ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ ԿՌՎԱԽՆՁՈՐ Է ԴԱՐՁԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Երեկ Հյուսիս-հարավ ճանապարհի համար վարկ վերցնելու կապակցությամբ, ԱԺ-ում քննարկումների ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ճանապարհի վրա ծախսվող գումարները դարձել էին ներիշխանական պայքարի առիթ`
տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եւ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի միջեւ, որի արդյունքում հաղթեց նախարարի թիմը, որը հեռացրեց Մ. Մինասյանի թիմի ներկայացուցչին ծրագրի իրականացման տնօրենի պաշտոնից: Նույն թեմայով ելույթ ունեցավ ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը եւ հայտարարեց, որ դեմ են քվեարկելու ծրագրին, քանի որ Հայաստանի արտաքին պարտքը արդեն մոտենում է հինգ միլիարդ դոլարի: Իսկ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ իմաստ չի տեսնում կառուցել նոր ճանապարհ` Երեւանի եւ Արտաշատի միջեւ, քանի որ հին ճանապարհը թեեւ իդեալական չէր, բայց առաջին կարգի ճանապարհ էր, եւ ճանապարհաշինարարություն պետք էր իրականացնել այլ վայրերում: Պատգամավոր Խոսրով Հարությունյանն էլ, իր ելույթում ավելացրեց, որ այս ծրագրի իրականացման ընթացքում հայտնաբերվել են լուրջ խախտումներ, իսկ տրանսպորտի եւ կապի փոխնախարարը նշեց, որ ճանապարհաշինարարական իսպանական ընկերությունը թույլ է տվել որակի բացթողումներ: Հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որը խոսեց որոշ մարդկանց մոտ կոնսպիրոլոգիական հիվանդագին շեղումներից, որոնք վկայում են ֆոբիաների մասին: Պարոն Ֆարմանյանի հայացքն այդ ընթացքում ուղղված էր Նիկոլ Փաշինյանի նստատեղին, ինչը նշնակում էր, որ նա պատասխանում էր վերոնշյալ դատողություններին: