«ԴԱ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է, Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
Արխիվ 12-16«ԴԱ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է, Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
Երեկ ժամը 12:10-ի սահմաններում Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց Օպերայի հայտնի անկարգությունների հեղինակ Շանթ Հարությունյանի գործով դատի մեկնարկից առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: 1983 թ. ծնված Հայկ Կ.-ն բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա եւ հայտարարել, թե մեքենայում ռումբ կա: Ապա վերջինս չենթարկվելով ոստիկաններին` պնեւմատիկ զենքով անկանոն կրակ է բացել քաղաքացիների վրա, ինչի արդյունքում մարմնական վնասվածքներ ստանալով` 4-5 ոստիկան, այդ թվում նաեւ մեկ կին ոստիկան տեղափոխվել են հիվանդանոց:
Թե արդյոք սա Հայաստանի Եվրասիական միության մոտալուտ անդամակցության դեմ ուղղված հերթական սադրանքը չէր, երեկ խորհրդարանում «Իրավունքը» փորձեց պարզել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ ԳՐԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՑ.
- Անկեղծ ասած, առերեւույթ չէի փոխկապակցի մեկը մյուսի հետ, որովհետեւ կարծում եմ, որ դա հանցագործություն է, ի՞նչ կապ ունի Եվրասիական միության հետ: Այդուհանդերձ` դեպքի հետ կապված, ինչ-որ գնահատականներ հնչեցնելու իրավասությունը չունեմ: Պետք է ծանոթանամ խնդրին, եւ թույլ տվեք չպատասխանեմ Ձեր հարցին, որովհետեւ Ազգային ժողովում եմ եղել եւ որեւէ բանից տեղյակ չեմ:
Նշենք, որ Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ատրճանակն առգրավվել է ու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

