12 ԿԵՏԵՐԻՑ ՙՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ՚ ԴՈՒՐՍ ՉԵԿԱՎ
Արխիվ 12-1612 ԿԵՏԵՐԻՑ ՙՓՐԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ՚ ԴՈՒՐՍ ՉԵԿԱՎ
Մի քանի շաբաթ առաջ, երբ խորհրդարանական քառյակը սկսեց խոսել իշխանություններին նոր պահանջներ ներկայացնելու մասին, այն տպավորությունն առաջացավ, թե դա ընդամենը միջոց է` ներկայիս պասսիվ գործունեությունը բացատրելու եւ աշնանային ինչ-որ սրացումների մասին ՙանհասկանալի՚ ակնարկներ հնչեցնելու համար: Բայց չէ, ժամանակի ընթացքում քառյակը մեկ-երկու կետ ներկայացրեց` նաեւ բացատրելով, թե մնացած պահանջներով ամբողջական առաջարկ է ներկայացնելու երկրի ներկայիս ծանր սոցիալ-տնտեսական վիճակը կարգավորելու նպատակով:
ՄԵԾ-ՄԵԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՎ...
Իհարկե, միշտ էլ ողջունելի է, երբ հայաստանյան բավականին ամորֆ քաղաքական դաշտի այս կամ այն հատվածը երկրի վիճակը կարգավորելու համար ինչ-որ առաջարկներ է փորձում ներկայացնել: Իհարկե, շատ ավելի ողջունելի կլիներ, եթե այդ առաջարկները լինեին ռեալ եւ գործնական: Այս տեսանկյունից, իհարկե, քառյակի հիշյալ 12 կետերը ինչ-որ տարակուսանքներ առաջացնում էին, հաշվի առնելով, որ շատ ավելի տեղին կլիներ, եթե դրանք ներկայացվեին դեռ միայն վերջերս ԱԺ-ում քննարկվող կառավարության ծրագրի շրջանակներում, որտեղ քառյակը կարող էր ատամներով կռիվ տալ իր առաջարկները ծրագիր մտցնելու համար եւ հետագայում էլ նույնքան համառ պայքար մղեր` դրանք կյանքի կոչելու համար: Լավ, ասենք այդ պահին նրանք նման առաջարկներ դեռ չունեին կամ մշակման փուլում էր: Ուրեմն, դրանից հետո կարել էր ենթադրել, որ խոսքն իրոք ինչ-որ լուրջ, իսկական փրկության ծրագրի մասին էր: Առավել եւս, որ երեկ քառյակի ՀԱԿ-ական մասնիկ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե. ՙԲոլորիս միավորում է անհանգստությունը, որ երկիրը կործանվում է: Ուրեմն, պետք է միավորել ռազմական տարբեր պատկերացումներ ունեցող ուժերին մի ռազմավարության մեջ...՚:
Դե, այսքանից հետո ամեն մեկն էլ կմտածի, թե քառյակն իրոք ՙփրկության ծրագիր՚ է առաջարկում: Բայց...
... ԳՐԵԹԵ ՈՉԻՆՉ ՉՏՎՈՂ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Ինչպես հայտնի է, քառյակը երեկ իր ծրագիրը վերջապես ներկայացրեց: Ճիշտ է, դրանում կան բավականին պարզ, որոշ դեպքերում նույնիսկ միանգամայն ընդունելի դրույթներ, բայց, մեղմ ասած, սխալ կլիներ սրանում ՙփրկության ծրագիր՚ տեսնել: Այսպես, առաջին կետը նույն ստանդարտ կենսաթոշակայինի պատմությունն է, այսինքն` ոչ մի նոր բան չի առաջարկվում: Իհարկե, կարող է բազմիցս կրկնված հին առաջարկը միանգամայն ընդունելի լինի: Սակայն այս հարցը` առանց այդ էլ, օրենսդրական փոփոխության տեսքով քննարկվելու է ԱԺ-ում, ու պարզապես անհասկանալի է, թե առանձին կետով այն եւս մեկ անգամ իշխանություններին հիշեցնելու փոխարեն, քառյակը ինչու միանգամից այն չի տեղափոխում խորհրդարանական ՙմարտադաշտ՚:
Երկրորդ կետը եւս այս կամ այն չափով ընդունելի է: Խոսքը վերաբերում է մայրաքաղաքի հայտնի կարմիր գծերին, տեսանկարահանող սարքերին եւ երթեւեկության տուգանքների չափերին, որոնք քառյակն առաջարկում է վերանայել: Կարմիր գծերն ու տուգանքները, ինչ խոսք, վերանայելու մեծ տեղ ունեն: Այլ բան, որ ըստ իս, արագաչափերի ու տեսանկարահանող սարքերի թիվը ոչ թե փոքրացնել, այլ բազմապատկել է պետք, հաշվի առնելով վթարների այն մեծ քանակը, որն այսօր ունենք: Ամեն դեպքում, սա էլ է քննարկելու հարց:
Հաջորդ բլոկը վերաբերում է հարկային փոփոխություններին. քառյակն առաջարկում է առնվազն երեք անգամ փոքրացնել ՙՇրջանառության հարկի՚ դրույքաչափը, բարձրացնել դրա առավելագույն շեմը, հանել սահմանի վրա կիրառվող ավելացած արժեքի հարկը եւ այլն: Մի խոսքով, առաջարկվում է այն, ինչի մասին նոր կառավարությունը վարչապետի մակարդակով արդեն իսկ պատրաստակամություն հայտնել է փոփոխություններ իրականացնել: Մնացածը վերաբերում է ժամկետներին եւ դրույքաչափերին, որը զուտ մասնագիտական քննարկման հարց է, ու քառյակը ճիշտ կաներ կառավարության արդեն իսկ առկա պատրաստակամությունից ելնելով պարզապես ուղիղ աշխատանքներ սկսեր այդ հարցերի շուրջ:
