ՙԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ՓՆՏՐՏՈՒՔԻ ՄԵՋ Է՚
Արխիվ 12-16ՙԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ՓՆՏՐՏՈՒՔԻ ՄԵՋ Է՚
Ինչպես հայտնի է, հունիսի 10-ին Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը` ՙԲարգավաճ Հայաստանը՚, ՙԺառանգությունը՚, ՙՀայ ազգային կոնգրեսը՚ եւ ՙՀայ յեղափոխական դաշնակցությունը՚ խորհրդարանում ներկայացրին իրենց համատեղ հայտարարությունը, որը ներառում է 12 առաջնահերթ պահանջ` ուղղված իշխանություններին: Քառյակը, մասնավորապես, պահանջում է վերացնել պարտադիր կուտակային բաղադրիչը, վերանայել տեսանկարահանող եւ լուսանկարող սարքերի, կարմիր գծերի գործող համակարգերը, բացառել հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացումը, հաստատել ՙՆաիրիտ գործարան՚-ի վերագործարկման ծրագիրը, բացառել ՙՈրոտան հէկերի համալիր՚-ի գույքի վաճառքը` առանց ԱԺ հավանության, նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը եւ այլն:
Վերոնշյալի հետ կապված փորձեցինք ԱԺ պատգամավորներից հետաքրքրվել` քառյակի 12 կետերը կառուցողական առաջարկնե±ր են, թե` պարզապես պոպուլիզմ:ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍՏԵՓԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ գտնում է, որ բոլոր իրենց առաջարկներն իրագործելի են, հակառակ դեպքում նրանք հանդես չէին գա նման առաջարկություններով. ՙՄենք շատ երկար ենք այդ հարցերը քննարկել: Ու մենք հետեւյալ սկզբունքն ենք որդեգրել` եթե մի բան ենք ասում եւ պահանջում կառավարությունից, նշանակում է` մենք` ինքներս, պատկերացնում ենք, թե ոնց պիտի դրանք անել: Այդ կետերում չկա մի հարց, որի իրականացումն ինքներս չպատկերացնենք, որոնց լուծումները ինքներս չունենանք: Եթե կառավարությունը չիրագործի այդ կետերը, նշանակում է` կամ չի կարող, կամ չի ուզում: Իսկ մեզ համար այդ կետերն իրատեսական են ու հնարավոր: Առանց այդ կետերը կատարելու` անհնար է պատկերացնել մեր երկրի ապագան: Այնպես չի, որ մենք այդ կետերը հրապարակել ենք սպորտային հետաքրքրությունից ելնելով: Այդ 12 պահանջներում ամրագրված են մեր երկրի առաջ ծառացած այն մարտահրավերները, որոնք եթե չլուծվեն, մենք շատ ու շատ բնագավառներում կունենանք փլուզում` բառի բուն իմաստով: Կունենանք փլուզում` տնտեսության եւ քաղաքական ասպարեզում՚:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍՈՒՔԻԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ կարծիքով էլ. ՙՍա պարզապես մեկ քայլ է, որ ցույց տան, թե այսօր իրենք ավելի շատ են մտածում ժողովրդի մասին, քան թե իշխանությունները: Ես գտնում եմ նաեւ, որ եթե այս քաղաքական ուղերձը տեղափոխեն տնտեսական եւ իրավական դաշտ, փորձեն հաշվարկներ անել, ապա իրենք կհամոզվեն, որ իրենց ներկայացրածի մի մասը չի դիմանում տնտեսական վերլուծության: Ընդամենը հերթական անգամ փորձում են քայլ անել` ժողովրդին ցույց տալու համար, որ իրենք ավելի շատ են մտածում: Սա նաեւ դեմարշ է կառավարության դեմ, որովհետեւ իրենք էլ նման հայտարարություն անելուց եւ կետեր հրապարակելուց առաջ քաջ գիտակցում են, որ դրանց մի մասն իրոք անիրագործելի է, մի մասին էլ` ընդհանրապես չարժե անդրադառնալ, իսկ մյուս մասն էլ` ժամանակի խնդիր է: Նրանք, որ կառավարությանը մինչեւ աշուն ժամանակ են տալիս, այնպես չէ, որ մինչ այդ հանկարծ կախարդական փայտիկով այդ բոլոր խնդիրները կլուծվեն՚:
