ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ ՔԱՌՅԱԿՈՒՄ ՈՐԵՎԷ ԱՐՏԱՌՈՑ ԲԱՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Արխիվ 12-16ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ ՔԱՌՅԱԿՈՒՄ ՈՐԵՎԷ ԱՐՏԱՌՈՑ ԲԱՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ
Ոչ իշխանական քառյակը թեպետ խոստացել է այս շաբաթ բարձրաձայնել, թե ինչ 12 կետերի շուրջ են համախմբվել ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», սակայն դեռեւս շարունակում են այդ կետերի բովանդակության մասին լռել: Միայն հայտնի է, որ կետերից մեկը վերաբերում է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, ինչը պատրաստվում են պահանջել իշխանություններից: Քառյակին զուգահեռ, առավել թափանցիկ գործում են ՕԵԿ-ականները: Նշենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը նախաձեռնել է քաղաքական կոնսուլտացիաներ` խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ միջազգային կառույցների հետ` ընտրական բարեփոխումների, մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու վերաբերյալ:
100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու, քառյակ-ՕԵԿ համագործակցության, աշնանը նախատեսված քառյակի հանրահավաքի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ հետ:
-Ոչ իշխանական քառյակը համախմբվել է 12 կետից բաղկացած ծրագրի շուրջ, որի բովանդակության մասին դեռեւս չի բարձրաձայնում, որքանո՞վ է այս նախաձեռնությունն ընդունելի Ձեզ համար:
- Անկեղծ ասած, միասնական քննարկում կամ առաջարկ չի եղել` ուսումնասիրելու այդ 12 կետերը, ինչի շուրջ այսօր քառյակը համախմբվել է: Բայց այն, որ իրենք այդ 12 կետերի շուրջ ունեն համախմբվածություն, ես նորմալ եմ համարում, քանի որ ոչ իշխանական քաղաքական ուժերը որոշակի հարցերի շուրջ ունենում են միասական եւ նաեւ տարբեր մոտեցումներ: Երբ հրապարակային կխոսեն այդ 12 կետերի մասին, այդ ժամանակ էլ կտեղեկանանք, թե ինչի մասին են այդ կետերը: Եվ եթե մեր քաղաքական ուժը սկզբունքորեն գտնի, որ դա ճիշտ է, այդ կետերին մենք էլ կմիանանք, բայց դեռ որեւէ բան չտեսած` կարծիք հայտնել այս պահին, ավելորդ է: Այնպես որ, եթե իրենք այդ 12 կետերը մշակել են, եւ այն հնարավորություն է տալիս իրենց էլ ավելի համախմբվելու, ես այստեղ որեւէ արտառոց բան չեմ տեսնում:
- Այդ 12 կետերից հայտնի է միայն մեկը, որը վերաբերում է 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելուն: Եվ, միեւնույն ժամանակ, «Օրինաց երկիրը» նույն 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ քաղաքական կոնսուլտացիաներ է իրականացնում: Ըստ Ձեզ, այս հարցում քառյակն ու «Օրինաց երկիրը» համագործակցության ընդհանուր եզրեր կգտնե՞ն:
- Կարծում եմ` այո, ոչ իշխանական քառյակը եւ մեր քաղաքական ուժը այս հարցում կարող են համագործակցել, քանի որ մենք արդեն սկսել ենք քաղաքական ուժերի հետ մեր հանդիպումները 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցելու հետ կապված: Մեր խմբակցությունն արդեն գործնական քայլերի է դիմել, որպեսզի փորձենք համագործակցության, քննարկումների արդյունքում ձեւավորել, ինչու ոչ, բոլոր քաղաքական ուժերից կազմված աշխատանքային խումբ, որն ընտրական օրենսգրքի վրա կաշխատի եւ այն կտանի դեպի փոփոխությունների: Կարծում եմ, որ սա անհրաժեշտ է, եւ հիմա նույնիսկ այդքան էլ կարեւոր չէ, թե որ քաղաքական ուժն է սա առաջարկում, կամ որ քաղաքական ուժն է սկսում: Քանի որ, օրինակ, Դաշնակցություն կուսակցությունը նույնպես ուներ այդպիսի առաջարկ, որին մենք աջակցեցինք մեր քվեարկությամբ, բայց Ազգային ժողովում դա չանցավ: Ընդհանրապես, մենք