«ԱՆՏԵՂԻ ԾԻԾԱՂԵԼՈՎ ՈՒ ՀԵՐՈՍ ՁԵՎԱՆԱԼՈՎ` ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԵՆՔ ԼՈՒԾԵԼՈՒ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ»
Արխիվ 12-16ՀՀ վարչապետի նկատողությունը ԱԺ պատգամավորներին. «ԱՆՏԵՂԻ ԾԻԾԱՂԵԼՈՎ ՈՒ ՀԵՐՈՍ ՁԵՎԱՆԱԼՈՎ` ՈՉ ՄԻ ՀԱՐՑ ՉԵՆՔ ԼՈՒԾԵԼՈՒ ԱՅՍ ԵՐԿՐՈՒՄ»
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ` դիմելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին նշեց. «Հարցս ուղղում եմ պարոն վարչապետին եւ ակնկալում, որ Դուք կմոտենաք ամբիոնին: «Կոնտինենտ Տեքստ» փակ բաժնետիրական ընկերության շուրջ 150 աշխատակիցներ խնդրել են ինձ իրենց խնդիրը ներկայացնել Ձեզ եւ ակնկալում են Ձեր անմիջական աջակցությունը: Ըստ էության, սա կարի ֆաբրիկա է, որի 100 տոկոս բաժնետոմսերը գտնվում են ՀՀ ոստիկանության տրամադրության տակ: Ֆաբրիկան գործել է 1967 թվականից եւ արտադրել ոստիկանական համազգեստ: Հիմա, ըստ աշխատակիցների, նպատակային սնանկացման գործընթաց է տարվել եւ լուծարման գործընթաց է գնում: Եվ դա քիչ է, մեկ տարի մարդիկ աշխատել են եւ չեն վճարվել: Հիմա մարդիկ ակնկալում են Ձեր աջակցությունը, ինչպես վարձատրության գործընթացում, այնպես էլ եթե կարող եք, կանխեք լուծարման գործընթացը: Կարծում եմ` Դուք` որպես նորանշանակ վարչապետ, ակնկալելով հասարակության աջակցությունը, պիտի սկսեք հենց նման հարցերի լուծումից: Ըստ էության, շուրջ 150 աշխատող` իրենց ընտանիքներով, առանց ապրուստի են մնացել: Ես կարծում եմ, որ պիտի անմիջական միջամտություն լինի կառավարության կողմից»: Տիկին Սարգսյանի մեծ ցանկությունը ու հորդորը, որ իր հարցին պատասխանի ՀՀ վարչապետը, ծիծաղ առաջացրեց որոշ պատգամավորների շրջանում, սակայն տիկնոջ փափագը իրականություն դարձավ եւ ԱԺ ամբիոնին մոտեցավ Հովիկ Աբրահամյանը:
«Տիկին Սարգսյան, Դուք գիտեք, որ ես պատգամավորներին շատ եմ հարգում, կին պատգամավորներին առավել շատ: Եվ հարգելով Ձեր առաջարկը սիրով պատասխանում եմ Ձեր հարցին», - պատասխանելով Լ.Սարգսյանին նշեց ՀՀ վարչապետն ու հավելեց. «Ուղղակի, հետամուտ պետք է լինեմ եւ պետք է խնդրեմ, որ գրավոր հանձնեք ինձ բարձրացված հարցը: Ես անպայման անձնապես կզբաղվեմ հարցով եւ կփորձեմ օրենքի շրջանակում խնդրին լուծում տալ»: Ապա անդրադարձավ ժպտերես պատգամավորներին. «Եվ նաեւ հորդորում եմ, մեր բոլոր գործընկերներին, որ ծիծաղով, իհարկե, զարդարում են մեր դահլիճը, բայց միայն հիմնավոր ծիծաղի դեպքում, անտեղի ծիծաղելով ու հերոս ձեւանալով` ոչ մի հարց չենք լուծելու այս երկրում»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

