ՙՔԱՌՅԱԿԻ՚ ԵՐԿՈՒՆՔԸ ԵՎ... ՀԱՄԵՍՏԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Արխիվ 12-16ՙՔԱՌՅԱԿԻ՚ ԵՐԿՈՒՆՔԸ ԵՎ... ՀԱՄԵՍՏԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Աչքներս լույս, վերջապես ՙքառյակը՚ շաբաթներ շարունակ խորհրդավորություն խաղալուց հետո հրապարակեց իր պահանջների 12 կետերը: Ճիշտն ասած` բավականին հիասթափեցնող էր, որեւէ հանճարեղ բան չէր պարունակում: Ու եթե վերցնենք պահանջների տնտեսական հատվածը, ապա մինչեւ գա աշունը, երբ ՙքառյակը՚ խոստացել է հզորագույն միասնական հանրահավաք, գործադիրը քաղաքական արձակուրդի ընթացքում թերեւս հասցրած լինի դրա զգալի մասը այս կամ այն ձեւով անել, առավել եւս, որ կառավարության ծրագրում դրանք մեծամասամբ առկա են: Այսինքն, կետերի մեծ մասը բավականին անբովանդակ պոպուլիզմ է եւ ուրիշ ոչինչ:
ԱՄԵՆԱԱՐՄԱՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՉԿԱՆ
Նշենք, որ կա երկու ՙփոքրիկ՚ հարց, որոնց շուրջ ՙքառյակը՚ համաձայնության չի եկել: Դա իշխանափոխությունն է եւ սահմանադրական բարեփոխումների նկատմամբ վերաբերմունքը: Հիշեցնենք, որ իր վերջին մաղձոտ հոդվածում ԼՏՊ-ն առանցքային նշանակություն էր տալիս հենց սահմանադրական բարեփոխումների տապալմանը, եւ հատկապես ԲՀԿ-ի` դրանից հեռու մնալուն: Ի դեպ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում արձանագրեց հենց այդ իրողությունը, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ ՙքառյակում՚ համաձայնություն չկա:
Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, ապա ՙքառյակի՚ ներկայացուցիչներն իրարամերժ դիրքորոշումներ ունեն: Այսպես` ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, թե Սերժ Սարգսյանի հեռացումը Հայաստանը չի փրկի: Իսկ որպես պահանջների իրականացման ժամկետ` նշեց սեպտեմբերի 30-ը. ՙՀակառակ դեպքում մենք նորից կհավաքվենք եւ կփորձենք քննարկել մեր հետագա գործողությունները՚:
ՙԻհարկե, մենք մեր նպատակին չենք կարող հասնել, եթե չորոշենք` ինչպիսի համակարգ պետք է գործի Հայաստանում` Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: Պետք է ձեւավորել համակարգ, որը թույլ չի տա կրկնել Սարգսյանի ռեժիմի սխալները՚:
Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ընդհակառակը, պնդեց, որ գլխավոր չարիքը Սերժ Սարգսյանի վարչակարգն է, եւ ՙՀայ ազգային կոնգրեսի անունից ես կարող եմ հայտարարել, որ մենք շարունակում ենք Հայաստանի գլխավոր չարիք համարել Սերժ Սարգսյանի ռեժիմը: Իշխանության պետք է գա ազնիվ ընտրությունների արդյունքում հաղթանակած, ժողովրդի առաջ հաշվետու ուժ՚: Իր հերթին ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը շեշտեց, թե` ե°ւ իշխանությունը, ե°ւ ընդդիմությունը նույն նավակի մեջ են գտնվում:
Կարճ ասած, ՙքառյակից՚ առավելագույնը հնարավոր է սպասել իշխանության պահանջն ապագայում առաջ քաշելու խոստում, բայց այդպիսի պահանջ նրանք առաջ քաշել չեն կարողանում: Դե պարզ է, բոլորը հասկանում են, որ Հայաստանի երթը դեպի Եվրասիական միություն անկասելի է, եւ միաժամանակ բոլոր տեսակի մայդաններն անհնարին են: Մասսայականություն վայելող սոցիալ-տնտեսական կետերի շուրջ էլ ՙքառյակը՚ զանգվածային փողոցային գործընթացներ անցկացնել չի կարող, քանզի ՙԴեմ եմ՚ եւ ՙԴուրս մեր գրպանից՚ քաղաքացիական նախաձեռնությունները կենսաթոշակային բարեփոխման եւ կարմիր գծերի, արագաչափերի ու տուգանքների դեմ իրենց բողոքի ակցիաներն իրականացնելիս ամենեւին էլ պահանջ չեն զգում` պոչից որպես մակաբույծ կպցնել քաղաքական կուսակցություններ, առավել եւս որ այդ 4-ից առնվազն 2-ը քաղաքականապես կատարյալ բանկրոտ են:
