ներն ու հասարակական կորպուսի ներկայացուցիչները շատ ակտիվորեն մասնակցել են քննարկումներին: Այնտեղ որեւէ վիրավորական խոսք չի եղել մեր նահատակների վերաբերյալ, եւ վստահ եղեք, որ ինչպես դուք, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրը, մեր սրբությունների եւ արժեքների նկատմամբ դա թույլ չենք տա: Պարզապես, բանավեճի ընթացքում բերվել են արգումենտներ, որին մենք եւս արձագանքել ենք, ու բոլորս էլ գտնվել ենք մեր բարձունքի վրա: Բանավեճի ընթացքում կարող են լինել տարբեր կարծիքներ, պարզապես, մենք պետք է կարողանանք մեր կարծիքները պաշտպանել՚:
Այս ամենից այնքան էր հուզվել ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը, ով եւս ձեռք բարձրացրեց վարման կարգի վերաբերյալ, եւ չգիտես ինչու մոռացավ, թե ինչպես են միացնում միկրոֆոնը, իսկ երբ նրան օգնության հասան կողքից, նա մեկ շնչով բոլորին հիշեցրեց, որ ՀՀ-ի պետական լեզուն հայերենն է, եւ որ լավ կլինի այսուհետ նման հանդիպումների ընթացքում թարգմանություններ կատարվեն: Դե արի, Աղվան Վարդանյանին բացատրի, որ ոչ պաշտոնական` ակումբային հանդիպումները տարբերվում են պաշտոնականից եւ, որ ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ կարող են լինել նաեւ այլ աշխատանքային լեզուներով ելույթներ: Իսկ եթե Ա. Վարդանյանը բարեհաճեր գալ հանդիպմանը, ապա տեղյակ կլիներ, որ հանդիպման բացումը Հերմինե Նաղդալյանը ներկայացրեց հայերեն ու տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում ներկա են թարգմանիչներ, որոնք կարող են օգտակար լինել ցանկացած պահի: Դե, իսկ ով է մեղավոր, որ պարոն Վարդանյանը այլ լեզվի չի տիրապետում եւ խիստ անհանգստացած է սեփական անգրագիտությունից, ինչը փորձում է ձեւակերպել հայրենասիրության անվան տակ: Ավելի լավ կլինի, որ նրա հայրենասիրությունը բռներ սոցապնախարար աշխատած ժամանակ...
Իսկ առավոտ կանուխ թարս ոտքից արթնացած ու հավանաբար գիշերն էլ վատ երազ տեսած, անհայտ կուսակցության պատգամավոր Ալիկ Արզումանյանը տեղից վեր թռնելով` փորձում էր ներկաներին համոզել, որ միջոցառումը տեղադրված է համացանցում, եւ որ Հայկ Բաբուխանյանը իբր ստում է, որ վիրավորական արտահայտություններ չեն հնչել ՌԴ ներկայացուցիչների կողմից. ՙԵղել են հայ պետականությանը սպառնացող եւ ցինիկ արտահայտություններ՚: Այնուհետ խմիչքի նկատմամբ անտարբեր չանցնող պատգամավորը հիշեց իր ուսանողական տարիները եւ հիշեցման կարգով բառարանից դուրս գրած ՙցինիկ՚ եւ ՙկինիկ՚ արտահայտությունները մեջբերեց` ասելով, որ դրանք նույն բառերն են, եւ հին Հունաստանում ցինիկ էին անվանում մարդկանց, որոնք շան պես հաչում էին հասարակության վրա: Իսկ վերջում իր ցինիզմին յուրահատուկ ձեւով, անգամ ողջ խորհրդարանից պահանջեց, որպեսզի հետայսու զերծ մնան նման հաչոցներից. ՙՊահանջում ենք հետայսու զերծ պահել հայոց խորհրդարանը շան հաչոցներից՚:
Հայկ Բաբուխանյանն էլ, Գալուստ Սահակյանից ձայն խնդրեց, սակայն վերջինս փորձում էր դադարեցնել վեճը, այդ պահին Բաբուխանյանը տեղից արձագանքեց Ալիկին. ՙՑինիկն էլ ես դու, կնիկն էլ ես դու, ստախոսն էլ ես դու` անասուն: Սաղ կյանքդ ամերիկացիներին ծառայել ես` մեր ժողովրդին վնաս տալով՚:
Դե, եթե պարոն Արզումանյանը իր տեղը շփոթում է գազանանոցի կամ փողոցի հետ, ապա ժամանակն է ընտրություն կատարելու եւ այնտեղ տեղափոխվելու, եւ ինչու չէ` նաեւ հանգիստ հաչալու:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

