ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ` ՃՈԽ ՆՎԵՐՆԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
Արխիվ 12-16ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ` ՃՈԽ ՆՎԵՐՆԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ
ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի կողմից տարածված համատեղ հայտարարության համաձայն, մայիսի 20-ին տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Լեւոն Տեր-Պետրոսյան հանդիպումը, որի ընթացքում վերջիններս քննարկել են իրենց համագործակցությանը վերաբերող հարցեր: Նշված հայտարարության մեջ այս անակնկալ հանդիպման մասին այլ տեղեկություններ (նույնիսկ հանդիպման վայրի վերաբերյալ) չի նշվում, ինչի պատճառով էլ որոշեցինք փոքրիկ լրագրողական հետաքննություն անցկացնել եւ պարզել որոշ մանրամասներ:
Նախ, ինչպես փոխանցում են ՀԱԿ-ի մեր աղբյուրները, հանդիպումը կայացել է Գագիկ Ծառուկյանին պատկանող ՙՆոյ՚ կոնյակի գործարանում, որի բակում Լ. Տեր-Պետրոսյանին դիմավորել է անձամբ Գ. Ծառուկյանը: ԲՀԿ ղեկավարին եւս մեկ անգամ հյուրընկալվելու ցանկությունը հայտնել է հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը, քանզի տպավորված է եղել Առինջի այգիներում նախորդ ընդունելության ավարտական մասով: Ինչպես հայտնի է, Գ. Ծառուկյանը սովորություն ունի իր հյուրերին չճանապարհել ՙդատարկ ձեռքով՚, ինչից էլ նախորդ անգամ այդքան տպավորվել էր Լ. Տեր-Պետրոսյանը` իր հետ տանելով մի քանի արկղ թանկարժեք կոնյակ: Ականատեսների վկայությամբ, այս անգամ ԲՀԿ ղեկավարը ՀԱԿ-ի առաջնորդին զարմացրել է ավելի ճոխ նվերներով. թանկարժեք կոնյակը ոչ թե շշերով, այլ ոսկեզօծ տակառիկներով է եղել, դրանից բացի` եղել են բազմաթիվ այլ նվերներ, որոնք կոնյակի գործարանի աշխատակիցները ՙբարձել՚ են Լ. Տեր-Պետրոսյանի մեքենան:
Ասում են, իմանալով Լ. Տեր-Պետրոսյանին ցուցաբերված հյուրընկալության մասին, թանկարժեք նվերների (հատկապես խմիչքի) մեծ սիրահար Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկություն է հայտնել հանդիպել Գագիկ Ծառուկյանի հետ` ակնարկելով, որ դեմ չի լինի, եթե իրենց հանդիպումը նույնպես կայանա կոնյակի գործարանում: Սակայն քիչ հավանական է, որ Հովհաննիսյանին ճանապարհեն նույն ճոխությամբ, ինչ Լ. Տեր-Պետրոսյանին, որովհետեւ չնայած նրան, որ երկուսն էլ ՙքառյակի՚ անդամ կուսակցության ղեկավարներ են, բայց միեւնույն է` նրանց ՙկալիբրները՚ տարբեր են: Գուցեեւ, Ր. Հովհաննիսյանն իզուր չէ հենց այդպիսի ընդունելության ակնկալիքով նախատեսվածից շուտ վերադարձել ԱՄՆ-ից: Նաեւ ասում են, որ կոնյակի գործարանում հաճախակի հյուրերի թվում են նաեւ ՀՅԴ ղեկավար կազմի ներկայացուցիչները:
Այսքանից հետո պարզ է դառնում, թե իրականում ի¯նչ արժեք ունեն ընդդիմադիր կեցվածք ընդունած կուսակցապետերը: Փաստորեն, Գ. Ծառուկյանի առատաձեռնությունն է այն խիստ ՙծանրակշիռ՚ հանգամանքը, որ քաղաքական գործունեության տասնամյակների փորձառություն ունեցող եւ պետական ամենաբարձր պաշտոններ զբաղեցրած անձանց բերում է կոնյակի գործարան:
Ա. ԱՐԱՄՅԱՆ