Ի դեպ, ՀՀԿ-ն արձանագրել է, որ ՙքառյակը՚ հեռու է արմատական պահանջների ուղեծրից: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը դեռ նախօրոք էր ասել, որ 12 կետերը ուշադիր ուսումնասիրվելու են, իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ արձանագրեց. ՙՄենք ուրախ ենք, որ մեր ընդդիմությունն այդպիսի առողջ առաջարկներ է ներկայացրել: Ամենայն հավանականությամբ, մենք կարող ենք աշխատել փոխադարձ վստահության այսպիսի մթնոլորտում՚: Կարճ ասած, իշխող կուսակցությունը հաճույքով շոյում է ՙքառյակի՚ բավականին փափկամազիկ գլուխը: Ճիշտ է, երբեմն տպավորություն է ստեղծվում, որ այն քառակուսի է, սակայն ՙշոյելու՚ գործընթացին դա ամենեւին չի խանգարում:
ՙՄՈՒՏԻԼՈՎԿԱՅԻ՚ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԵՏԸ
Ինչպես արդեն նշեցինք, 12 կետերից 8-ը գործնականում տեղավորվում են այն գործընթացում, որը, ընդհանուր առմամբ, ընդգրկված է կառավարության ծրագրում: Զուտ քաղաքական են մնացյալ 4 կետերը. ՙ9. Ընդունել տնտեսական մենաշնորհները վերացնելու օրենսդրական փաթեթ՚, ՙ10. Ընտրական օրենսգրքում անցկացնել փոփոխություններ եւ մյուս տարիներին ընտրություններն անցկացնել 100 տոկոս համամասնականով եւ հրապարակել ընտրողների ցուցակները՚, ՙ11. Ապահովել ընդդիմության մասին օրենսդրական փաթեթի ընդունումը՚, ՙ12. Չստորագրել որեւէ համաձայնագիր, որով Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ կլինի անցակետ՚:
9-րդ կետը բացարձակապես դեկլարատիվ բնույթի է, այլապես ինչ-որ մեխանիզմի մասին գոնե ակնարկ կլսեինք, իսկ ինչ վերաբերում է 10-րդ եւ 11-րդ կետերին, ապա դրանց կոնկրետ օրենսդրական տեսքը հնարավոր է պարզել միայն` ելնելով սահմանադրական բարեփոխումների մոդելից: Իսկ ինչպես նշեցինք, եւ ինչպես խոստովանեց Նաիրա Զոհրաբյանը, սահմանադրական բարեփոխումների հարցում ընդհանուր տեսակետ չկա: Դե պարզ է, ՙքառյակում՚ կա ՀՅԴ, ում համար սահմանադրական բարեփոխումը գրեթե գոյության իմաստի պես մի բան է դարձել, եւ կա ՀԱԿ, որը ելնելով Լեւոն Ակոպիչի ՙիմաստնագույն՚ թեզերից, կտրականապես դեմ է սահմանադրական որեւէ փոփոխությանը:
Ուշագրավ է վերջին` 12-րդ կետը, որը կարող է առնչվել Հայաստանի` Եվրասիական միություն ընդգրկվելու հանգամանքին: Արտաքին ուժերի շահերը սպասարկող քարոզչամիջոցների ամբողջ բանակը այժմ զբաղված է շահարկումներով, իբր Եվրասիական միություն մտնելու դեպքում ՀՀ եւ ԼՂՀ միջեւ կգոյանա մաքսային սահման: Դա մաքուր ՙմուտիլովկայի՚ բնույթ ունի, ու դրան այս կամ այն չափով մասնակցում են ՙքառյակի՚ ներկայացուցիչները, ինչպես նաեւ անուղղակի մասնակցություն է բերել Ռոբերտ Քոչարյանն իր խոսնակի միջոցով մտնելով հեռակա բանավեճի մեջ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ:
Սակայն, խոշոր հաշվով, այդ կետն իր ներկայիս ձեւակերպմամբ բավականին անորոշ է, եւ չի տալիս հստակ պատասխան` ՙքառյակը՚ կո±ղմ է, թե` դեմ Եվրասիական միությանը: Ըստ իրավիճակի` այդ կետը հնարավոր է մեկնաբանել ամենատարբեր ձեւերով, ինչը նշանակում է, որ դրա ընդունողների, այսինքն` ՙքառյակի՚ սկզբունքայնության մասին խոսք անգամ լինել չի կարող: Դե, իսկ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ փոփոխությունը, որի դեպքում կարող է այդ կետն աշխատել, բավականին անհավանական է: Ճիշտ է, դրա հավանականությունը զրո չէ, սակայն զրո չէ նաեւ հավանականությունը, որ, օրինակ, վաղը չէ մյուս օրը Երեւանի վրա կընկնի մի հսկայական երկնաքար:
Ինչեւէ, ՙքառյակը՚ մեր քաղաքացիներին նույնիսկ կարգին քաղաքական զվարճանքով չի ապահովել: Այսինքն, զվարճանքը կա, բայց միայն նրանց համար, ովքեր չեն զլանա ուղիղ հեռարձակմամբ հետեւել խորհրդարանի նիստերին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

