ՙԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՑ ՄԻՆՉԵՎ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԾԵԾՈՒՋԱՐԴ
Արխիվ 12-16ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՑ ՄԻՆՉԵՎ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԾԵԾՈՒՋԱՐԴ
Օրերս ՙԻրավունքի՚ խմբագրություն էր եկել Սաշա Դավթյանը: Իր հետ նա բերել էր հեռախոսային զրույցների ձայնագրություններ, որոնք, ըստ նրա, ապացուցում են, որ իր դուստրըª Շուշան Դավթյանը, կրկին ընկել է իրավապահների դրբի տակ, եւ նրան ստիպել են իր վրա վերցնել այլ անձի կողմից կատարված ծանր հանցագործությունը:Արդյունքում Շուշանը կալանավորվել է, իսկ Սաշա Դավթյանը...
ԻՆՉՈՒª ՙԿՐԿԻՆ՚
Սաշա Դավթյանի եւ նրա 2 դուստրերի քրեական ՙոդիսականին՚ մեր ընթերցողները ծանոթացել էին դեռ 2009-ին: Այն ժամանակ էլ ոստիկաններին հաջողվել էր ահաբեկել Շուշանին եւ ստիպել սուտ մատնություն կատարել հարազատ հոր նկատմամբ: Հիշեցնեմ, որ դուստրերից կորզված ցուցմունքների հիման վրա Սաշա Դավթյանը մեղադրվել էր իր անչափահաս աղջկան բռնաբարելու մեջ: Քննիչներին եւ նրանց կողմից բռնի կազմված քրեական գործը պաշտպանող դատախազներին չէր հուզում այն իրողությունը, որ այդ շինծու մեղադրանքով դատապարտված անձը, հավանաբար, դուրս չէր գա բերդից (կալանավայրերում դատում են այլ ՙօրենքներով՚), եւ իրավապահները ոչ մի բանի առաջ կանգ չառան, որպեսզի խոչընդոտեն օրինական դատաքննությանը. բանը հասել էր նրան, որ ոստիկանները դատաքննության ժամանակ առեւանգել էին տուժողներից մեկին, որպեսզի ստիպեն նրան դատարանում տալ սուտ ցուցմունք...
Այն ժամանակ կարծիք կար, որ ոստիկանները տեղյակ էին, թե ով էր բռնաբարել անչափահաս աղջկան, սակայն այդ անձը չպետք է բացահայտվեր, եւ քավության նոխազ էր նշանակվել աղջկա հայրըª Սաշա Դավթյանը:
Եվ ահա 5 տարի անց Շուշան Դավթյանը կրկին հայտնվել է քննիչների ձեռքում, եւ նրանք կրկին չեն ցանկանում բացահայտել իրական հանցագործին եւ կրկին ստիպում են Շուշանին կատարել սուտ մատնություն:
Այս անգամ` իր նկատմամբ...
ՙԹՌԻ, ՀԵՌԱԽՈՍԴ ԷԼ ԱՆՋԱՏԻ...՚
Շուշանն իր ընկերուհի Աննայի եւ վեջինիս ընկեր Նարեկի հետ տաքսի ավտոմեքենայով Աշտարակից վերադառնում էր Երեւան: Մայրաքաղաքի Ծերեթելի փողոցում Աննայի ու Նարեկի միջեւ ավտոմեքենայում վեճ էր առաջացել: Նրանք երկուսով իջել էին մեքենայից: Քիչ անց մեքենայից դուրս էր եկել նաեւ Շուշանը: Դրանից հետո կամ առաջ Աննան վայր էր ընկել եւ ստացել էր մարմնական (գանգուղեղային) ծանր վնասվածք: Դեպքը, ըստ Սաշա Դավթյանի, տեղի էր ունեցել մայիսի 8-ին: Մայիսի 17-ին Սաշային հեռախոսով հայտնել էին, որ Շուշանը ձերբակալված է: Պատճառը. նա հրել էր Աննային, վերջինս վայր էր ընկել, ինչի արդյունքում ծանր վիճակում հայտնվել էր հիվանդանոցում: Առաջադրված էր մեղադրանքª ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, ինչը նշանակում էր, որ Շուշան Դավթյանը դիտավորությամբ Աննայի առողջությանը պատճառել էր ծանր վնաս: Նախատեսված պատիժըª 3-7 տարի ազատազրկում:
Հանրահայտ ՙճշմարտություն՚ է, որ անմեղ մարդը չի փախչում եւ օրենքից չի թաքնվում: Շուշանը փախել ու թաքնվել էր: Ըստ Սաշայի եւ նրա բերած ձայնագրություններիª դեպքից հետո Նարեկն ասել էր Շուշանին. ՙԹռի, հեռախոսդ էլ անջատի՚: Այդ ձայնագրությունները տրամադրվել էին նաեւ իրավապահ մարմիններինª որպես ապացույց, թե Աննային հրողը Նարեկն էր, այլ ոչ թե` Շուշանը: Սակայն քննիչները եզրակացրել էին, որ Նարեկը մեղավորություն չունի, իսկ Շուշանը դիտավորությամբ էր ծանր վնաս պատճառել իր ընկերուհուն: Շուշանը ՙհամաձայնել՚ էր քննիչի հետ եւ ստորագրել էր ինքնախոստովանական ցուցմունքը:
Հարցեր կա±ն:
Ոչ մի հարց. քննիչը արտահայտել էր իր ներքին համոզմունքը, դատախազը հաստատել էր այն, իսկ Աննան...
