ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ԴԵՌ ՔԱՌՅԱԿԻ ԵՐԿՈՒ ԿԵՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԻ ԳՏԵԼ
Արխիվ 12-16ԳՅՈՒՂՆԱԽԱՐԱՐԸ ԴԵՌ ՔԱՌՅԱԿԻ ԵՐԿՈՒ ԿԵՏԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԻ ԳՏԵԼ
Շաբաթվա թերեւս ամենածեծված թեման ոչ իշխանական քառյակի հրապարակած 12 կետերն էին, որոնք վերջիններս պահանջում են իշխանություններից: Հատկանշական է այն, որ այդ կետերից երկուսը վերաբերում են գյուղատնտեսության ոլորտին, մասնավորապես` դրանցում ասված է, որ առնվազն պետք է կրկնապատկել գյուղմթերքների արտադրության, ոռոգման ջրի եւ վարկերի համար տրամադրվող սուբսիդիաների ծավալները, ինչպես նաեւ գյուղատնտեսությունում տրված արտարժութային վարկերը դրամայինի վերածելուն: Հունիսի 11-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանից հետո, «Իրավունքը» եւս անգամ դիմեց ՀՀ գյուղատնտեսության նախարար ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ` պարզելու համար, թե մինչեւ աշուն արդյո՞ք հնարավոր է քառյակի առաջադրած խնդիրներին լուծում տալ, եւ ի՞նչ է մտածում այս հարցերի շուրջ նախարարությունը: Սակայն հարցին ի պատասխան` պարոն նախարարը նշեց.
- Այսօր երեկոյան կքննարկենք, երեւի առաջիկայում Ձեզ կասենք:
- Պարոն նախարար, այնուամենայնիվ, այս առաջարկները իրատեսական համարո՞ւմ եք:
- Հիմա չեմ կարող ասել, մինչեւ մանրամասն չքննարկենք, ոչինչ չեմ կարող ասել:
Այս ամենից հետո չենք կարող չարձանագրել, որ գյուղնախարարի սպանիչ զգուշավորությունը, պարզապես զավեշտի է վերածվում: Չէ՞ որ քառյակն իր 12 կետերը մշակեց` 4 ժամ փակվելով "Ժառանգություն" խմբակցությունում, մինչդեռ այդ 12 կետերից երկուսի շուրջ գնահատական տալու համար Գյուղնախարարությանը պահանջվեց մինիմում 48 ժամ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

