ՙՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵՆ՚
Արխիվ 12-16ՙՆՈՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՀԱԿԱՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵՆ՚
Հունիսի 11-ին, ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հինգերորդ նիստը, որին մասնակցում էին ՙՌոսսիյա Սեգոդնյա՚ միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը, Արտաքին քաղաքական հետազոտությունների եւ նախաձեռնությունների ինստիտուտի գլխավոր տնօրեն Վերոնիկա Կրաշեննիկովան, ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, ՀՀ-ում ՌԴ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Իսկ հայկական կողմից ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հայկ Բաբուխանյանը, Տաճատ Վարդապետյանը, Կարինե Աճեմյանը, ԶԼՄ-ների ու ՀԿ-ների ներկայացուցիչներ եւ այլք:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հերմինե Նաղդալյանը, ով կարեւորեց Հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբի դերը երկու երկրների հարաբերությունների խորացման ու ամրապնդման գործում: Նա նաեւ նշեց, որ ակումբը դարձել է հարթակ` տարբեր խնդիրներ բարձրացնելու եւ դրանց շուրջ քննարկումներ անցկացնելու համար. ՙԱրդեն հինգերորդ նիստն է անցկացվում ակումբում, եւ, կարծում եմ, որ նմանատիպ արդիական եւ կարեւոր քննարկումներ անցկացնելու համար տարածքը փոքր է՚:
ՙՌոսսիյա Սեգոդնյա՚ միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյով. ՙՄեր պատմությունից խոսելով` շատերը դրա տակ հիշում են խորհրդային ժամանակահատվածը, իսկ մյուս մասը` հետխորհրդայինը: Պետք է ոչ թե ստեղծել նոր արժեքներ, այլ` վերստեղծել հինը: Մեզ մոտ կա սոցիալ-հասարակական անոմիա: Այսօր առաջ շարժվելու համար նոր արժեքներ ձեւավորելու համար պետք է ստեղծել հասարակական ներգրավվածություն: Հիմա գնում է տեղեկատվական պատերազմ: ԱՄՆ-ը չհաղթեց Ղրիմի հարցում, քանի որ, եթե հաղթեր, ապա կռմբակոծեր այն՚:
ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը կարեւորելով հյուրերի այցը Հայաստանի խորհրդարան, իր խոսքում մասնավորապես նշեց. ՙՀայաստանի Հանրապետությունը ունի հազարամյակների պատմություն եւ ունի իր ամրապնդված արժեքները, որի շնորհիվ եւ գոյություն ունի: Երբ մեզ են ներկայացնում ինչ-ինչ եվրոպական, ամերիկյան, ճապոնական արժեքներ, ապա ես այդքան էլ չեմ հասկանում, թե ինչու մենք պետք է ընդունենք այն արժեքները, որոնք լրիվ անհասկանալի եւ անընդունելի են մեզ համար: Ներկայիս այն արժեքները, որոնք համարվում են եվրոպական, ես գտնում եմ, որ դրանք հակաքրիստոնեական եւ գլոբալիստական արժեքներ են եւ ոչ թե` քրիստոնեական: Երբ մենք խոսում ենք իրական արժեքների մասին, ապա առաջին հերթին պետք է խոսվի մարդկանց, ժողովուրդների իրավունքի մասին, ազատ ապրելու այն պետության մեջ, որտեղ նրանք ցանկանում են: Լեռնային Ղարաբաղը ընտրել է այն ուղին, որ ցանկանում է ապրել Հայաստանի Հանրապետության հետ միասին` որպես անկախ պետություն, ինչպես, ասենք, Ղրիմն է իր ընտրությունը կատարել, ինչպես Կոսովոն է կատարել: Իսկ ինչու Կոսովոյին կարելի է, բայց մեզ` ոչ, եւ ինչու պետք է մեր զինվորները արյուն թափեն, զոհվեն` անկախ պետություն կառուցելու ժողովրդի ցանկության համար: Մեր արեւմտյան գործընկերները գալիս են այստեղ եւ պրոպագանդում, թե ով ինչպես եւ ում հետ պետք է ապրի, ասենք` տղամարդու, կնոջ, կենդանու եւ այլն: Իսկ ինչու չեն խոսում այն մարդկանց իրավունքների մասին, ովքեր այսօր պարզապես չեն կարողանում իրենց պետության ներսում ազատ ինքնաթիռ նստել, խոսքս տվյալ դեպքում վերաբերում է շուրջ 150 հազար ղարաբաղցիներին, որոնց Ադրբեջանը ահաբեկում է` ասելով, որ եթե դուք նստեք ինքնաթիռ եւ օդ բարձրանաք, մենք այդ օդանավը կռմբակոծենք: Այսինքն, երբ այսքանից հետո խոսում են մարդու իրավունքների, եվրոպական արժեքների մասին, ապա մի տեսակ այն արհեստական է հնչում: Երբ մենք ասում ենք, որ պետք է մեր երկու երկրները միասին կառուցեն նոր համակարգ, այն է Եվրասիական միությունը, թե° իմ եւ թե° մեր կուսակցության համար, որը ես ղեկավարում եմ, առաջնահերթությունը ոչ թե տնտեսությունն է, անվտանգությունը, այլ քաղաքակրթական ընդհանրությունն է, քաղաքակրթական պաշտպանվածությունը, ինքնորոշումը: Սակայն մենք հիմա գտնվում ենք ոչ թե խաղաղ, այլ տեղեկատվական պատերազմի մեջ, որը միշտ եղել է Հայաստանի նկատմամբ, իսկ հիմա այն վերածվել է համաշխարհային տեղեկատվական պատերազմի, որի դեպքում գործում են տեղեկատվական պատերազմի կանոններ, ըստ որի` չկա կարգ, որ թշնամին իրավունք ունի քո երկրում տարածել հակապետական, հակաազգային գաղափարախոսություն: Կարծում եմ, որ պետք է անցնենք նոր գաղափարների` ԶԼՄ-ների ու ՀԿ-ների համակարգի կարգավորման առումով՚:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

