ԱՊԱԳԱ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆ
Արխիվ 12-16ԱՊԱԳԱ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԻ
ԿԱՐԻՔ ՉՈՒՆԵՆ
Ապրիլի 26-ից հունիսի 2-ը Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում ցուցադրվեց իտալական ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի` համաշխարհային համբավ վայելող գեղանկարիչ, քանդակագործ, գրաֆիկ ԲՐՈՒՆՈ ԲՐՈՒՆԻԻ բոլոր ստեղծագործական շրջաններն ընդգրկող մոտ 100 աշխատանքների հետահայաց ցուցադրությունը: Այն, ինչ խոսք, բացառիկ հնարավորություն ընձեռեց հայ արվեստասերներին ծանոթանալու իտալական արդի արվեստին, իսկ հայ արվեստագետներին` մոտիկից շփվելու եւ ներշնչվելու:
Իտալացի արվեստագետի այցի շրջանակներում նախատեսվում էր նաեւ վարպետության դասեր, սակայն, հետո պարզվեց, որ մեր ապագա արվեստագետները վարպետության դասերի կարիք չունեն:
Այս մասին «Իրավունքը» տեղեկացավ Բրունո Բրունիի հայաստանյան ցուցահանդեսի համադրող, «Անտիկյան» ցուցասրահի հիմնադիր ԱՐՄԻՆԵ ԱՆՏԻԿՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում ոչ միայն պատմեց չկայացած վարպետության դասի պատճառների, այլեւ Բրունիի հայաստանյան հետագա գործունեության մասին:
- Կարծում եմ` ցուցահանդեսը մեզ հաջողվեց, կարողացանք լավ կազմակերպել եւ ունենալ արդյունք այն
առումով, որ այցելությունները եւ նրա արվեստով հետաքրքրվողները շատ էին: Բնականաբար ստեղծվեցին նոր հարաբերություններ, ընկերություններ, ծրագրեր` ապագայի համար: Նույնիսկ Բրունին սեպտեմբերին հայկական ժամանակակից արվեստի ցուցահանդեսին մասնակցելու հրավեր ստացավ: Ինձ համար կարեւոր էր սա, որովհետեւ ցավոք, հաճախ հյուրընկալելու հնարավորություն չենք ունենում: Սովորաբար մեր արվեստը ներկայացնում ենք դրսում, փոքրիկ միջոցներով, եւ եթե նույնիսկ հաջողվում է գտնել հովանավոր, կարողանում ենք ինքներս տանել ու ներկայացնել: Բայց հյուրընկալել տանտիրոջ իրավունքով, չի հաջողվում, որովհետեւ այն մեծ ծախսերի հետ է կապված: Նույնիսկ պատկերասրահի աշխատողներն էին նշում, որ այս ծավալի մեծ ցուցահանդես վաղուց չէր եղել, դրա համար ասում եմ` արդարացված է, ծանր աշխատանք է, այն հնարավոր չէ կազմակերպել հաճախ:
- Փաստորեն, Բրունիի մի քանի գործեր դեռ Հայաստանում կմնա՞ն:
- Այո, Բրունին ցանկություն հայտնեց ցուցադրվել Հայաստանում` Անտիկյան ցուցասրահում, որովհետեւ սիրեց այդ մթնոլորտը, միջավայրը ու տեսնելով, որ իր արվեստի հանդեպ էլ կա հետաքրքրություն, ցանկացավ, որ անպայման այստեղ լինեն իր գործերից:
- Քանի՞ գործ է թողել Հայաստանում:
- Այս պահին տասնյակը չեն գերազանցում, բայց ասաց, որ այնքան ներշնչված է գնում ու ոգեշնչված է Հայաստանով, հայ կանանցով, հայկական արվեստով ու բնությամբ, որ անպայման փակվելու է իր արվեստանոցում` Պեզարոյում ու ուզում է ստեղծագործել անընդմեջ: Եվ ասում է, որ մի ամբողջ շարք է ծնվելու այս էմոցիաներից հետո: Նույնիսկ, գուցե կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ դեռ չենք հասցնի հանգստանալ այս ցուցահանդեսից, նա կրկին գալու է նոր ցուցահանդեսով: Փաստորեն, այդքան սիրեց մեզ եւ մեր երկիրը:
