Ի՞ՆՉ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, Ի՞ՆՉ ԲԱՆ
Արխիվ 12-16Ի՞ՆՉ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, Ի՞ՆՉ ԲԱՆ
«Հրաշալի» քառյակն իր փոքր ախպոր` ՀԱԿ-ի բերանը փակեց ու ոչ մի իշխանափոխություն էլ այսօր չի պահանջում, այլ 12 կետերի շուրջ համախմբված որոշել է պահպանել իր գոյությունը: Թե ինչու այսօր հրաժարվեցին իշխանափոխություն անելու ծրագրից եւ այդպիսի կետ չներառեցին համաձայնեցված կետերի մեջ, երեկ մամլո ասուլիսի ժամանակ հարցը ծամծմեցին քառյակի վառ ներկայացուցիչները:
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ ակնարկեց, որ այսօր հանրությունը իշխանափոխություն չի էլ ուզում. «Իշխանափոխությունը պետք է իրականացվի ժողովրդով, եւ ժողովուրդը ինքը, եթե ընկալում է, որ դա այս պահին հասունացած է, մեզ էլ չի հարցնի, եւ այդ իշխանափոխությունը տեղի կունենա: Այդպես չէ, որ մենք ենք ուղղորդում ամբողջությամբ մեր հասարակությանը, չպետք է ինքներս էլ գայթակղվենք, եւ մեզ թվա, թե մենք ենք ամբողջությամբ որոշում: Մեր ժողովուրդը լավ էլ գիտակցում է` ինչը երբ անել եւ ինչպես անել: 2018 թվականին, այսպես, թե այնպես, իշխանափոխություն տեղի է ունենալու»:
Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ մխիթարեց ինքն իրեն` հույսը դնելով փոքրիկ հաջողությունների վրա. «Առանց լրջագույն համակարգային փոփոխությունների, անձերի փոփոխությունը ոչինչ չի տա, եւ բացարձակապես պետք չէ թերագնահատել փոքր քայլերի հաջողությունը: Ես ձեզ վստահեցնում եմ, որ կան իրավիճակներ, կան դեպքեր, եւ, երեւի թե, Հայաստանի Հանրապետությունը այն դեպքն է, որտեղ փոքր քայլերի հաջողությունը բերելու է լուրջ բեկումնային հաջողության` ես գոնե դրանում համոզված եմ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

