ՎԱՐԴՈՒՀԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ «ԽՈՍՈՒՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ»` ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ՎԱՐԴՈՒՀԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ «ԽՈՍՈՒՆ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ»` ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Հունիսի 15-ին լույս կտեսնի ՎԱՐԴՈՒՀԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ «Խոսուն լռություն» գիրք`նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ-երգահան ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆԻՆ: «Իրավունքի» հետ զրույցում գրքի հեղինակ Վ. Գասպարյանն ասաց, որ Դավիթ Ամալյանը վերջերս է տեղեկացել այդ մասին եւ անակնկալի գալով բացասական արձագանքնել. «Ոչ թե նա ինձ չի վստահում, այլ` չի սիրում, որ իրեն գովերգում ու մեծարում են: Նա անընդմեջ կրկնում է. «Ո՞վ եմ ես, որ իմ մասին գիրք գրեք…»: Բայց, անկախ այդ ամենից, նրան բոլորն էլ սիրում են»:
Սա Վարդուհու առաջին գիրքն է, մինչ այդ հեղինակը տպագրել է երկու գրքույկներ, մեկը նվիրված դերասան Վարշամ Գեվորգյանին` «Զրույց դերասանի հետ» եւ «Կապույտ Վարդի լեգենդը», որտեղ մեկտեղված եմ հեղինակի գրեթե բոլոր ստեղծագործությունները:
Հեղինակն այս անգամ ոգեշնչվելով Դավիթ Ամալյանի «Հոգու հնչյուն» երգով, որոշել է այս մեկն էլ նվիրել հենց նրան. «Դ. Ամալյանի «Հոգու հնչյուն» երգը լսելուց հետո սկսեցի հետեւել նրա արվեստին: Գրեթե տասը տարի, որպես լրագրող հաճախ եմ զրույցներ ունեցել, նրան հրավիրել մասնակցելու իմ կազմակերպած հուշ-երեկոյին` Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված: Այդ ընթացքում ինձ համար բացահայտեցի նրա ազատամարտիկի եւ ամենակարեւորը` նրա իսկական մարդ լինելու կերպարը, իսկ մեր ժամանակներում այն ամենքին տրված չէ» :
Վարդուհու խոսքերով Դ. Ամալյանի մասին գիրքն ունի նաեւ կոնկրետ ուղղվածություն ու նպատակ. «Վարշամ Գեւորգյանի մասին գիրքը գրելիս առաջնորդվեցի հետեւյալ կերպ` երիտասարդն էլ ասելիք ունի: Իսկ Դավիթ Ամալյանի դեպքում` որոշեցի ողջերի մեջ հերոսներ փնտրել ու Դավիթի կերպարով ներկայացնել բոլոր հերոսներին, սկսած ազատամարտիկ տղաներից` մինչեւ հայ մշակույթի նվիրյալները: Հայերս մի բնավորություն ունենք` մահվանից հետո մեծարելու մարդուն, երեկոներ նվիրելու, այնինչ, պետք է մեծարենք նրանց, ովքեր ապրում են մեր կողքին եւ շարունակենք ոգեշնչվել նրանց գործերով: Իհարկե, խոնարհվում եմ բոլոր նրանց հիշատակի առջեւ, ովքեր չկան այսօր, բայց, այնուամենայնիվ, չմոռանալով նրանց` մեր կողքին ապրողներին էլ անհրաժեշտ ուշադրություն դարձնենք»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

