ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ԱՄԵՆԱԼԱՎ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԿԼԻՆԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ
Արխիվ 12-16ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄԸ
ՀՀ ԱԺ հայ-ռուսական բարեկամության հանձնաժողովի անդամները նախորդ շաբաթ գտնվում էին Մոսկվայում: Հայ-ռուսական պատգամավորական հանձնաժողովի հերթական նիստը տեղի էր ունեցել Նիժնի Նովգորոդ քաղաքում, նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր, ՍԻՄ նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ բարձրացրեց մի շարք հարցեր` կապված Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ավելի քան 20 տարվա շրջափակման մասին: Ինչպես նաեւ, նա նշել է, որ Հայաստանը դեմ է քվեարկել ՌԴ-ի դեմ ՄԱԿ-ի բանաձեւին, քանի որ Հայաստանն աջակցում է ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացմանը` լինի դա Ղրիմում, Արցախում, թե այլուր:
Ազգերի ինքնորոշման իրավունքը համարելով ժողովրդավարական ամենագերադասելի սկզբունքը` Հ. Բաբուխանյանը նշեց, որ աշխարհում գոյություն ունեն կրկնակի ստանդարտներ, երբ, օրինակ, ճանաչվում է Կոսովոյի անկախությունը, սակայն Արեւմուտքի կողմից չի ճանաչվում ԼՂՀ-ի կամ Ղրիմի ինքնորոշման իրավունքի իրականացումը: Պատգամավորն անդրադարձել է նաեւ Ղազախստանի նախագահ Նազարբաեւի ելույթին` նշելով, որ. ՙՄեզ տխրեցրեց Նազարբաեւի ելույթը՚:
Այնուհետեւ Հ. Բաբուխանյանը նշել է, որ աշխարհաքաղաքական ճնշումների ամենալավ պատասխանը կլինի Եվրասիական միության կայացումը եւ այն փորձերը, թե Ղարաբաղի կարգավիճակը ու սահմանները ճշտելու առումով տեղին չեն, քանի որ խոսքը տնտեսական միության մասին է, իսկ Ղարաբաղի կարգավիճակի հարցով զբաղվում է Մինսկի խումբը: Նույն կերպ չի կարելի բարձրացնել այս կոնտեքստում Ղրիմի հարցը:
ՙՄԵՆՔ ԳԻՏԵՆՔ` ԻՆՉՊԵՍ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԱՅԴՊԻՍԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ՚
Հայ-ռուսական խորհրդարանական հանձնաժողվի նիստում պատգամավոր Հ. Բաբուխանյանի վերոնշյալ հարցադրմանը, հայ-ռուսական հանձնաժողովի ռուսաստանյան համանախագահ Նիլոլայ Ռիժկովը պատասխանելով` նշեց, որ անհասկանալի է, թե որ հիմքով է, որ Ադրբեջանը հանդես է գալիս Եվրասիական միության աշխատանքի վերաբերյալ առաջարկություններով, երբ նա չի հանդիսանում ոչ Մաքսային միության անդամ, ոչ էլ հայտ է ներկայացրել` այնտեղ անդամագրվելու համար: Խոսելով Նազարբաեւի ընթերցած նամակից` ռուս սենատորը նշեց. ՙՄենք գիտենք` ինչպես են պատրաստվում նման նամակները՚: Ն. Ռիժկովը կարծիք հայտնեց, որ պետք չէ գերագնահատել նամակի պատմությունը. ՙԵթե Նազարբաեւը հայտնած լիներ իր սեփական կարծիքը այդ հարցի վերաբերյալ, ապա պետք էր շատ ուշադիր վերաբերվել այդ հարցին, քանի որ Ղազախստանը Եվրասիական միության հիմնադիր երկիր է: Սակայն, քանի որ նամակը այնպիսի երկրի նախագահից է, որը չի էլ պատրաստվում անդամագրվել Եվրասիական միությանը, ապա այն գերագնահատել պետք չէ: Այդպիսի նամակով կարող էր դիմել եւ Նիկարագուան՚,- նշեց Ն. Ռիժկովը` դահլիճում հնչած ծափահարությունների ներքո:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

