«ՆՈՒՅՆԻՍԿ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԷԼ ՉԷ ԱԴՐԲԵՋԱՆԻ` ՇՐԻՇԱԿԻՑ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ»
Արխիվ 12-16«ՆՈՒՅՆԻՍԿ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԷԼ ՉԷ ԱԴՐԲԵՋԱՆԻ` ՇՐԻՇԱԿԻՑ ՑԱԾՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ»
Այն ժամանակ, երբ հայրենի կինոփառատոնների ժամանակ մեծ սիրով ցուցադրվում է ադրբեջանական ու թուրքական ֆիլմեր, իսկ ամենուր թուրքադրբեջանական կլկլոցը ականջ է ծակում, Ադրբեջանը թույլ չի տալիս իր երկրում հնչի կամ ցուցադրվի այն, ինչը հայկական է: Պարզվում է` Բելառուսի գեղարվեստական մարմնամարզության հավաքականը Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնության ժամանակ հանդես պետք է գար Արամ Խաչատրյանի երաժշտության տակ: Սակայն հավաքականի գլխավոր մարզիչ Իրինա Լեպարսկայային առաջնության կազմակերպիչները խնդրել են հրաժարվել Խաչատրյանի «Սուսերով պարից», մինչդեռ թիմը այդ համարի վրա աշխատել էր գրեթե կես տարի: Թուրքադրբեջանական «մշակույթի» նկատմամբ մեր վերաբերմունքի եւ դրան ի պատասխան ադրբեջանական հերթական դուշմանության մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ մշակույթի փոխնախարար ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ հետ.
-Ի՞նչ կապ ունի մեկը մյուսի հետ, ես ինչպե՞ս գնահատեմ: Արամ Խաչատրյանի ժառանգությունը համամարդկային արժեք է եւ անգամ անցած տարի հունիսին մտել է համաշխարհային հիշատակության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկը, դա իրենց անգրագիտության մասին է խոսում: Իսկ այն, ինչ որ Դուք եք մատնանշում, մեզ մոտ դա պետական մակարդակով չի արվում:
- Ամեն դեպքում, ինչպե՞ս եք վերաբերվում, երբ նույնիսկ ոչ պետական մակարդակով, նման ֆիլմեր են հայտնվում հայաստանյան մեծ էկրաններին:
- Ինձ թվում է` արվեստը քաղաքականություն չի ճանաչում, եւ եթե արվեստի գործը ֆիլմ է, ես անձամբ չեմ տեսել, բայց հատուկ տրամադրվածություն չունեմ դրանց դեմ: Բայց կարծում եմ, որ հատուկ ցուցադրություններ կազմակերպելու էլ անհրաժեշտություն չկա: Հիմա եկեք չխոսենք այն թեմայից, որ ինչպես կարելի է, եթե իրենք այսպիսի բան են անում, ուրեմն` մենք էլ` չգիտեմ ինչ: Կարելի է չդնել նույն հարթակի վրա, բայց առանձին քննարկել, թեպետ նույնիսկ քննարկելու էլ չէ Ադրբեջանի` շրիշակից ցածր մակարդակը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