Այստեղից սկսվում է ամենահետաքրքիրը...
ՙԱՅՍՏԵՂ ՀԻՇՈՒՄ ԵՄ, ԱՅՆՏԵՂ ՉԵՄ ՀԻՇՈՒՄ...՚
Սաշայի ունեցած ձայնագրությունից գրեթե ակնհայտ է, որ խոսակցությունը տեղի էր ունեցել թաքնված Շուշանի եւ հիվանդանոցում գտնվող Աննայի միջեւ: Ակնհայտ է նաեւ, որ Շուշանը կապվել էր Աննայի հետ այն նպատակով, որ նրանից լսի ու ձայնագրի, թե հրողը Նարեկն էր: Դա նրան հաջողվել էր մասամբ. մի պահ Աննանª երդվելով իր երեխայով, ասում է, որ մեղավորը Նարեկն էր, մի պահ էլ` կմկմում է, թե չի հիշում:
Հասկանալի է, որ գանգուղեղային վնասվածքը շատ հարմար առիթ է, որպեսզի քննիչը անտեսի Աննայի այն ասածները, եւ այդ պարագայում Շուշանի ցուցմունքները դառնում են ապացույցների ապացույց: Կարծում եմ, որ գործում կան նաեւ Նարեկի, տաքսու վարորդի եւ, անգամ, Աննայի ՙնույնաբովանդակ՚ ցուցմունքները:
Ո±րն է ճշմարտությունը:
Ասել, թե քննությունը ցույց կտա, ես չեմ համարձակվի: Եվ ոչ միայն այն պատճառով, որ շատ լավ ծանոթ եմ ոստիկանության գործելակերպին` 5 տարի առաջ տեղի ունեցած դատավարությունից: Նաեւ այն պատճառով, որ առաջադրված է մեղադրանքը, ըստ որի` հանցավոր արարքը կատարվել էր դիտավորությամբ: Նաեւ այն, որ Շուշանը հրաժարվել է պաշտպան ունենալուց...
ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՀԱՄԱՐԵԼ ԱՎԱՐՏՎԱԾ
Սաշայի այցելությունը ՙԻրավունքի՚ խմբագրություն պատահական չէր. նա եկել էր այնտեղ, որտեղ նրան օգնել էին արդարանալª իր անչափահաս դստերը բռնաբարելու մեղադրանքից: Ավելին. նա վստահ էր, որ այդ թերթի լրագրողները լավատեղյակ են, թե ինչպես է ստացվում, որ կասկածյալն ու մեղադրյալը հրաժարվում են պաշտպանից:
Ինձ հաջողվեց հեռախոսազրույց ունենալ ՙԱբովյան՚ քրեակատարողական հիմնարկի կալանավոր Շուշան Դավթյանի հետ (շնորհակալ եմ կալանավայրի ղեկավարությանը): Կարճ զրույցից տեղեկացա, որ Շուշանն անձամբ էր ներկայացել քննչական մարմին եւ փորձել էր ներկայացնել չարաբաստիկ օրվա իրական իրադարձությունները, որ քննիչ Ստեփանյանը չէր ցանկացել լսել իրողությունը, ահաբեկել էր Շուշանին, պարտադրել էր ստորագրելՙինչ-որ՚ թղթեր եւ գրել այն, ինչ ինքը կասի: Բարդ չէ հասկանալ, որ ստորագրված թղթերից էին պաշտպան ունենալուց հրաժարվելու մասին ձեւաթուղթը եւ ՙխոստովանական՚ ցուցմունքները...
Այնպես որ, քննիչը կատարեց եւս մեկ քայլ` իր ուսադիրներին հերթական աստղ ավելացնելու համար: Սակայն արդարադատությանը եւ մեզ նման գործընթացը ձեռք տալ չի կարող: Մանավանդ, որ իր երկրորդ այցելության ժամանակ Սաշա Դավթյանը ներկայացրեց, իմ համոզմամբ, ՙքարը ծակող՚ ապացույց. Աննան ՙհիշել՚ էր, որ իրեն հրողը, հետեւաբարեւª վնասվածք պատճառողը Շուշանը չէր: Հավանաբար Աննայի զանգը կալանավորվարծ Շուշանի քրոջը տեղի էր ունեցել այն ժամանակահատվածում, երբ նրա հանդեպ չէր եղել որեւէ ՙկրիմինալ՚ ազդեցություն:
Այս պահին կարելի է ավելացնել միայն մեկ բան. քրեական այս գործի նկատմամբ լրագրողական հետաքրքրությունը սպառված չէ...
Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