մշտապես կողմնակից ենք եղել համամասնական ընտրակարգին եւ սկզբունքորեն պնդում ենք այդ տեսակետը: Եվ ընտրական օրենսգրքում կան էլի հոդվածներ, որոնք վերանայման եւ փոփոխության կարիք ունեն, այս տեսանկյունից մենք գտնում ենք, որ կհամագործակցենք, կհանդիպենք, վստահ եմ, որ կձեւավորվի աշխատանքային խումբ, որով կփորձենք արդեն մեր առաջարկություններն անել` ընտրական օրենսգրքում փոփոխությունների հետ կապված, ինչը առաջին հիմնաքարն է` ազատ եւ արդար ընտրությունների համար, որը կարեւոր է բոլոր քաղաքական ուժերի համար:
- Այսպիսի փոփոխությամբ առաջին հերթին անկախ պատգամավորներն են դուրս մնում խորհրդարանից: Արդյո՞ք նրանք մեզ խորհրդարանում պետք չեն:
- Ցավոք սրտի, անկախ պատգամավորները խորհրդարանում բացարձակ փոքրամասնություն են կազմում: Ես հիմա որեւէ անձի մասին չեմ խոսում, բայց մեկ-երկու կամ երեք անկախ պատգամավորը խորհրդարանական ընտրություններից հետո որոշակի աշխատանքային գործընթացի ժամանակ որոշակի գաղափարական մոտեցումներ է ունենում` տարբեր քաղաքական ուժերի նկատմամբ, եւ հաճախ նրանք կողմնորոշվում եւ քվեարկում են: Այսինքն` ի վերջո, քվեարկում են կամ այնպես, ինչպես մեծամասնությունը, կամ էլ, դեմ են քվեարկում ինչ-որ մի քաղաքական ուժի կամ կառավարության այս կամ այն օրինագծին: Այնպես որ, կողմնորոշվում են, թե որ քաղաքական ուժի կողքին կկանգնեն: Իսկ ընդհանրապես, մեծամասնական ընտրակարգը բավականին մեծ հարված է հասցնում ազատ ու արդար ընտրություններին: Սա ի սկզբանե բոլորս գիտենք եւ պետք է ձերբազատվենք նախապես մտածելուց, թե այս ընտրական տարածքը այսինչի տարածքն է: Կարծես, նախընտրական շրջանում առաջանում է մի վիճակ, որ ամեն մեկը գիտի, թե ով եւ որտեղ պետք է անցնի ընտրական մեծամասնական կարգով: Ներողություն, բայց այս սկզբունքն ու մոտեցումը արդար չէ: Իսկապես, սոցիալական արդարության տեսանկյունից ընտրությունների վրա մեծ ստվեր է գցում մեծամասնական ընտրակարգը, որը մեր երկրում գործում է:
- Լինելով պատրաստակամ` այս հարցում համագործակցել քառյակի հետ, այս նախաձեռնության հաջողության կամ անհաջողության դեպքում, հնարավո՞ր է, որ աշնանը միանաք նրանց հանրահավաքին:
- Քանի որ չորս ոչ իշխանական ուժերը արդեն մի քանի ամիս իրար հետ համագործակցել են եւ ունեն ձեւավորած ընդհանուր կետեր, որոնց մասին մենք դեռ տեղյակ չենք, ես ինչպե՞ս կարող եմ պատասխանել ձեր հարցին, թե` կմասնակցենք կամ չենք մասնակցի: Իսկ մինչեւ աշուն շատ ժամանակ կա, որ մտածենք, կարծում եմ, իրենք էլ հանրահավաք որոշել են անել աշնանը, որպեսզի ժամանակ ունենան մտածելու:
- Ամեն դեպքում, «Օրինաց երկիրը» չի՞ սահմանափակի ինքն իրեն` քառյակում ընդգրկվելով:
- Քառյակն ընդամենը քաղաքական ուժերի համագործակցությունն է Ազգային ժողովում` տարբեր հարցերի շուրջ: Նույն ոչ իշխանական քառյակն էլ հաճախ տարբեր մոտեցումներ է ցուցաբերում այս կամ այն հարցի շուրջ: Եթե իրենք մի հարցի շուրջ միասնականություն ունեն, նորմալ է, եթե տարբեր մոտեցումներ ունեն, դա էլ է նորմալ, որովհետեւ տարբեր չորս քաղաքական ուժերի մասին է խոսքը, որոնք ունեն իրենց սկզբունքները, ծրագրերը, նպատակները, իրենց տեսլականը, թե ինչպիսին են տեսնում խնդիրների լուծման ճանապարհը: Այնպես որ, այս տեսանկյունից այդպես չէ, որ բոլոր հարցերը միասնական է ստացվում իրենց մոտ: Օրինակ, համամասնական ընտրակարգի հետ կապված բոլոր ոչ իշխանական ուժերս համակարծիք ենք, որ լինի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ, սա արդեն կարեւոր է, բայց հնարավոր չէ յուրաքանչյուր հարցում բոլորս նույնանման մտածենք:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

