Արդեն հայտնի է երեկ Շանթ Հարությունյանի դատավարության ժամանակ դրսում պնեւմատիկ զենքից թատերական կեցվածքով ոստիկանների վրա կրակած երիտասարդի անունը` Հայկ Կյուրեղյան: Բնականաբար, համապատասխան հոդվածով քր. գործ է հարուցված, նա ձերբակալված է:
Մենք ուսումնասիրեցինք նրա ֆեյսբուքյան էջը` կողմնորոշվելու համար, թե ինչ նկարագրի տեր է այդ հանցագործությունը կատարած երիտասարդը: Էջից պարզվում է, որ նա 2005-ին ավարտել է Երեւանի ճարտարագիտական համալսարանը (պոլիտեխնիկը), ամուսնացած բաժանված է, ունի Սերգեյ անունով եղբայր: Վերջին գրառումը նա արել է հունիսի 9-ին. ՙԴուս ա գալիս մենք ընենց մարդկանց համար ենք պայքարում, որ կարողա շատ չէ 5000 դրամ փող վերցնեն ու մեզ հենց ճակատից առանց տատանվելու կրակեն: Ուրեմն մենք ով ենք` հիմարներ, մազոխիստներ, թե քրիստոսներ: Ես էդ բազմության համար չեմ պայքարում, այլ հենց իրանց դեմ եմ պայքարում: Ու երեւի կռիվը Սերժի հետ չի, ոչ էլ հհկ-ի, ոչ էլ օլիգարխների, դուրս ա գալիս սեփական ժողովրդի դեմ եմ հելել: Հիմա տենանք ով կկրի` ես, թե ինքը` ինքը հզոր հանրությունը՚: Հայկ Կյուրեղյանի ֆեյսբուքյան էջում լուսանկարների մեջ միանգամից աչքի է զարնում Շանթ Հարությունյանի եւ վերջինիս չհաջողված ՙհեղափոխության՚ կադրերի առատությունը, նաեւ նկարներ ու ասույթներ ամենատարբեր հեղափոխություններից` ֆրանսիական, բոլշեւիկյան, ուկրաինական Մայդան, Դոնեցկի հակամայդան: Նաեւ պարզ է դառնում, որ նա տարբեր բողոքի ակցիաներին մասնակցող քաղաքացիական ակտիվիստ է, իսկ ինչ վերաբերում է ֆեյսբուքյան ընկերների շրջանակին, ապա այնտեղ կա ինչպես Շանթ Հարությունյանի շրջապատը, այնպես էլ նախախորհրդարանի ներկայացուցիչները, բնապահպանական եւ այլ ակտիվիստները, ՀԱԿ-ի երիտասարդները եւ այլն: Էջից պարզ է դառնում, որ Հայկ Կյուրեղյանը հեղափոխական ռոմանտիկայով տարված բավականին անհավասարակշիռ կեցվածք ընդունելուն հակված երիտասարդ է: Այսինքն` այնպիսի նկարագիր ունեցող, ում առանձնապես դժվար չէ ներքաշել որեւէ արկածախնդրության մեջ եւ օգտագործել` որպես գործիք: Իսկ վերջին գրառման մեջ արդեն իսկ կա ՙկրակել՚ բառը, ինչը ենթադրել է տալիս, որ նա ոչ թե պահի տակ է պնեւմատիկ ատրճանակը վերցրել եւ գնացել դատարանի մոտ, այլ կրակելու հետ կապված մտքերը նրան նախօրոք էին ՙայցելել՚: Բացառված չէ,որ նրան կողքից հուշել կամ դրդել են: ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