Չորրորդ եւ հինգերորդ կետերը վերաբերում են գյուղատնտեսությանը` սկսած ոռոգման ջրից եւ դրա համար տրամադրվող սուբսիդիաներից, վերջացրած գյուղատնտեսական վարկերով: Այս մասին եւս կառավարությունից հայտարարություններ հնչել են, այսինքն` այս հարցում եւս պետք է պարզապես աշխատանքներ սկսել ժամկետների եւ մյուս տեխնիկական պայմանների շուրջ: Միայն թե, քառյակի այս առաջարկում որոշ տարօրինակ նյուանսներ, այնուամենայնիվ, նկատվում են: Օրինակ, առաջարկվում է 3 մլն դրամից ավելի գյուղատնտեսական պարտավորությունները վերաձեւակերպել նոր վարկերի` 5 տարի մարման ժամկետով եւ 8 տոկոս տոկոսադրույքներով: Բայց հարց է, Հայաստանում քանի± խեղճուկրակ գյուղացիներ 3 մլն դրամից ավելի վարկեր ունեն: Մյուս կողմից էլ, մեր հայրենի օլիգարխիան, որը վերջին ժամանակներս նույնպես դարձել է խոշոր գյուղատնտես կամ հողատեր, 3 մլն-ից ավելի ինչքա±ն վարկեր ունի: Այսինքն, ինչ, ըստ քառյակի` այդ օլիգարխիկ վարկերը եւս պետք է վերաձեւակերպել ու տոկոսների նվազեցման համար էլ պետական սուբսիդիաներ հատկացնել: Եթե այո, ապա սա արդեն կդառնա ոչ թե պետության, այլ գյուղատնտեսական օլիգարխիայի փրկության ծրագիր:
Եվ միայն այսքանից հետո են առաջ գալիս երկու պրակտիկ տնտեսական հարցեր, սակայն այստեղ էլ հիմնականում սոցիալական թեքում կա: Խոսքը նախ ՙՆաիրիտի՚ պարտքերի, դրա պատմության ուսումնասիրության եւ ապա այդ գործարանի վերագործարկման, ինչպես նաեւ ՙՈրոտանի՚ հեկ-ը առանց ԱԺ հավանության չվաճառելու մասին: Իրոք, լավ բաներ են, այլ հարց է, որ քառյակը ճիշտ կաներ սրա հետ մեկտեղ առաջարկեր ՙՆաիրիտի՚ վերագործարկման իր գործուն ծրագիրը: Մյուս կողմից էլ, եթե ԱԺ-ն հավանություն տա, ուրեմն ՙՈրոտանի՚ հէկ-ի վաճառքը պետք է միանգամայն արդարացվա±ծ համարել:
Եվ 8-րդ կետով քառյակը պահանջում է թույլ չտալ հանրային տրանսպորտի փոխադրավարձերի բարձրացում: Շատ էլ ճիշտ է անում: Բայց, եթե ի վերջո իրոք պարզվի, որ գործող սակագնով տրանսպորտը պարզապես չի կարող աշխատել, ապա ինչ պետք է անենք: Այսինքն, սակագնի մասին խոսելուց առաջ ճիշտ չէր նախ այս թեման նաեւ ԱԺ-ում լուրջ մասնագիտական ուսումնասիրության ենթարկել:
Վերջ, սրանից հետո այլ տնտեսական առաջարկներ չկան: Իսկ ի±նչ պետք է մտածենք, եթե այսքանն արվի, ուրեմն Զուրաբյանի ասածի պես` երկիրը կործանումից կփրկվի±: Հասկանալի է, այն, ինչ տնտեսական դաշտում պահանջում է քառյակը, թերեւս բացառությամբ հարկային փոփոխությունների եւ ՙՆաիրիտի՚ թեմայի, միգուցե որոշակի սոցիալական խնդիրներ կլուծեն, բայց պետության տնտեսական համակարգի շեշտակի զարգացման առումով որեւէ էֆեկտ չեն կարող առաջացնել: Ասենք, նաեւ հարկերն ու ՙՆաիրիտը՚ նման հեռանկարներ չեն խոստանում, եթե այդ հարցերը դիտվում են առանձին, անհրաժեշտ բազում այլ քայլերի համատեքստից դուրս: Ահա հենց այդ բազմաքայլ տնտեսական ծրագիրն է, որ քառյակը լավ կաներ ներկայացներ, բայց որոշել է յոլա գնալ մինչ այս քանիցս հնչած ստանդարտ եւ հանրային որոշակի հնչեղություն ստացած պահանջներով: Պահանջներ, որոնք քառյակն ինքը բազում անգամներ հնչեցրել է, ու պարզապես անհասկանալի է, թե ինչու է որոշել հերթական անգամ այդ ամենը համախմբել ու այսքան խորհրդավոր ձեւով հրամցնել ոչ միայն կառավարությանը, այլ նաեւ հանրությանը: Մինչեւ սեպտեմբերի վերջերը իր անգործությունը բացատրելու համար: Միգուցե, չէ որ շրջապատող աշխարհում այն վիճակն է, որ թերեւս մեր քառյակն էլ լավ չի կողմնորոշվել, թե ուր է պետք գնալ եւ ինչ խոսել: Դե ուրեմն, նման պաուզայի համար պատճառ էլ է պետք, բայց այն, ինչ գտել են, այնքան էլ համոզիչ չէ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

