ՙԶԻՆՎՈՐԸ ԶԻՆՎՈՐ ՉԷ, ԵԹԵ ՉԻ ՁԳՏՈՒՄ ԳԵՆԵՐԱԼ ԴԱՌՆԱԼ...՚
Արխիվ 12-16ՙԶԻՆՎՈՐԸ ԶԻՆՎՈՐ ՉԷ,
ԵԹԵ ՉԻ ՁԳՏՈՒՄ ԳԵՆԵՐԱԼ ԴԱՌՆԱԼ...՚
Սեռերի հավասարության մասին զրույցները, կնոջ դերի, ուժի ու իրավունքի բարձրացումը վերջերս, չգիտես ինչու, առավել աղմկոտ ու նորաձեւ են դարձել, բայց արդյոք անհրաժեշտ են դրանք հայուհուն, արդյո±ք այդ ամենը պահանջող կինը ճանաչում է իր պաշտպանին, եղե±լ է հայ զինվորի, սպայի ու հայոց բանակի կողքին: Իսկապես անկոտրում է մեր թիկունքը, բարձր` մարտական ոգին, գործուն` պաշտպան լինելու բնազդը: Զրուցակիցս N զորամասի առաջին հրաձգային գումարտակի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, մայոր ՀԱԿՈԲ ՍԱՐԳՍՅԱՆՆ է, ով արդեն 15 տարի է` ծառայում է զինված ուժերում. առաջին սպայական կոչումը ստանալուց հետո ծառայության է անցել Հայաստանի արեւելյան սահմանները պաշտպանող մի շարք զորամասերում, իսկ 2011 թվականից առ այսօր ծառայում է այն զորամասում, ուր զրուցում ենք:
Ծառայողական բավականին երկարատեւ ճանապարհին, անկախ հանդիպած դժվարություններից, մայոր Սարգսյանը երբեւէ չի հոգնել ու չի ափսոսացել ընտրած մասնագիտության համար. ՙԻսկապես, դժվարություններ շատ կան. օրվա 90 տոկոսը տրամադրում ենք ծառայությանը, զինվորին, բանակին, եւ եթե անձնական ինչ-որ հարց է լինում, այն, անկախ քո կամքից, մի կողմ ես դնում: Երբ կինս զանգում ու ասում է, որ երեխաս հիվանդ է, կարող եմ թեթեւակիորեն արձագանքել ու բավարարվել միայն` ՙդե մի դեղ տուր՚ լուծմամբ, բայց զորամասի ամեն զինվորի մատը փուշ մտնելն այնքան մանրամասն ու տեւական արձագանք է ստանում, հետեւողական աշխատանք տարվում… Զինվորականի կին լինելը շատ դժվար է, տղամարդու պարտականությունների կատարողը եւս նա է, դաստիարակության ծանր բեռ է կնոջ վրա ընկնում, որովհետեւ երեխային հաճախ միայն քնած ժամանակ ես տեսնում: Հաճախ կարոտում եմ ընտանիքիս…
Ես փոքր հասակից եմ սիրել այս մասնագիտությունը, այլ ոլորտում ինձ տեսնել չեմ կարող. ես սիրում եմ իմ զինվորին, չեմ պատկերացում, թե առանց նրա ինչ կանեի: Նույնիսկ արձակուրդային մեկ ամիսս է ինձ համար անսովոր՚:
Սեփական աշխատանքի որակը գնահատել մայորը դժվարացավ, բայց փաստեց մի պարզ ճշմարտություն, որի կատարմամբ միայն ամեն ինչ կարող է հարթ կառուցվել. ՙՅուրաքանչյուր հրամանատար իր զինվորին պետք է ընդունի ու հարգի ոչ թե որպես հերթական զինվորի, այլ որպես իր անձնական երեխայի, իր սեփական զավակի, եթե եղավ այդ սերը, զինվորի կողմից էլ փոխադարձաբար նույնն է լինելու` հարգանք, նվիրում, վստահություն ու պատրաստակամություն` կատարելու բոլոր հրամանները: Իսկ զինվորին կարող ես ուղղել, ուսուցանել նախեւառաջ անձնական օրինակով: Եթե տեսնի լոկ սպայական հրահանգներ, բնականաբար սկսելու է ինքն էլ ընդդիմանալ: Ես շատ լավ եմ ճանաչում այսօրվա հայ զինվորներին. պատրաստ են կատարելու իրենց առջեւ դրված խնդիրները… Անգամ ամենադժվար խոչընդոտը նրանց չի հուսալքում, քանզի նրանք հոգեբանորեն են պատրաստ հաղթելու. գիտակցում են, որ հաղթանակած բանակի զինվորներն են…՚:
Ու երեւի հենց այդ պատրաստակամությունն է, որ օգնում է մայորին հստակ ասելու, որ ինքը վստահ է իր զինվորական անձնակազմի վրա, ու որ մարտական հենակետերում իրենք ոչ մի խնդիր չունեն` միասնական ուժերով պատրաստ են ու կարող են կատարել պահանջվածը:
Խոսելով նաեւ այսօրվա բանակի ու զինվորի խնդիրների մասին` պրն Սարգսյանը մանրամասնեց. ՙԶինվորին պակասում է այն, ինչ պետք է տան դպրոցն ու ԲՈՒՀ-ը` առավել շատ հայրենասիրություն: Ժողովրդական մի ասացվածք կա, որը պնդում է, թե անգամ քարը, երբ տեւականորեն իր վրա ջրի կաթիլներ է կրում, տարիների ընթացքում այդ կաթիլներից փոս է գոյանում: Եթե ամեն օղակ, թեկուզ փոքր քայլով, կատարի իր անելիքը, արդեն բանակային տարիքում մենք ամուր ու որակով մարդկային ռեսուրս կունենանք, որն առավել հեշտությամբ կզարգացնենք: Հայոց բանակի պակասն էլ հենց այդ զինվորի տեսակն է: Բայց, անկախ ամենից, հերոս դառնալ կարող են ամենքը. միայն այն գիտակցումը, որ ընտանիքիդ համար օգտակար գործ ես անում, կարող է քեզ հերոսացնել: Զինվորը զինվոր չէ, եթե չի ձգտում գեներալ դառնալ՚:
ԷԹԵՐԻ ՄԱՄՈՒԼՅԱՆ

