Երեկ ՀՀ ամենաերկարակյաց վարչապետի` ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ծննդյան օրն էր:
Արխիվ 12-16
Երեկ ՀՀ ամենաերկարակյաց վարչապետի` ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ծննդյան օրն էր: Արդեն 7 տարի է, ինչ նա մեզ հետ չէ, սակայն մշտապես հնչում են բարի, հետաքրքիր հուշեր նրա վերաբերյալ: Իրոք զարմանալի անձնավորություն էր` այդքան երկար զբաղեցնելով վարչապետի պաշտոնը, այդպես էլ ռեալ թշնամիներ չունեցավ, դեռ կենդանության օրոք նրա մասին հիմնականում լավ էին արտահայտվում ե°ւ կուսակիցները, ե°ւ ընդդիմադիրները: Հիմա էլ թեեւ գործում է այն բանաձեւը, որ ՙհանգուցյալի մասին կամ լավ, կամ ոչինչ՚, գործնականում դժվար է գտնել որեւէ քաղաքական գործչի` անկախ քաղաքական հայացքներից, ով Անդրանիկ Մարգարյանի վերաբերյալ հարցին գերադասի ոչինչ չասելու տարբերակը: Բոլորն էլ հաճույքով նրա մասին լավն են ասում:
Ինչեւէ, այժմ` 7 տարիների հեռավորությունից կարելի է ասել, որ վատ չէր լինի` մեծ ու փոքր պաշտոնյաները Անդրանիկ Մարգարյանից օրինակ վերցնեն մարդկանց հետ շփվելու ձեւի ու շնորհքի առումով:Մեզ զարմացրեց ԱԺ աշխատակազմի ղեկավար ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ, ով չափազանցված սեր ուներ դեպի տարատեսակ ռեֆորմները` դեռ նախարար եղած ժամանակ: Հիմա էլ նա մտադիր է ԱԺ մուտք գործողների համար սահմանել հագուստի վերաբերյալ կանոններ կամ ՙդրեսս-կոդ՚: Ինքնին դա, անշուշտ, վատ բան չէ, թեեւ նման հարցերը ավելի ճիշտ կլինի կարգավորել ոչ թե գրված կանոնով, այլ չգրված օրենքով, ավանդույթի զորությամբ: Սակայն նա հայտարարեց, որ հատուկ ՙդրես-կոդ՚ կսահմանվի ոչ թե ԱԺ մուտք գործող բոլոր քաղաքացիների համար, այլ դեռեւս ՙկփորձարկեն լրագրողների վրա՚: ՙՍկսելու ենք լրագրողների հագուկապից, փորձենք լրագրողների վրա, տեսնենք` ինչ կստացվի՚,- հակիրճ պատասխանեց Հրայր Թովմասյանը: Զարմանալի է, լրագրողներին փորձաճագարի տե±ղ է դրել, որ պետք է ինչ-որ բան նրանց վրա փորձի: Ու հատկապես` լրագրողների, ախր, եթե հանկարծ հետը թարսվեցին, ավելի անհարմար իրավիճակ կստեղծվի, քան Արմեն Ռուստամյանի կողմից ԱԺ դահլիճում հայտնի հայհոյանքը հնչեցնելուց հետո: Ինչեւէ, հուսանք որ առավել եւս խորհրդարանում պարոն Թովմասյանը կգերադասի ավելի նրբանկատ լինել բոլորի հանդեպ, այդ թվում եւ լրագրողների:
ՙՆազարբաեւի վկաներ՚ երեւույթը շարունակում է իր հաղթարշավը, բոլորն իրենց պարտքն են համարում փիլիսոփայել այդ հարցի շուրջ: Հարցը չշրջանցեց եւ ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ, սակայն այս անգամ նա զարմանալիորեն դրա վերաբերյալ չծավալեց հերթական ահավոր դավադրության տեսությունը. ՙԲարձրացրեց Նազարբաեւն այդ հարցը: Հոյակապ է: Ուրեմն վերադառնում ենք իրավական դաշտ եւ պահանջում ենք այդ հարցը քննարկել իրենց կողմից եւ կատարել այն, ինչ չեն կատարել՚: Բայց Մանուչարյանը Մանուչարյան չէր լինի, եթե մի օրիգինալ բան չաասեր: Եվ ասաց` առաջարկելով Նազարբաեւին քրեական պատասխանատվության ենթարկել ԽՍՀՄ գոյության վերջին տարիների` գորբաչովյան վարչակարգի կողմից Արցախում կատարած հանցագործությունների համար: Անշուշտ, նա այն ժամանակ խորհրդային նոմենկլատուրայի ներկայացուցիչ էր, սակայն դժվար է ասել` ինչքանով է մասնակցել այդ հանցավոր որոշումների ընդունմանը: Չնայած, բոլոր դեպքերում, Մանուչարյանի ասածի մեջ ռացիոնալ հատիկ կա, եւ ավելի լավ է գրանտածիծ իրավապաշտպանները ոչ թե գույնզգույն փոքրամասնությունների իրավունքները պաշտպանեն, այլ զբաղվեն այդ հարցով, միգուցե գոնե փոքրիկ օգուտ լինի:
Թեեւ արեւմտյան փողով աշխատողները շատ են ջանք թափում մեր ԲԱՆԱԿԸ սեւացնելու ուղղությամբ, բայց ամեն անգամ միեւնույն է, հերթական կեղտոտ նյութը տեսնելիս զարմանում եմ եւ վրդովվում, թե ինչպես որեւէ հայի ձեռքը գնում է այդպիսի բաներ գրելու: Եվ ահա մի կեղտոտ թերթոնում հենց այժմ, երբ ականատես էինք եղել արդեն Նախիջեւանի հետ սահմանին իրավիճակի լարմանը, կարդում ենք հետեւյալը, իբր զորացրված սպայի անունից. ՙՄենք ոչ թե բանակում ենք ծառայում ու թուրքից սահման պաշտպանում, մենք մի քանի թրքական ղեկավարների ու նրանց բիզնեսին ենք ծառայում, մեր էրեխեքին ու կանանց ենք խաբում, թե սահմաններն ենք պաշտպանում՚: Ախր, ձեռագրից զարմանալիորեն այնքան պարզ է զռռում, որ նման բան պատմող սպայի հետ չեն խոսել, այլ դա կեղտոտ պատվերներ կատարելուն սովոր ինչ-որ մեկի հորինվածքն է... Լավ, դուք խիղճ ունե±ք, դուք հա±յ եք: Երեւի թե, իրականում չհայ եք:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

