ԿՏՊԱԳՐՎԻ ՍԱՄՎԵԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ 28 ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ`«ՀՀ ՄԱՐԶԵՐ». ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ»
Արխիվ 12-16ԿՏՊԱԳՐՎԻ ՍԱՄՎԵԼ ՀԱԿՈԲՅԱՆԻ 28 ՏԱՐՎԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ`«ՀՀ ՄԱՐԶԵՐ». ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ»
ՀՀ 10 մարզերի` ներառյալ Երեւանի եւ Հայաստանի 1003 բնակավայրերի (նաև անհետացած), պատմությունը ներկայացնող հանրագիտարանը` «ՀՀ մարզեր. Պատմական հանրագիտարան» հաշված օրեր անց եռալեզու` հայերեն անգլերեն, ռուսերեն կներկայացվի ընթերցողի լայն շրջանակներին: Հանրագիտարանում համառոտ ներկայացված է նաեւ Արցախի պատմությունը, մշակութային կոթողները, կան նաեւ տեղեկություններ Ջավախքի, Նախիջեւանի, արեւմտյան Հայաստանի պատմական, աշխարհագրական, տնտեսական տվյալների վերաբերյալ: Ինչպես նաեւ, տեղեկություններ Հայաստանի հարևան երկրներում եղած հայկական մշակութային ժառանգության նմուշների մասին: Գրքի հեղինակ Սամվել Հակոբյանի խոսքով` մարդկանց այսպիսի հանրագիտարան ներկայացնելը ժամանակի պահանջն է եղել: 30 տարի զբաղվելով հուշարձանագիտությամբ նկատել է, որ նախորդ պատմիչները տեղեկություններ են թողել բնակավայրերի մասին, որոնց 80 տոկոսն այսօր չեն կարող հայտնաբերել` դրանց անուններն են փոխվել կամ անհետացել են: «Որոշեցի իմ որդու` Արտեմ Հակոբյանի հետ ստեղծել մի գիրք, որտեղ ընդգրկված կլինեն Հայաստանի բոլոր բնակավայրերը` ինչպես այժմ գոյություն ունեցող, այնպես էլ` անհետացած կամ լքված: Ցանկացա այնպիսի հանրագիտարան ստեղծել, որ մարդիկ դրանով իրենց առջեւ տեսնեն ամբողջ Հայաստանը: Օրինակ գյուղի մասին ներկայացնելիս նախ տվել ենք դրա մասին համառոտ տվյալներ` աշխարհագրական ինչպիսի դիրքում է գտնվում, քանի մետր բարձրության վրա է, ինչով են այնտեղ զբաղվում, այնուհետեւ այդ գյուղի տարածքում եղած բոլոր հուշարձանները` սկսած ցայտաղբյուրններից, քանի որ դրանք որեւէ բանի համար դրվել են »,-ասում է ՍԱՄՎԵԼ ՀԱԿՈԲՅԱՆԸ: Ըստ նրա վերջին 20-30 տարիները ցույց են տվել, որ բնակլիմայական պայմանների , մարդկային գործոնի պատճառով շատ հուշարձաններ ժամանակի ընթացքում անհետանում են եւ շատ հուշարձաններ հետագայում հնարավոր չէ հայտնաբերել: Հեղինակի բնորոշմամբ յուրաքանչյուր պետության կարեւոր անձնագիրը մշակութային ժառանգությունն է, ոչ լեզուն, ոչ փողը եւ ոչ այլ ինչ չի կարող ապացուցել, որ տվյալ տարածքի վրա ապրել է ժողովուրդ, եթե այդ տարածքի վրա չկա տվյալ ժողովրդին պատկանող քաղաքակրթության հուշարձանները: «Գիր
քը ստեղծելու ճանապարհին շատ չարչարանքներ տեսա ` 25-28 տարիների ընթացքում, ուզում եմ, որ հետագա սերունդները շատ հանգիստ այն բացեն ու տեղեկություններ քաղեն իրենց ուզած գյուղի մասին: Ի դեպ, գրքում ընդգրկել ենք մոտակա 3 տարիների ընթացքում Հայաստանի տարբեր վայրերում կառուցվելիք հուշարձանները: Ջավախքի ու Ախլցխայի հուշարձանների հարցում ինձ օգնել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Իրանի հայակական հուշարձանների ուսումնասիրության համար օգնել է գրող, ռեժիսոր Արտեմ Օհանջանյանը: Իրանում կան 3 հայկական հուշարձան, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում»,-շեշտում է Ս.Հակոբյանը:
Գրքի նախապատրաստական աշխատանքերը իրականացնելու համար հեղինակին աջակցել են ՀՀ սփյուռքի եւ մշակույթի նախարարությունները եւ մի քանի բարերարներ: Գիրքը կտպագրվի 1000 օրինակով եւ հեղինակի խոսքով` հնարավոր է վաճառվի 40 հազար դրամով: Գրքի ընդհանուր քաշը 7 կգ 800 գրամ է` 1050 էջ, սակայն ցանկություն կա այն դարձնել գոնե 5 կգ: Սամվել Հակոբյանը նաեւ տեղեկացրեց, որ 2015 թվականի գարնանը սկսելու է նկարահանումներ արեւմտյան Հայաստանում: Որից հետո, լույս կտեսնի արեւմտյան Հայաստանի նահանգների եւ հուշարձանների վերաբերյալ նոր գիրք: Նույնատիպ հանրագիտարան կլինի նաեւ ամբողջ Արցախի մասին: «Այսինքն` մատենաշարը կազմված կլինի երեք գրքերից` Հայաստան, Արցախ, արեւմտյան Հայաստան»,-եզրափակեց Ս.Հակոբյանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

