ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՈՐԸՆՏԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԼԵԶՈՒ ԵՆ ԳՏԵԼ ԻՐԱՐ ՀԵՏ»
Արխիվ 12-16ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՈՐԸՆՏԻՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԼԵԶՈՒ ԵՆ ԳՏԵԼ ԻՐԱՐ ՀԵՏ»
Ընդդիմության աղմուկն ու «մունաթով» պահանջները վերածվեն են առաջարկների ու խնդրանքների, ինչի արդյունքում կառավարությունը հետամուտ է լինում նրանց բարձրացրած հարցերին ու տալիս սպառիչ պատասխաններ: Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ` դիմելով կառավարության ներկայացուցիչներին նշեց. «ՀՀ օրենքով մեր քաղաքացիներն իրավունք ունեն դիմել գործատուներին եւ հրաժարվել պարտադիր կուտակային վճարներից, առաջարկում եմ այս ամբիոնից մեկ անգամ ևս քաղաքական հայտարարությամբ ասել, որ ե՛ւ պետական հատվածում, ե՛ւ մասնավոր հատվածում այն գործատուները, ովքեր բացահայտ կամ թաքուն խոչընդոտում են քաղաքացիների իրավունքի իրացմանը նրանք պատասխանատվություն պետք է կրեն օրենքի առաջ: Նաեւ կուզենայի` հայտարարեք, որ ինքներդ անձամբ պատրաստ եք արձագանքել յուրաքանչյուր նման մի ահազանգի: Այն գործատուները, ովքեր իրենց աշխատողներին ստիպում են դիմումներ չգրել պարտադիրից հրաժարվելու համար, պետք է պատասխանատվություն կրեն օրենքի առաջ»: Ա.Վարդանյանի առաջարկին ի պատասխան, ՀՀ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Իրոք, խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է նաեւ գտնվում, մենք էլ ենք ահազանգեր ստացելկառավարությունում, որոնց հետքերով միջոցառումներն արդեն ձեռնարկվում են: Ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ օրենքը կիրառվելու է բացառապես այն ձեւով, ինչպիսին ընդունել է Ազգային ժողովը»: Ապա դիմեց ՀՅԴ-ական պատգամավորին. «Եվ եթե լինեն դեպքեր եւ խնդիրներ, այդ թվում նաեւ Ձեր կողմից նշված, խնդրում եմ մեզ այդ մասին տեղեկացնել , որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն: Ամեն դեպքում, որեւէ հակառակ ցուցում օրենքին հակասող, որեւէ ատյանից որեւէ տեղ չի գնացել եւ չէր էլ կարող գնալ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

