ԵՐԿՈՒ ՀԱՅ ՊԱՐՈՆԱՅՔ ԿՄՐՑԵՆ «ՄԻՍՏԵՐ ՖԵՅՍԲՈՒՔ ՏԻԵԶԵՐՔ» ՏԻՏՂՈՍԻ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ԵՐԿՈՒ ՀԱՅ ՊԱՐՈՆԱՅՔ ԿՄՐՑԵՆ «ՄԻՍՏԵՐ ՖԵՅՍԲՈՒՔ ՏԻԵԶԵՐՔ» ՏԻՏՂՈՍԻ ՀԱՄԱՐ
Արդեն իսկ հայտնի է ամենամյա «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք» միջազգային օնլայն մրցույթի մասնակիցների անունները: Նշենք, որ կազմակերպիչների որոշմամբ յուրաքանչյուր երկրից ընտրվում է մեկ մասնակից եւ վերջինիս համաձայնությամբ էլ որպես տվյալ երկրի «Միստեր»` նա մասնակցում է միջազգային մրցույթին: Սակայն այս անգամ «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք-2014»-ը հայաշատ կլինի, քանի որ հայաստանյան մասնակցից բացի, Բելգիան նույնպես հայ է ներկայացնում: «Իրավունքը» կապ հաստատեց ինչպես «Միստեր Ֆեյսբուք Հայաստան-2014» տիտղոսին արժանացած մոդել ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԻ, այնպես էլ «Միստեր Ֆեյսբուք Բելգիա-2014» տիտղոսին արժանացած դերասան, իրավաբան ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ` մրցույթի մասին որոշ մանրամասներ ճշտելով հենց մասնակիցներից:
«ԱՌԱՋԻՆ «ՌԱՈՒՆԴԸ» ԱՐԴԵՆ ԻՍԿ ԿԱՅԱՑԵԼ Է»
«Միստեր Ֆեյսբուք Տիեզերք» մրցույթին իր մասնակցության մասին` Դ. Ղարիբյանը նշեց. «Երեք տարի շարունակ «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք» մրցույթի ակտիվ քվեարկողներից մեկն եմ եղել` հօգուտ մեր հայ մասնակիցների: Իսկ այս տարվա մրցույթին ես եմ առաջադրվել կազմակերպիչների կողմից եւ տվել իմ համաձայնությունը»: Այն դիտարկմանը, որ մրցույթին եւս մեկ հայ է մասնակցում եւ արդյոք երկու հայրենակից միստերները պատրաստվում են մրցակցել միմյանց հետ, հայաստանյան մասնակիցը անկեղծացավ. «Բելգիայի ներկայացուցչի հետ ծանոթացել ենք «Ֆեյսբուքով» եւ մեր առաջին «ռաունդը» արդեն կայացել է ու ունեցել հաջող ավարտ, իհարկե, ջերմ բարեմաղթանքների տեսքով»: Եզրափակելով մրցույթի մասին իր կարծիքը` մոդելը հավելեց. «Քանի որ մրցույթը վիրտուալ է, ուստի` հաղթանակի գրավականը քո երկրպագուներն են ու ընկերները, որոնք հենց մրցույթի իրական հաղթողներն են դառնում: Այդքանով էլ այն դառնում է լուրջ, այլ բաղադրատոմս ես չգիտեմ»:
«ՉԵՄ ՄՏԱԾԵԼ, ՈՐ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՍ ՄԵՋ Է ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿԻՑԸ»
Իսկ դերասան Սարգիս Սիմոնյանը, ով արդեն 22 տարի ապրում է Բելգիայում եւ հայաստանյան հեռուստադիտողին հայտնի է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալից, մի փոքր զարմացած է, որ հենց իրեն են մրցույթի կազմակերպիչներն ընտրել որպես «Միստեր Ֆեյսբուք Բելգիա-2014». «Անկեղծ ասած, չէի հետեւում մրցույթին, ճիշտ է, հրավերը եկել էր կազմակերպիչներից ու ես էլ համաձայնությունս տվել էի, բայց միայն մի քանի շաբաթ առաջ իմացա, որ ես եմ ընտրվել ողջ Բելգիայից: Ե՛վ զվարճալի, ե՛ւ հետաքրքիր նախագիծ է, որը թեպետ վերտուալ է, բայց հաղթելու դեպքում սպասվում է նկարահանում, հարցազրույց, ֆոտոսեսիա եւ այլն: Այսինքն` դռներ կարող են բացվել, եթե այդ ասպարեզում ուզում ես ավելի զարգանալ եւ ոչ միայն այն երկրում, որտեղից ընտրվել ես, այլ նաեւ աշխարհում: ՉԷ՞ որ «Միստեր Ֆեյսբուքը» ամեն երկրից ընտրում է մի անձի, որը ակտիվ է սոցցանցում եւ տեսքով էլ համապատասխանում է: Ամեն դեպքում հետաքրքիր է տեսնել, թե որ երկրի մասնակիցը կարող է արժանանալ «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք» տիտղոսին»:Անդրադառնալով այն հարցին, որ մի շարք երկրների կողքին նաեւ պետք է հայաստանյան մասնակցի հետ մրցակցի` Ս. Սիմոնյանը նկատեց. «Հետաքրքիր է, բայց
այդ ուղղությամբ չեմ մտածել, որ մրցակիցներիս մեջ է նաեւ Հայաստանի մասնակիցը: Հակառակը, ես հպարտ եմ, թող մեկը չլինենք, այլ 10-ը լինենք: Խոսել եմ հայաստանյան մասնակցի հետ, նա սկզբում կարծեց, թե ես Հայաստանում եմ, բայց ներկայացնում եմ Բելգիան, բայց ես բացատրեցի, որ թեպետ ազգությամբ հայ եմ, սակայն Բելգիայի քաղաքացի եմ»:
Նշենք, որ «Միստեր Ֆեյսբուք Տիեզերք-2013»-ին Հայաստանը ներկայացնում էր ճանաչված մոդել ԷՄԻԼ ՄԱՐԿԸ, ով աշխարհի մասշտաբով ընդգրկվեց լավագույն հնգյակում, ապա ճանաչվեց «Միստեր Եվրոպա 2013»: Ի դեպ, այս տարի մրցույթի քվեարկության մեկնարկը կտրվի սեպտեմբերին, այնպես որ հաջողություն մաղթենք հայազգի միստերներին: Թող վիրտուալ լինեն միայն մրցույթները, իսկ հաջողությունները բացառապես իրական դառնան:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