ՀԱԿ խմբակցության ղեկավար ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆ էլ, ավելի քան վստահ է, որ իրենց առաջարկած բոլոր 12 կետերը կառուցողական առաջարկներ են. ՙՄենք առաջարկում ենք, օրինակ, շրջանառության հարկը երեք անգամ կրճատել` շեմը բարձրացնել 158-153, Դուք ավելի կոնկրետ բան կարող եք ասել, քան ճշգրիտ թվերը, իհարկե, անխոս բոլոր առաջարկները կառուցողական եւ իրատեսական են՚:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ կարծիքով. ՙՔաղաքականությունը առհասարակ զերծ չի ոչ կառուցողական տարրից, ոչ էլ պոպուլիզմից: Պարզապես, մեր ոչ իշխանական գործընկերները այս պահի դրությամբ իրենց քաղաքական գործունեությունը որոշել են նման ձեւաչափով ներկայացնել: Այսինքն` ժամանակ տալ կառավարությանը եւ խնդիրներ դնել, որպեսզի այդ խնդիրները կոնկրետ ժամանակահատվածում լուծվեն: Ես նորմալ եմ վերաբերվում այդ գործընթացին, որովհետեւ յուրաքանչյուր նոր կառավարություն պետք է ժամանակ ունենա, որպեսզի կարողանա դրսեւորվել եւ արդյունքներ գրանցել: Այդ առումով հասկանալի են իրենց մոտեցումները, քանի որ դա քաղաքական մեծամասնության` այսինքն մեր խնդիրն, որպեսզի ընդդիմադիր ուժերին համոզենք, որ պետք է սպասել, որ պետք է կառավարությանը ժամանակ տալ: Բայց եթե մեր գործընկերները եւս այդ մոտեցումն են որդեգրում` ողջունելի է: Կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտը փնտրտուքի մեջ է, բայց այս ժամանակահատվածում, կարծում եմ, իրենք կհասցնեն գտնել իրենց օրակարգը, համենայնդեպս` իրենց որոշումն ինձ համար ընկալելի է՚:
ՙԿԱՆ ՆԱԵՎ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՏԱՐՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՚
ՙԺառանգություն՚ կուսակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ կարծիքով` քառյակի 12 կետերը արտահայտում են հանրությանը հետաքրքրող հարցերը. ՙԻնձ չի թվում, որ մեր առաջարկները պոպուլիզմի տարրեր են պարունակում, բոլորը հանրությանը հետաքրքրող հարցեր են: Եթե այդ 12 կետերի պահանջներն ամբողջությամբ կատարվեն, բնականաբար, Հայաստանը կլինի ավելի լավ վիճակում, քան գոնե այսօր է: Իսկ նրանք, ովքեր պոպուլիզմ են անվանում քառյակի ներկայացրած 12 կետերը, ըստ երեւույթին, հենց իրենք էլ զբաղվում են պոպուլիզմով՚:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ խոսքով էլ. ՙՔառյակի գործունեությունը սկիզբ առավ շատ բնականոն ճանապարհով` հանրային պատվերի շրջանակներում ձեւավորված օրակարգի շուրջ: Եթե ուշադրություն եք դարձնում, ապա տեսնում եք, որ դրանք բոլորը կետեր են, որոնց շուրջ խոսում են մարդիկ փողոցում, սրճարանում, տրանսպորտում, այսինքն` դրանք մեր բնակչության գերակշռող մասին` եթե ոչ բոլորին, ամբողջապես հուզող հարցերն են: Քառյակը մշտապես արտաբերել է քաղաքական հարցում այն պրոյեկցիան, որը հանրության մեջ եղել է` դժգոհության, զայրույթի, հարցադրումների տեսքով: Եվ եթե որեւէ մեկը համարում է, որ ժողովրդի համար առաջնություն դարձած խնդիրը պոպուլիզմն է, ապա ոչինչ ասել չեմ կարող՚:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ գտնում է, որ քառյակի ներկայացրած որոշ կետեր պոպուլիզմի տարրեր են պարունակում. ՙԿարծում եմ, որ այնտեղ առաջարկությունների օգտակար հատիկներ կան, բայց կան նաեւ պոպուլիզմի տարր պարունակող առաջարկություններ, որն էլ շատ բնական է: Ամեն դեպքում, ըստ իս` քառյակի 12 կետերի մեջ կարելի է գտնել հետաքրքիր դրույթներ՚:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՍԱՄՎԵԼ ՖԱՐՄԱՆՅԱՆԻ կարծիքով` քառյակի առաջարկությունների մի մասը նաեւ իշխանության օրակարգում են. ՙՔառյակն իր օրակարգը այդպես է պատկերացնում, դրանք զուտ առաջարկություններ են, եւ, իմ սուբյեկտիվ կարծիքով, եթե ոչ բոլորը, ապա դրանց մի մասը բավականին տրամաբանական առաջարկություններ են, որոնք նաեւ իշխանության մտահոգության առարկան եւ օրակարգում են՚:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