- Ցուցահանդեսի բացման օրը` մեր զրույցի ժամանակ ասացիք, որ այցի ընթացքում նախատեսված են նաեւ վարպետության դասեր` ուսանողների համար, փաստորեն այն չիրականացավ, ի՞նչն էր պատճառը:
- Մեր երկրում ամեն ինչ շատ դժվար է, ահռելի ջանքեր են պահանջվում ինչ-որ բան անելու համար:
Փառք Աստծո, կարողացանք բոլոր ծրագրերն ավարտին հասցնել, բայց վարպետության դասը, որն ինձ համար շատ կարեւոր էր, չկայացավ: Կարեւոր էր, որովհետեւ Բրունոն համարվում է առաջիններից մեկը լիտոգրաֆիայի ասպարեզում` համաշխարհային մակարդակով, ու մտածում էինք, որ անպայման այդ վարպետության դասը սկսնակ արվեստագետների շրջանում մեծ հետաքրքրություն կառաջացնի, ու գուցե նորից ստեղծվեն կապեր, հարաբերություններ: Բրունոն ծրագրում էր, որ այստեղից երեխաներ գնան, սովորեն: Այսինքն` Անտիկյան ցուցասրահի եւ իտալական բարեկամության արդյունքում պիտի նաեւ ուսանողների փոխանակություն լիներ: Բայց առաջին փորձը չստացվեց, որովհետեւ նախ լիտոգրաֆիայի միակ հաստոցը Երեւանում, որը Իգիթյան կենտրոնում է, եթե չեմ սխալվում մոտ 200 տարվա չօգտագործման արդյունքում բավականին տուժել էր: Էլ չեմ ասում, որ նյութերի շատ լուրջ խնդիր կար: Փորձեցին գտնել փոխարինող նյութեր, չստացվեց, որովհետեւ չկարողացանք համարժեք կազմակերպել: Մի բան էլ, որ ինձ համար շատ տարօրինակ էր, կարծես թե այն կողմից ցանկությունն էլ այդքան մեծ չէր` երեխաներին սովորեցնելու կամ ավելի բան տալու, դրա համար չստացվեց: Պարզվեց` Հայաստանում չունենք լիտոգրաֆիստներ եւ ունենալու էլ ցանկություն չունենք, ինչպես եւ շատ ասպարեզներում, որովհետեւ այն, ինչ ունենք, այնքան կարեւոր է, համաշխարհային մեծություն ենք, որ մեզ ավելորդ ինֆորմացիա հեչ պետք չէ: Իսկ ինքն իր կողմից նույնիսկ պատրաստ էր լիտոգրաֆիայի համար հատուկ քար բերել Հայաստան, ինչն այստեղ շատ մեծ գումարի հետ է կապված:
- Արմինե, արվեստագետներից հաջորդն ո՞ւմ եք պատրաստվում հրավիրել Հայաստան:
- Միջազգային համագործակցության ծրագրեր բնականաբար կան, բայց այս պահին վախենում եմ խոսել դրանց մասին, մեծ ծախսերի հետ է կապված: Պիտի փորձենք այս փոխանակության ծրագիրն առաջին հերթին կայացնել, որովհետեւ ամեն անգամ երբ արվեստագետը գնում է այլ երկիր, այնտեղից ստացածը հաստատ արդյունք տալիս է` ծնվում է լրիվ այլ արվեստ: Նույնիսկ Բրունոյի նման իտալական արվեստից սնված արվեստագետն այստեղ ներշնչանքի նոր աղբյուրներ է գտել, եւ հաստատ ծնվելու է նոր շարք: Այնպես որ, ինձ համար կարեւոր է այդ փոխանակությունը, մնում է` մի քիչ էլ լինի հոգածություն` ժամանակակից արվեստի նկատմամբ, դրանից հաստատ զրկված ենք, իսկ առանց միջամտության անհնարին է դրանք իրականացնել:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

