ՓՈՔՐԻԿ «ԵՎՐԱՏԵՍԻԼԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ՓՈՔՐԻԿ «ԵՎՐԱՏԵՍԻԼԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Այս տարի առաջին անգամ Հայաստանում կազմակերպվել է երգի (էստրադա, ջազ, ֆոլկ, դասական) ու պարի (դասական, մոդեռն, ժամանակակից, լատինո, ֆոլկ) միջազգային մրցութ-փառատոն, որը տեղի կունենա հունիսի 16-20-ը: Փառատոնին կմասնակցեն 20-22 ազգերի ներկայացուցիչներ, ՀՀ-ի Արմավիրի մարզից, Գյումրիից, Հրազդանից, Աբովյանից, Էջմիածնից, Երևանում բնակվող ազգային փոքրամասնական 11 համայնքներից մասնակիցներ, ովքեր կներկայանան 6 տարբեր տարիքային խմբերով՝ թե՛ անհատական, թե՛ խմբային, թե՛ դուետներով, տրիոներով ու խմբերգերով: Ժյուրիի կազմում կլինեն ևս արտերկրից հրավիրված մասնագետներ՝ Բուլղարիայից, Մակեդոնիայից,Մոլդովայից, Սիրիայից, Եգիպտոսից, Ռուսաստանից, Վրաստանից, Հայաստանից, Ուկրաինայից:
Ի դեպ, Ուկրաինայի ինքնաթիռը հասկանալի խնդիրներով, ցավոք, չի կարողացել գալ, միայն ժյուրիի կազմում կլինի ուկրաինացի ներկայացուցիչ:
Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում միջոցառման կազմակերպիչներ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆՆ ու ԿԱՐԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ մրցույթ-փառատոնն առավել մանրամասն ներկայացրեցին լրագրողներին:
«Մրցույթի բոլոր մասնակիցներն ընտրվել են ըստ նախապես անցկացված քասթինգի՝ երգերի ու պարային համարների ձայնագրությունների դիտումով: Մրցութային օրերից առաջինը՝ հունիսի 18-ը, կմեկնարկի ժամը 14.00-ին Սունդուկյանի թատրոնին հարակից հրապարակ-բակում ՝ բոլոր մասնակիցների երկրների դրոշների նվագախմբային քայլերթով: Այնուհետև մրցույթը կշարունակվի թատրոնի դահլիճում: Մրցութային երկրորդ օրը՝ հունիսի 19-ին, ժամը 18.00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում կկայանա գալա-համերգ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ ամեն տարիքային և ոճային խմբում կներակայացվեն 1-3 տեղեր զբաղեցրած մասնակիցները, որոնց կշնորհվեն գավաթներ, մեդալներ, պատվոգրեր»,- նշեց ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍԱՅՆԸ:
«Այս փառատոնը տալիս է նաև հիանալի հնարավորություն
օտարին ներկայացնելու մեր երկիրը, մշակույթն ու պատմությունը, զարգացնելու տուրիզը: Մրցութային օրերից զատ նախատեսված է նաև արտերկրից ժամանած խմբերի համար էքսկուրսիոն ծրագիր հայկական պատմական ու գեղատեսիլ վայրերով շրջագայությամբ: Փառատոնը լինելու է շարունակական»,- ասում է ԿԱՐԵՆ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ:
Նշենք, որ միջոցառմանն աջակցում է նաև Հայաստանի մշակույթի նախարարությունը, Արտգործնախարարությունը և Քաղաքապետարանը:
Միջոցառման նկարահանումից էլ հետագայում կպատրաստվի ֆիլմ, որը ևս կներկայացվի հայ և օտարազգի հանդիսատեսին:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

