ՄԱՍՈՆԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Արխիվ 12-16ՄԱՍՈՆԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ
Ժամանակ առ ժամանակ այս կամ այն խոշոր քաղաքական գործչի անունը հիշատակվում է` մասոն լինել կամ չլինելու տեսանկյունից: Սակայն պատահում են նաեւ սկանդալներ` հանրությանը ոչ այնքան հայտնի դեմքերի առնչությամբ:
Օրերս այդպիսի սկանդալ եղավ ՙՖեյսբուքում՚, որ վերաբերում է ազգայնական շրջանակներին: Ֆրանսիայում ապրող ազգայնական գրող, հրապարակախոս, պատմաբան Գեւորգ Հովհաննիսյանը շատ թափանցիկ ակնարկ արեց, թե հրապարակախոս, ՙԿոնսերվատիվ հեղափոխություն՚ գրքի հեղինակ, ժամանակին ԱՐ հեռուստատեսությունում որոշ հաղորդաշարեր վարող Արծրուն Պեպանյանը լինելու է առաջիկայում կայանալիք հայ մասոնների հավաքի մասնակից, որ տեղի է ունենալու ՙՄարիոթ՚ հյուրանոցում: Դրա շուրջ բավականին թեժ վեճ է ծավալվել, ինքը` Պեպանյանը բավականին նյարդային արձագանք է տվել, եւ նման է, որ անակնկալի է եկել: Ի դեպ, այդ քննարկման առնչությամբ ՙՖեյսբուքում՚ հիշատակվել է նրա մտերմությունը նախկին նախարար Հրայր Թովմասյանի հետ, ով, ի դեպ, լինելով լիբերալ հայացքների տեր մարդ, օժանդակել է Պեպանյանին ՙԿոնսերվատիվ հեղափոխություն՚ գրքի հրատարակման գործում: Նշենք, որ լիբերալ շրջանակները այդ գիրքը որակում են ՙհայկական ֆաշիզմ՚, թեեւ ֆաշիզմի հայկական տարատեսակ բնությունում գոյություն չունի: Արծրուն Պեպանյանը նաեւ ինքը ավելորդ անգամ շեշտել է իր մտերին հարաբերությունները Հրայր Թովմասյանի հետ` հրապարակելով իրենց համատեղ կոչը իշխանությանն ու ընդդիմությանը, որը տարածել էին 2008-ի ողբերգական իրադարձություններից առաջ:
Ավելորդ չէ նշել, որ ժամանակին Պեպանյանը հեռու չի եղել եւ ԼՏՊ-ից, բավականին երկար տարիներ եղել է ՀՀՇ-ի ՙՀայք՚ պաշտոնաթերթի գլխավոր խմբագիրը: Ինչ վերաբերում է նրա` մասոն լինելու վերաբերյալ պնդումներին, ապա համացանցում ազգայնականների մի մասը նրան ջերմորեն պաշտպանում է, մի մասն էլ` խիստ քննադատում եւ հիշատակումներ անում `ինչ-ինչ մութ պատմությունների վերաբերյալ: Ինչեւէ, այս պահին դժվարանում ենք գնահատել, թե ինչքանով է ստույգ մասոնության վերաբերյալ տեղեկատվությունը:
ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

